Ընթացքի մեջ է «Հայ երաժիշտները՝ հայ համայնքներին» նախագծի 2025թ-ի առաջին համերգաշարը: Նախագիծը կյանքի է կոչվել Primavera Foundation of Armenia մշակութային բարեգործական հիմնադրամի կողմից, որը Հայաստանում գործում է 2022թ.-ից: Հիմնադրամի գործունեությունն ուղղված է հայ մշակույթի ու արտիստների միջազգային ինտեգրմանը, հայ երիտասարդ երաժիշտների բացահայտմանն ու աջակցմանը, կրթական ծրագրերի միջոցով կատարողական արվեստի և երաժշտական մենեջմենթի զարգացմանը:
Անցած երկու տարիների ընթացքում Հայաստան ժամանած միջազգային կարգի նշանավոր երաժիշտներն անցկացրել են դաշնամուրի, ջութակի, կիթառի, կամերային անսամբլի անվճար վարպետության դասեր, համերգներ, դասախոսություններ ու կլոր սեղանի շուրջ քննարկումներ:
Հայաստանում հիմնադրամի գործունեության աշխարհագրությունը ներառում է Տավուշի (Նոյեմբերյան, Իջևան, Կողբ), Սյունիքի (Մեղրի, Գորիս, Կապան, Ագարակ, Դավիթ Բեկ), Կոտայքի (Դիլիջան, Հրազդան, Չարենցավան) մարզերը, ինչպես նաև Աշտարակը, Գյումրին և Երևանը: Երկու տարվա ընթացքում վերը նշված միջոցառումներից օգտվել են ավելի քան 5000 մասնակիցներ:
Մարզերում ծավալած գործունեության արդյունքում հիմնադրամն առանձնացրեց մի քանի կարևոր խնդիր՝ կան մարզեր, որտեղ առկա է մշակութային կյանքի ակտիվությունը բարձրացնելու կարիք, հատկապես սահմանամերձ գոտիներում, մարզերում կա հսկայական ստեղծագործական ներուժ և տաղանդավոր երեխաներ, որոնք «կտրված են» աշխարհից, իսկ մայրաքաղաքում կան երիտասարդ, տաղանդավոր հայ երաժիշտներ, որոնք համերգների և պրակտիկ գործունեության կարիք ունեն: Primavera Foundation of Armenia հիմնադրամն այս խնդրին որոշակի լուծում տալու համար ստեղծեց «Հայ երաժիշտները՝ հայ համայնքներին» նախագիծը, որի շրջանակում մայրաքաղաքի երիտասարդ երաժիշտները համերգային գործունեություն են ծավալում մարզերում, հնարավորության դեպքում, տեղում տալիս են վարպետության դասեր: Թե՛ համերգները, թե՛ վարպետության դասերը անվճար են տեղի բնակիչների համար:
Կարդացեք նաև
Այս տարի ապրիլի 7-ից 14-ը դաշնակահար Ռուբեն Կոզինը և կիթառահար Վահան Սարգսյանը համերգներ են ունեցել Հրազդանում, Աշտարակում, Չարենցավանում, Սյունիքում՝ գյուղ Եղվարդ, Ծավ գյուղ, Կապան: Սյունիքում կայացած համերգների գործընկերն է VIVA հիմնադրամը:
Ռուբեն Կոզինը հայկական արմատներով, տաղանդավոր դաշնակահար է, որը Մոսկվայի Չայկովսկու անվ. կոնսերվատորիայի շրջանավարտ է: Անցած տարի նա մեծ հաջողությամբ համերգներ է ունեցել Սյունիքում՝ Կապան և Դավիթ Բեկ գյուղ, ինչպես նաև Տավուշում՝ Դիլիջան, Իջևան և Նոյեմբերյան։
Ի դեպ, Կոզինը մայիսի 20-ին կմասնակցի համերգի, որը տեղի կունենա աշխարհի լավագույն համերգասրահներից մեկում՝ Մոսկվայի Չայկովսկու անվ. կոնսերվատորիայի մեծ համերգասրահում: Իսկ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ Վահան Սարգսյանը նախկինում ելույթներ է ունեցել Գյումրիում, Իջևանում, Կապանում, Հրազդանում, Չարենցավանում և Աշտարակում:
Մեզ հետ զրույցում Վահան Սարգսյանը նշեց, որ ինքը մեծապես տպավորված է մարզերի ունկնդրի դասական երաժշտություն, դասական կիթառ լսելու մեծ ձգտումով: Նրանք մեծ սիրով ու ցանկությամբ են գալիս համերգների, անկախ իրենց ապրելակերպից, հոգսաշատ առօրյայից, կարգավիճակից՝ հույս ունենալով, որ համերգները կկրկնվեն:
Վահանը հավելեց, որ իր համար շատ կարևոր է նաև այն, որ ունկնդիր երեխաների գոնե 10-ից մեկ-երկուսի մոտ ցանկություն կառաջանա ուսումնասիրելու որևէ դասական գործիք: Նրա կարծիքով, երևանյան ու մարզային, հատկապես հեռավոր սահմանամերձ վայրերի, ունկնդիրների միջև տարբերությունն այն է, որ նրանց համար ամեն ինչ նորություն է և նրանց ձգտումն ավելի մեծ է առնչվելու դասական երաժշտությանը:
Արտիստները նաև տպավորված են մարզերի բնակիչների սրտաբաց ու հյուրընկալ վերաբերմունքով, երաժշտական դպրոցների տաղանդավոր և վառվռուն աչքերով աշակերտներով, ինչպես նաև մարզերի ուսուցիչների նվիրված աշխատանքով և, իհարկե, մեր երկրի գեղատեսիլ բնությամբ:
«Հայ երաժիշտները՝ հայ համայնքներին» նախագիծը հնարավորություն է տալիս մայրաքաղաքի մշակութային անցուդարձն ինչ-որ չափով բերել մարզեր, իսկ երաժիշտներին՝ ճանաչել իրենց երկիրը, էմոցիոնալ ջերմ կապ հաստատել հեռավոր մարզերի և այնտեղի բնակիչների հետ:
Աստղիկ ԴԱԼԼԱՔՅԱՆ
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ