«Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, գործող կառավարիչների քաղաքական կուրսն ու որպես հետևանք` պետության ստացած բազմաթիվ հարվածներն ու վնասները վաղուց հասարակությանը ջրբաժանի առաջ են կանգնեցրել՝ համակերպվել ստեղծված իրողությունների՞ն, թե՞ պայքարել սեփական երկրում կյանքի արժանապատիվ պայմանների և պաշտպանվածության համար»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ մի կողմից իշխանության ծնած կեղծ օրակարգերն ու սին խոստումներն են, մյուս կողմից` Հայաստանի շուրջ ահագնացող ծանր հեռանկարները, որոնք մեր քաղաքացիներին ծանր որոշման առաջ են կանգնեցնում՝ թողնել ու հեռանա՞լ, թե՞ դիմադրել:
«Աստիճանաբար ժողովրդի մոտ լուռ կոնսենսուս է ձևավորվում առ այն, որ այս իշխանության գոյությունն ուղիղ ճանապարհ է բացում երկրի՝ նոր փորձությունների տեղապտույտում հայտնվելու և գոյության կռվի համար:
Իշխանությունը խոստացավ խաղաղություն՝ ստացանք պատերազմ, խոստացավ բարեկեցություն՝ ստացանք արտագաղթ, խոստացավ ինքնիշխան երկիր՝ ստացանք նոր օկուպացված տարածքներ, խոստացավ արժանապատիվ կյանք՝ ստացանք մշտական անարգանք: Չկա այլ բան, քան ներկայիս իշխանությունների կապիտուլյացիոն քաղաքականությունը կտրականապես մերժելը, որը լրջորեն խարխլել է Հայաստանի ինքնիշխանության հիմքերը, էականորեն թուլացրել անվտանգության մակարդակը և ոտնձգությունների ենթարկել մեր ազգային արժեքները: Հայաստանում պետք է ձևավորվի իշխանություն, որի արտաքին և ներքին քաղաքականությունը հիմնված է բացառապես ազգային շահերի վրա»,- ասաց Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ անհնար է հաշտվել այն մտքի հետ, որ մեր երկրի կենսական շահը դարձնում են սակարկման առարկա և մեր անդադար պայքարն առաջին հերթին դա թույլ չտալն է:
Կարդացեք նաև
«Ցավոք ժամանակն անցնում է, վտանգները գնալով ավելի առարկայական են դառնում, իսկ իշխանությունը շարունակում է մնալ պատեհապաշտների և ավանտյուրիստների ձեռքերում: Մենք իրավունք չունենք հուսահատվելու, հոգնելու, ձեռքներս վեր բարձրացնելու, քանի դեռ մեր երկրի ու ժողովրդի համար գոյաբանական վտանգը չենք չեզոքացրել, իսկ մեր երկիրը կառավարող արկածախնդիրները իշխանության ղեկին են: Անշուշտ պայքարի ճանապարհը հեշտ, անխոչընդոտ ու պարզ լուծումներով չի լինում: Պետք է մեծացնել դիմադրության ճակատը, բոլոր ուժերը կենտրոնացնել մեկ գլխավոր նպատակի՝ սեփական ժողովրդին պատերազմով ահաբեկողի և բախտի քմահաճույքին թողնողի հեռացման շուրջ: Տարածաշրջանային այս բարդ իրադրության և սպառնալից արտաքին միջավայրի պայմաններում բարեկեցիկ, զարգացող և ապահով կյանք կազմակերպելու այլ ճանապարհ պարզապես գոյություն չունի»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ