Կառավարությունը պատրաստ է եւս երկու ամսով արցախցիներին 40 հազարական դրամ աջակցություն ցուցաբերել, փոխարենը ուժի մեջ է նախկին նախապայմանը՝ Ազատության հրապարակից արցախցիները վրանը պետք է հանեն։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողներին ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը՝ ամփոփելով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ այսօրվա հանդիպումը։
«Կառավարությունը պատրաստ է եւս երկու ամսով երկարաձգել 40 հազար դրամ աջակցությունը, այսինքն՝ կարելի է ասել, որ հետքայլը եղել է մասնակի՝ 50 հազար դրամ աջակցության ծրագրի մասին խոսք լինել չի կարող, միայն 40 հազար դրամ յուրաքանչյուր անձի համար։ Զուգահեռ պատրաստ են ձեւավորել մասնագիտական խմբեր՝ քննարկելու սոցիալական ծրագրի վերաբերյալ հարցեր, բնակարանային ծրագրի վերաբերյալ բոլոր հարցերն ու դիտարկումները։ Իրենք պատրաստ են, իհարկե, ընդունել են, որ ձախողված է ծրագիրը, փաստերը ներկայացրել ենք թվերի տեսքով։ Պատմամշակութային ժառանգության մասով եւս իրենք պատրաստ են։ Ցավոք սրտի, չեն քննարկել պահանջագրի մյուս 11 կետերը, մենք պնդել ենք, որ այդ պահանջագրի 11 կետերի առնչությամբ ձեռնարկելու ենք բազմաթիվ քայլեր»,- ասաց նա։
«Մենք այսօր պետք է հանրահավաքի մասին հայտարարությամբ հանդես գայինք, բայց բնականաբար մեզ եւս երկու-երեք օր անհրաժեշտ է մեր արցախցի հայրենակիցների հանդիպումներ կազմակերպել՝ հասկանալու համար այս ծրագրի վերաբերյալ իրենց դիրքորոշումը որն է, որից հետո խորհուրդը վերջնական հանդես կգա հայտարարությամբ»,- հավելեց նա։
Հարցին, թե ի՞նչ նախապայմաններ են առաջ քաշվել փոխվարչապետի կողմից, նա պատասխանեց․ «Նախապայմանը եւս ուժի մեջ է կառավարության կողմից, այսինքն՝ նրանք պատրաստ չեն վրան-կառավարություն բանակցություններն ընթացքի մեջ պահել։ Մենք կքննարկենք եւս երկու-երեք օր, որից հետո կհայտարարենք անելիքների մասին»։
Կարդացեք նաև
Հարցին, թե վրանը շարունակելո՞ւ է մնալ Ազատության հրապարակում, Նժդեհ Իսկանդարյանը պատասխանեց․ «Վրանը բնականաբար մնալու է այստեղ, դրա մասին խոսք լինել չի կարող։ Մենք հստակ մեր դիրքորոշումն ասել ենք, որ սա միայն սոցիալական բաղադրիչ չէ, մենք խոսելու ենք հավաքական վերադարձի մասին, խոսելու ենք գերիների մասին, եւ այս մասով մեր պայքարը շարունակվելու է։ Ձեւաչափը միգուցե կարող է փոխվել, բայց պայքարը շարունակվելու է, կառավարության կողմից չբեկանվող որոշումները մեծ վտանգի առաջ են կանգնեցնելու արցախցիներին»,- նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ