«Աբսուրդ է՝ և′ կուլիսների ետևում, և′ հանձնաժողովներում խոսում են, որ սա խայտառակ նախագիծ է, հետո գնում, կողմ են քվեարկում, ինչպես բոլոր այն օրենքներին, որոնք հակապետական են, հակահայկական»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում քննարկվելիք օրենքի նախագծին։
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտից Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամները ՀՀ խորհրդարանի դիմաց բողոքի ցույց էին անում՝ ընդդեմ ՀՀ ԱԺ-ի քննարկելիք օրենքի նախագծի, ըստ որի՝ նախատեսվում է նաև 10000 դրամ տուգանք տրանսպորտի ուղեվարձի գումարը չվճարելու դեպքում։
Գառնիկ Դանիելյանը մտահոգություն հայտնեց․ «Փաստորեն քաղաքացիների այդքան ստորագրություններն ու այդքան մարդկանց կատարած աշխատանքը այսպես ջուրն են գցում։ Փաստորեն ժողովրդավարության բաստիոնում քաղաքացին որևէ իրավունք չունի»։
Կարդացեք նաև
Նշենք, որ ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավորները, նախարարները չէին ցանկանում անդրադառնալ Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամների հարցերին։
Հարցերին պատասխանելուց խուսափեցին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանին Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները հարցրին․ «Էն, որ թուրքերի դեմ խոնարհվում էիք, հիմա հայ մարդո՞ւն եք թալանում»։ Լուսինե Բադալյանը լուռ հեռացավ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ