«Երբ Արցախում ապրում էինք, ունեինք ընդհանուր երկու խնդիր՝ Արցախի ինքնորոշման եւ հետագա կարգավիճակի հետ կապված հարցերը։ Հիմա այս իրավիճակում մեր հարցերը դարձել են 12։ Եթե մենք շարունակենք մեր անտարբերությունը, այս հարցերը կրկնապատկվելու ու դառնալու են 24»,- Ազատության հրապարակում «ՀայաՔվե» նախաձեռնության անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը։
Նա նշեց, որ այս իշխանության քաղաքականության հետեւանքով ունենք աղետ, կործանում, նահանջ, պատմական խայտառակ իրավիճակ։ «Մենք՝ արցախահայերս չենք ուզում այստեղից արտագաղթենք։ Մենք հույս ու հավատ ունենք վերադարձի, եւ ոչ ոք իրավունք չունի մեր իրավունքները ոտնահարելու կամ մեր փոխարեն որոշում կայացնելու, որովհետեւ Արցախում գտնվելու ժամանակ այդ ինքնորոշումն Արցախի ժողովուրդն է ձեռք բերել՝ կռվելով, հաղթահարելով բոլոր ռիսկերը։ Հազարավոր զոհեր ու հերոսներ ունենք, մենք իրավունք չունենք իրենց արածը մեկ օրվա մեջ զրոյացնել։ Եվ սա մեր հասարակ ժողովրդի միտքն է, ոչ թե ղեկավարության, մենք բոլոր իրավունքներն ունենք ներկայացնելու պահանջներ բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնք մեզ մտահոգում են, դրանք թե վերադարձի հետ կապված, թե Արցախի հիմնախնդրի, թե մեր գերիների հարցերն են»,- ասաց նա։
Անաստաս Իսրայելյանը հավելեց, որ իշխանություններն արցախցիներին թիրախավորում են։ «Դուք հլա մի հատ էս հարցերի պատասխանները տվեք, ոչ թե բառերով, այլ հիմնավոր պատասխանեք՝ ինչո՞ւ եք փակում Արցախի հարցը, ինչո՞ւ գերիների հարց չի քննարկվում, ինչո՞ւ եք Մինսկի խումբը լուծարում։ Դուք, լինելով իշխանության ներկայացուցիչներ, պետք է հանրությանը բացատրեք, հիմնավորված ներկայացնեք այս հարցերի պատասխանը»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ