Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանից ակնկալել խաղաղություն, նույնն է, թե համբուրվես կոկորդիլոսի հետ ու ակնկալես հաճույք ստանալ. Շարմազանով

Ապրիլ 15,2025 16:30

«Եթե 2000-ականներին Հայաստանում տեղի չունեցավ գունավոր հեղափոխություն, ապա դա մեծապես կապված է նաեւ ՀՀԿ-ի ու նրա քաղաքական թիմի ու ղեկավարների ազգանվեր ու պետականամետ կեցվածքի հետ, որը հեռու էր պետության դեմ խաղեր տալու կեցվածքից»,- ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ նրա՝ 2008-2018 թթ ՀՀԿ-ի համար քաղաքական պատասխանատվություն ստանձնելու ժամանակահատված էր: ՀՀԿ-ի արտաքին քաղաքականության արդյունքում ՀՀ-ն դարձավ ԵԱՏՄ անդամ: Ըստ Շարմազանովի՝ այդ որոշման արդյունավետությունն այսօր էլ իր վրա զգում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի. «Եթե այսօր ՀՀ տնտեսությունը դեռ շնչում է, ապա դա նախ եւ առաջ 2013-ին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի պետականամետ որոշման արդյունքում էր:

Այդ տարիներին զարգացան հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, 2010-ի օգոստոսին ՀՀ-ՌԴ նախագահների միջեւ ստորագրված արձանագրության համաձայն՝ մինչեւ 2044 թվականը երկարաձգվեց ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեության ժամկետը: Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում Հայաստանը ՀԱՊԿ միակ երկիրն էր, որը Ռուսաստանից ստացավ ռազմավարական զենք՝ Իսկանդեր, որոնք սրանք 44 օրյա պատերազմի ժամանակ վախեցան օգտագործել»:

ՀՀԿ գործադիր մարմնի անդամը նկատեց, որ այդ ժամանակ ՀՀ- ԵՄ հետ հարաբերությունները եւս զարգացան, ստորագրվեց Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որտեղ ամրագրված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացումը:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաեւ 2016-ի ապրիլյան պատերազմին. «Ալիեւի ռեժիմին չհաջողվեց որեւէ բնակավայր գրավել…ինչպես կասեր Գարեգին Նժդեհը՝ միեւնույն ժողովուրդը, միեւնույն բանակը՝ նայած իր ղեկավարներին, կարող է ե՛ւ հրաշագործություններ կատարել, ե՛ւ խայտառակորեն ծնկի գալ թշնամու առջեւ: 2020 եւ 2023 թվականի արցախահայության պատուհաս արհավիրքը հերթական անգամ ցույց տվեց Նժդեհի մարգարեական այս խոսքերի ճշմարտացիությունը»:

Ըստ Շարմազանովի՝ 2016 թվականի ապրիլին շփման գծում հայկական կողմի հաջողություններն ամրագրվեցին նաեւ դիվանագիտական ճակատում, ընդունվեցին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայանպաստ հայտարարությունները. «Իսկ 2016-ի հոկտեմբերի 7-ին Նիկոլի կիրթ ու կառուցողական գործընկերը՝ Ալիեւը նշեց՝ փակ դռների հետևում միջազգային հանրությունը Ադրբեջանից պահանջում է ճանաչել Արցախի անկախությունը… Հանրապետականի քաղաքականությունն ուղղված էր պետական շահի սպասարկմանը: Բայց որոշ արտաքին կենտրոններ եւ նրանց հայաստանյան կապիտուլյանտ կամակատարներ 2018-ի գունավոր հեղափոխությունից հետո սա որակեցին ազգային եւ պատմական կաղապարներ: Արցախի ինքնորոշման սուրբ պայքարը, ցեղասպանության միջազգային ճանաչումը, հայ եկեղեցու բացառիկ դերը փողոցից եկած ապագա կապիտուլյանտների համար պատմական կաղապար էր… Թրքահպատակ ռեժիմը շանտաժի ենթարկելով հայ ժողովրդին` ամեն ինչ անում է, որ ջնջվեն ազգային պետության ու Արցախի հայկականության իդեալները:

Հիմա էլ նոր երգ են հորինել, իբր թե խաղաղության պայմանագիր: Որեւէ խաղաղության պայմանագիր Ադրբեջանը չի կնքելու: Ադրբեջանից այսօր ակնկալել խաղաղություն, նույնն է, թե գնաս համբուրվելու կոկորդիլոսի հետ ու ակնկալես հաճույք ստանալ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930