Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը որոշել է նաեւ բողոքի նամակ հղել Վատիկանի Գրեգորյան համալսարանի տնօրինությանը

Ապրիլ 15,2025 15:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նախորդ շաբաթ գումարված «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի նիստում քննարկվել է Շվեյցարիայի Դաշնային ժողովի վերին պալատի՝ Կանտոնների խորհրդի, «Խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի համար․ հնարավորություն տալ հայերի վերադարձին» որոշումը:

Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչ Սարգիս Շահինյանը մանրամասնել է որոշման գործընթացը։ Նկատի ունենալով, որ այս որոշումը պարտավորեցնում է Շվեյցարիայի կառավարությանը մեկ տարվա ընթացքում գումարել Ադրբեջանի և արցախահայության ներկայացուցիչների միջև միջազգային ֆորում՝ միջազգային անվտանգության երաշխիքների ներքո խթանելու արցախահայության վերադարձի իրավունքը՝ Շահինյանը ներկայացրեց հավանական գործընթացի կարելիությունները։

Այնուհետեւ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է արցախահայերի վերջին օրերի նախաձեռնությունները, Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված հանձնախմբի աշխատանքները։

Հարթակի անդամները որոշել են առաջիկայում իրենց համայնքներում նախաձեռնել միջոցառումներ։

Վերոնշյալ նիստում «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը որոշել է նաեւ բողոքի նամակ հղել Վատիկանի Գրեգորյան համալսարանի տնօրինությանը՝ ապրիլի 10-ին Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանության և ադրբեջանական որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ կազմակերպած «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ միջոցառման նախաձեռման համար, որտեղ ջանք է թափվել ամբողջապես ժխտել հայկական քրիստոնեական ներկայությունն Արցախում։

Որոշվել է յուրաքանչյուր համայնք նույնաբովանդակ բողոք-նամակ հղի Վատիկան՝ պահանջելով արդարության և իրականությանը համապատասխան հայտարարություն։

Տեղեկացնենք՝ Վատիկանի Գրեգորյան համալսարանի տնօրինությանը բողոքի նամակ է հղել նաեւ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։ Վերջինս դատապարտել է համալսարանի կողմից նման հակագիտական միջոցառման հյուրընկալումը, ներկայացրել է Ադրբեջանում պետական քաղաքականության մակարդակի բարձրացված պատմական ու մշակութային զեղծարարությունը: Հայ դատի գրասենյակի նախագահը համալսարանի տնօրինությունից պահանջել է անմիջապես և հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի կառավարության քայլերը՝ ուղղված պատմությունը վերաշարադրելուն, հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ջնջելուն և պատմական խեղաթյուրումը որպես էթնիկ և մշակութային ոչնչացման գործիք օգտագործելուն, ինչպես նաև խզել բոլոր կապերն ու համագործակցությունները ադրբեջանական կառույցների հետ:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930