Լրահոս
Օրվա լրահոսը

Ջալալ Հարությունյանը մոտեցող թշնամու խմբավորման վերաբերյալ միանշանակ չի պնդել, թե մերոնք են. փաստաբան

Ապրիլ 15,2025 13:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին հինգ ու կես տարվա ազատազրկման դատապարտելու դատավճիռը պաշտպանական կողմի համար մնում է անընդունելի եւ բողոքարկման ենթակա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հարությունյանի պաշտպաններից Արսեն Սարդարյանն ասաց, որ երեք պաշտպաններով առանձին-առանձին բողոքներ են ներկայացրել, ամեն բողոքը կոնկրետ խնդրի է վերաբերում:

Հիշեցնենք, որ դատարանն ավելի վաղ գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին մեղավոր էր ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար:

Արսեն Սարդարյան

Փաստաբան Սարդարյանն այսօր մանրամասն ներկայացրեց մեղադրանքի՝ իր պնդմամբ, ոչ հիմնավոր ու չապացուցված լինելու հանգամանքը:

«Ջալալ Հարությունյանը մեղադրվում է այն բանի համար, որ Ջուվառլուի մոտ տեղակայված Դեքսան դիվիզիոնի հրամանատարությունը, երբ փորձել է ճշտել մոտեցող խմբավորման պատկանելիության մասին, Հարությունյանը, չունենալով ստույգ տվյալներ, ասել է, թե այդ խմբավորումը մերոնք են եւ դրանով ստեղծել է անպաշտպան վիճակ: Իսկ ի՞նչ ապացույցներ կան, որ Հարությունյանն այդ մասին ասել է: Այն, որ Դեքսան դիվիզիոնի հրամանատարությունը խորացված հրամանատարական կետից կապավորների կողմից փոխանցված տեղեկությունը ստացել է, պաշտպանական կողմը չի վիճարկել:

Այդ խորացված հրամանատարական սենյակում, երբ որ քննարկում է եղել եւ այդ քննարկմանը եղել են մասնակից այլ սպաներ, այդ տեղեկությունն, եւ ի վերջո, Գենադի Բաղդասարյանը փոխանցել է, կարող էր նաեւ ոչ այնպես փոխանցել Ջալալ Հարությունյանի բառերը: Սա քննության առարկա չի դարձել»:

Լրագրողների հարցին ի պատասխան, թե այդ ինչպե՞ս պետք է փոխանցվեր, որ թշնամին դառնար «մերոնք», փաստաբան Սարդարյանը շարունակեց. «Մինչեւ այդ տեղեկության փոխանցումը՝ Դեքսան դիվիզիոնի հրամանատարությունը մի քանի անգամ դիրք է լքել: Գնում են Ջուվառլուի մոտ տեղակայվում են, մեկ օր հետո, առանց վերադասի համաձայնության, կրկին դիրքը լքում են: Այս ամեն ինչը մինչեւ Ջալալ Հարությունյանի մեղադրանքը պետք է նայենք: Գենադի Բաղդասարյանը արդեն երրորդ անգամ պահանջում է դիվիզիոնի հրամանատարությունից՝ գնացեք առաջնագիծ խնդիր կատարեք, ձեր նահանջած կետը հարմար չէ ձեր խնդիրը կատարելու համար»:

Ըստ փաստաբանի՝ Դեքսանի հրամանատարությունը չի ուզել ենթարկվի Բաղդասարյանի հրամանին, վերջին անգամ, որ գնացել են Ջուվառլու, ուղիղ ընդհարում է եղել Դեքսան դիվիզիոնի հրամանատարի ու գնդի հրետանու պետի միջեւ՝ Նորայր Հայրապետյանի եւ Հայկ Թովմասյանի միջեւ: Ըստ փաստաբանի տվյալների՝ ընդհուպ, որ նրանք հեռախոս են շպրտել իրար վրա՝ «դե դու զանգի» ասելով. «Ոչ մեկը չի ուզեցել գնալ Ջուվառլու: Գենադի Բաղդասարյանի պահանջով գնացել, տեղակայվել են նույն տեղում, բայց հենց սկզբից եղել է փախուստային տրամադրություն, սա ապացուցված փաստ է: Հայկ Թովմասյանի ցուցմունքի համաձայն՝ խմբավորումը, երբ մոտեցավ՝ Նորայր Հայրապետյանը դիտարկում արեց ու ասաց ՝ հաստատ մերոնք են, գնում են Հադրութի վրա խնդիր կատարեն: Այդ ժամանակ տուժող կողմի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը նույնիսկ հարց տվեց՝ բա որ ասում եք Հայրապետյանը դիտարկում արեց ու ասաց՝ մերոնք են, ինչո՞ւ լքելու հրաման տվեցիք: Թովմասյանն ասում է՝ որովհետեւ 3 ժամ հրետակոծության տակ էինք: Այսինքն՝ խմբի հետ կապ չի ունեցել, ասում է՝ երեք ժամ հրետակոծության տակ էին տղերքս, ինչքան կարող էի հրետակոծության տակ պահել: Բայց հարց է առաջանում՝ բա մինչեւ այդ, հրետակոծության տա՞կ չէիք: Այսինքն՝ խմբավորումը տեսել են, նույնիսկ նորմալ դիտարկում չեն արել, փոխհամաձայնություն չեն արել: Ամեն մեկը փորձել է իր խնդիրը կատարել: Հայկ Թովմասյանին պատրվակ էր պետք, որ այդտեղից նահանջեն, փախուստի դիմեն ու առանց սպասելու Նորայր Հայրապետյանի հետ համաձայնեցնելուն, անմիջապես ասել է՝ թողեք դիրքը: Նույնիսկ ասել է՝ հրանոթներն էլ թողեք, դուրս եկեք:

Նորայր Հայրապետյանն էլ ճշտում է անում խորացված հրամանատարական կետից խմբավորման պատկանելիության վերաբերյալ ու Գենադի Բաղդասարյանից ստանում է պատասխան՝ մերոնք են: Այս իրավիճակում, երբ դրան նախորդող իրադրությունից երեւում է, որ Գենադի Բաղդասարյանը խնդիր ուներ պահեր դիվիզիոնը Ջուվառլուում , ինչը իրեն դժվարությամբ էր հաջողվում, չի բացառվում, հավանական է դառնում, որ Ջալալ Հարությունյանը կամ այլ սպաներ ասած լինեին՝ կարող է մերոնք են, հնարավոր է՝ մերոնք են, Գենադի Բաղդասարյանն էլ հիմք ընդունելով՝ ասեր՝ մերոնք են»:

Իսկ ի՞նչ է ասել իրականում Ջալալ Հարությունյանը, ասե՞լ է՝ մերոնք են, ըստ փաստաբանի՝ իր պաշտպանյալն ասել է՝ հնարավոր է մերոնք լինեն, ինքը չէր կարող միանշանակ պնդել, որ մերոնք են:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930