Կամ անկարգապահություն է, կամ՝ դիտավորություն․ սա Նիկոլ Փաշինյանի բնութագիրն է Խնածախում ադրբեջանական ԶՈՒ կրակոցների արդյունքում տեղացիներին հասցված վնասների մասով։
Խորհրդարանում՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, որ փաստագրումներ կան Խնածախում ադրբեջանական ԶՈՒ գործողությունների մասին, ի՞նչ քայլեր պետք է ՀՀ-ն ձեռնարկի, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կրկին առաջարկում է Ադրբեջանին հետաքննություն անել․ «Եթե իրենք չեն հեղինակը՝ ինչո՞ւ են հրաժարվում»։
«Փորձ է արվում ապացուցել, որ Հայաստանն էսկալացնում է, բայց այդ ապացույցները չկան։ Եթե լինեին՝ հետաքննության միջազգային մեխանիզմին շատ արագ կհամաձայնեին»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ բոլոր փորձերը ապացուցելու, թե Հայաստանն էսկալացնում է, ապարդյուն են եւ ապարդյուն են անցնելու՝ «ինչքան էլ ընդդիմության շարքերում կան մարդիկ, ովքեր գիտակցաբար կամ անգիտակցաբար այդ օրակարգը սպասարկում են»։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի ԶՈւ կողմից վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտումները կրում են չթիրախավորված բնույթ, չնայած, Խնածախ գյուղում թիրախավորման երկու կոնկրետ դեպք է արձանագրվել․ «Չթիրախավորված կրակոցները լսվել են Հայաստանի մի քանի բնակավայրերում, նշյալ կրակոցները կամ Ադրբեջանի ԶՈւ-ում անկարգապահության հետևանք են, կամ նշված բնակավայրերի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն։ Հայաստանն Ադրբեջանին կոչ է անում հետաքննել նշված դեպքերն ու ձեռնարկել դրանք դադարեցնելուն ուղղված միջոցառումներ»։
Նա վերահաստատեց՝ Հայաստանի բանակին տվել է հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ