«Ժառանգություն» կուսակցությունը տեւական լռությունից հետո նախօրեին քաղաքական խորհրդի լիագումար նիստ է հրավիրել, մասնակցել է տարբեր մարզերից ժամանած 60 պատվիրակ՝ քննարկելու հայաստանյան, տարածաշրջանային, միջազգային եւ ռազմավարական արդի զարգացումները: Նիստը վարել է Րաֆֆի Հովհաննիսյանը, «քննարկել են Հայաստանի գոյութենական ճգնաժամը եւ որոշել կուսակցության ընթացիկ տարվա հայեցակարգային եւ գործառնական ճանապարհային քարտեզը»: Նշենք, որ կուսակցության մասին համացանցում նշված է, որ «Ժառանգություն» կուսակցությունը չի գործում, սակայն կուսակցությունը չի լուծարվել, այլ պարզապես դադարեցրել է ակտիվ գործունեությունը: Զրուցել ենք «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Անդրանիկ Գրիգորյանի հետ:
– Ի՞նչ ճանապարհային քարտեզի մասին է խոսքը: Կարո՞ղ ենք արձանագրել, որ տեւական պասիվությունից հետո կուսակցությունն ակտիվանում է:
– «Ժառանգությունը» պասիվ չի եղել: Պարոն Հովհաննիսյանը հրավիրեց կուսակցության խորհրդի հերթական նիստը` տարածքային կառույցների հետ, այն կարեւորելով, այնտեղից եկող ազդակները հաշվի առնելով եւ այլն, որպեսզի կուսակցության հետագա գործունեությունը կանխատեսելի լինի: Քաղաքական առումով որեւէ բան չի փոխվել, գործող վարչախմբի հեռացումն այսօրեական լուրջ խնդիր է, որ կախված է երկրի գլխին: Ցավոք, պատերազմն ու դրան հաջորդող իրադարձությունները չբերեցին այն հանգրվանին, որ հայրենիքն ու պատիվը սահմանի այն կողմում թողած քաղաքական միավորը հրաժարական ներկայացնի եւ հեռանա: Մենք գտնում ենք, որ արտահերթ լուծումները Հայաստանում այսօր առավել, քան երբեւէ, անհրաժեշտ են, ամեն ինչ անում ենք՝ արտահերթ լուծումներ կյանքի կոչելու համար:
– Ինչպե՞ս եք պատկերացնում արտահերթ լուծումը, ի՞նչ տարբերակով է հնարավոր Փաշինյանին հեռացնել իշխանությունից: Փողոցային պայքար, իմպիչմենթ….
Կարդացեք նաև
– Չբացառելով որեւիցե տարբերակ՝ մենք գտնում ենք, որ քաղաքական պայքարի հիմնական միջոցը խորհրդարանն է, եւ ուզում ենք հավատալ, որ խորհրդարանում աշխատող քաղաքական ընդդիմության ակտիվացման` իմպիչմենթի նախաձեռնությունը հասարակության կողմից լայն աջակցության կարժանանա: Կարծում եմ` իմպիչմենթով կարող է իրավիճակը հանգուցալուծվել:
– Ավելի կոնկրետ` ի՞նչ քայլեր եք ցանկանում ձեռնարկել: «Ժառանգությունն» ի՞նչ կարող է անել այժմ:
– «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացված չէ այսօր խորհրդարանում, սպասարկում է արտախորհրդարանական տիրույթը: Մենք գտնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի հեռացման բանալին խորհրդարանում է գտնվում: Խորհրդարանն ի վերջո պետք է նախաձեռնությամբ հանդես գա: Նրանք 2021 թվականին ՀՀ քաղաքացիներից ձայներ են ստացել՝ գործող վարչախմբին հեռացնելու համար: Նրանք պետք է արդարացնեն իրենց: 2026 թ. հերթական քաղաքական ցիկլը փակելով, մենք՝ բոլորս, լեգիտիմացնում ենք նախորդ տարիներին տեղի ունեցածը: Եթե գնում ենք հերթական ընտրություններին, լեգիտիմացնում ենք Արցախի հայաթափումը: Այսինքն` հայ ժողովուրդը, հայաստանյան քաղաքական տիրույթը համաձայն է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: