Խորհրդարանն այսօր մերժեց օրակարգ ներառել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի ներկայացրած նախագիծը՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին։ Առաջարկը վերաբերում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի փուլային ներդրմանը: Նախաձեռնությամբ առաջարկվում է վերացնել փուլային եղանակով ներդրվող՝ քաղաքացիների տարեկան եկամուտների համընդհանուր հայտարարագրման օրենքով սահմանված պահանջը եւ դրանից բխող՝ վարչական պատասխանատվությունը:
«Կեղծ են պնդումները, որ այդ համակարգը կապված է սոցիալական վճարների ետ վերադարձի հետ։ Եթե կա նման նպատակ, ինչո՞ւ եք կապում հայտարարագրման հետ, ի վերջո, հայտարարագիր չներկայացնող քաղաքացիները տարիներ շարունակ հիփոթեքային վարկի տոկոսների փոխհատուցում էին ստանում՝ առանց հայտարարագրման։ Սոցիալական աջակցության իբր նպատակադրումները իրական չեն, քողարկված են»,- նախագիծը ներկայացնելիս հայտարարեց Թադեւոս Ավետիսյանը՝ հավելելով, որ նախագծի հիմնական նպատակը «ՀՀ հպարտ քաղաքացիներին տուգանքի մատերիալ» դարձնելն է։
Իշխանական խմբակցությունը ներկայացնող Նարեկ Ղահրամանյանն էլ հակադարձեց՝ ասելով․ «Եթե տուգանքի մատերիալի ցանկություն լիներ՝ միանգամից 500 հազար դրամ կտուգանեինք, ոչ թե նախ զգուշացում, ապա՝ 5 հազար տուգանք կսահմանեինք»։
Կարդացեք նաև
Նրա պնդմամբ՝ օրենքի հիմնական խնդիրը հասարակության շրջանում հարկ մուծելու ինստիտուտը զարգացնելն է։
Ի դեպ, ԱԺ տնտեսական հանձնաժողովն այս նախագծին բացասական եզրակացություն էր տվել: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ ՔՊ-ն դեմ է քվեարկելու։
«Նախագիծը չի բխում հայտարարագրման մշակույթի շահերից, սոցիալական պաշտպանության ապահովման հետ կապ չունի։ Սա քերելու մշակույթը ամրապնդելուն միտված օրենք է»,-վարման կարգով խոսք խնդրելով՝ հայտարարեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա հստակեցրեց․ «Սիրելի հայրենակիցներ, ձեզ խաբում են, այս նախագիծը հավելյալ հարկեր մտցնելու նպատակ է հետապնդում, ոչ թե եկամուտների պատկերը ճշտելու նպատակ։ Ձեր կարծիքով կառավարությունը հետաքրքրությունից դրդվա՞ծ է ուզում 300 հազարից ավել փոխանցումների մասին տեղեկություններ իմանալ։ Ոչ։ Հաջորդը հարկվելու են արտագնա աշխատանքի մեկնողները, գյուղատնտեսական աշխատանք կատարողները»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ