Դե, ինչ, կարծես կարելի է շնորհավորել Եվրոպային: Վերջապես ԵԽԽՎ-ից համարձակվեցին կոշտ հայտարարություն հնչեցնել Ադրբեջանի հասցեին։ Թերևս Եվրոպայի խորհրդի այս կառույցից արդեն հասկանում են, որ այսպես շարունակվել չի կարող, քանի որ Ադրբեջանն անցնում է բոլոր կարմիր գծերը։ Մյուս կողմից՝ արդյո՞ք ուշացած չէ նման հայտարարությունը: Ի վերջո, այսպիսի իրավիճակի համար հենց եվրոպական կառույցներն են մեղավոր, որ փորձել են անընդհատ սիրաշահել Ալիևի ռեժիմին, կամ առնվազն շատ երևույթների վրա աչք են փակել, իսկ եթե ինչ-որ լղոզված հայտարարություններ էլ եղել են, հետևողական չեն եղել, ավելին՝ այդ հայտարարություններին չեն հետևել կոնկրետ պատժամիջոցներ: Արդյունքում հիմա էլ արդեն Ադրբեջանը իրենց «գլխին է նստում»։
Դեռ ավելին՝ տարբեր հետաքննությունները ցույց են տալիս, որ ինչպես եվրոպական տարբեր կառույցներ, ԵԽԽՎ-ն ևս դարձել է Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» կիրառման դաշտ։ Ու դրա հետ կապված կան կոնկրետ քրեական գործեր։
Եվրոպայում բացահայտ անտարբերությունն ու լռությունն Ադրբեջանն անընդհատ օգտագործում էր Հայաստանի ու Արցախի նկատմամբ ագրեսիայի դիմելու համար, իսկ Եվրոպայի խորհրդից ուղղակի հայտարարություններ ու կոչեր էին հնչում՝ ուղղված «կողմերին»։ Չեղավ մի դեպք, երբ կոնկրետ հասցեական գնահատականներ հնչեցվեին Ադրբեջանի հասցեին։
Դե, «խավիարն» իր գործն անում է։ Դրա հետ մեկտեղ էլ Ադրբեջանը եվրոպական մի շարք երկրների համար դարձել է նավթի ու գազի կարևոր մատակարար։
Մյուս կողմից՝ իր սանձարձակ գործելակերպով Ադրբեջանն ուղղակի հեղինակազրկում է Եվրոպայի խորհուրդը ու հարված հասցնում այս կառույցի միջազգային իմիջին։ Այսպիսի գործելաոճի շարունակման դեպքում միջազգային հանրության կամ անդամ պետությունների կողմից այն կարող է դիտվել որպես անիմաստ, չգործող կառույց, որը խրված է կոռուպցիոն սխեմաների մեջ։ Օրինակ՝ եթե Ադրբեջանը մնալու է Եվրոպայի խորհրդի անդամ, սակայն չի կատարելու ՄԻԵԴ որոշումները, որոնք վերաբերելու են ադրբեջանական պետության կողմից իրագործված հանցագործություններին ու մարդու իրավունքների խախտումներին, ապա հարց է ծագում՝ կառույցի մյուս անդամ պետություններն ինչո՞ւ պետք է կատարեն դատարանի որոշումները։ Այս դեպքում ուղղակի պետք է Ադրբեջանին վռնդել Եվրոպայի խորհրդից կամ կոնկրետ ու չափելի պատժամիջոցներ կիրառել, որպեսզի խելքի գա։ Թե չէ միայն մի քանի դատապարտող կոչերով ու հայտարարություններով հնարավոր չէ սթափեցնել Ադրբեջանին։
Կարդացեք նաև
ԵԽԽՎ նախագահի կոշտ հայտարարությունը գուցե ազդակ դառնա, որ այս կառույցը, եվրոպական այլ կառույցներ ևս խոսքից գործի անցնեն։ Միայն հայտարարություններով կամ Բաքվին ուղղված կոչերով անհնար է նրա գործելակերպում տեղաշարժ ապահովել, անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ՝ պատժամիջոցների ու նոր սահմանափակումների տեսքով։ Ադրբեջանը ցույց է տալիս, որ միայն ուժի լեզուն է հասկանում։ Մեկ էլ… կորցնելու վտանգը:
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։