Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն ունի կրավորական դիրքորոշում, անհասկանալի կարգավիճակ ու, արհեստական ինչ-որ խաղաղության օրակարգի ձեւակերպումներ, որը կապ չունի իրական խաղաղության օրակարգի հետ. Արամ Օրբելյան. «Հրապարակ»

Ապրիլ 15,2025 10:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը հայտարարել է, թե Հայաստանն «օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը»: ՀՀ կառավարությունն ի պատասխան որեւէ քայլ չի արել` ո՛չ հերքում, ո՛չ բողոքի նոտա: Իսկ Բաքուն կայծակի արագությամբ է արձագանքում ցանկացած թեթեւ ակնարկի, որը դույզն-ինչ հակասում է իր շահին: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի Instagram-յան էջում տեղադրված Արցախի դրոշի առիթով Բաքվում Գերմանիայի դեսպանը կանչվեց ԱԳՆ, բողոքի նոտա հղեցին եւ ստիպեցին, որ նա ներողություն խնդրի:
Միջազգային իրավունքի մասնագետ, «Կոնցեռն Դիալոգ» ընկերության կառավարիչ Արամ Օրբելյանը «Հրապարակին» ասում է՝ խնդիրն այն չէ, որ արվել է նման հայտարարություն, այլ՝ այն, թե ինչ գործողություններ չեն հաջորդել դրան:

«Դրան հաջորդե՞լ է, օրինակ, ՀՀ-ում Սլովակիայի դեսպանին կանչելն ու նոտա տալը, պաշտոնական առարկություն հայտնելը կամ նմանատիպ այլ գործընթաց, ինչը մենք տեսնում ենք նույն Ադրբեջանի եւ բազմաթիվ այլ երկրների դեպքում: Կան բավարար հիմնավորումներ՝ հերքելու, որ ՀՀ-ն օկուպանտ չէ: Ես բազմիցս եմ ասել, որ, ըստ էության, բավականին հիմքեր կան ենթադրելու, որ ՀՀ գործող իշխանությունները դավաճան են եւ գործակալներ, բայց սրա վրա չկառուցենք զրույցը: Պետք է արձանագրենք, որ ՀՀ-ն ունի կրավորական դիրքորոշում, անհասկանալի կարգավիճակ ու, բառի բուն իմաստով՝ արհեստական ինչ-որ խաղաղության օրակարգի ձեւակերպումներ, որը կապ չունի իրական խաղաղության օրակարգի հետ»,- ասում է Օրբելյանը՝ չբացառելով, որ Հայաստանն «օկուպանտ» հռչակելու, ապա եւ Ադրբեջանի կողմից ֆինանսական պահանջներ ներկայացնելու քաղաքականությունը կարող է հաջողել:

Օրբելյանը շեշտում է․ սլովակ պաշտոնյայի ասածի նման՝ բազմաթիվ հայտարարություններ ու որոշումներ կան հիմնականում Թյուրքական պետությունների կազմակերպության երկրների կողմից, բայց կարեւորը ոչ թե այդ պնդումներն են, այլ ՀՀ-ի պատասխանի բացակայությունը, ինչը նշանակում է, որ Հայաստանը որեւէ խնդիր չի տեսնում դրանց մասով: «Փաստացի, ՀՀ իշխանությունները չեն տալիս պատշաճ արձագանք:

Օրինակ, նայեք, թե Շուշիի գորգերի թանգարանը որտեղ է, ինչ վիճակում: Չիմացանք, թե ՀՀ իշխանությունները պաշտոնապես որեւէ բան արեցի՞ն վերջերս Վատիկանում հակահայ սեմինարի հետ կապված»,- ընդգծում է Օրբելյանը: Իսկ ՀՀ իշխանությունների լուռ համաձայնությունն ակնհայտորեն չի բխում ՀՀ Սահմանադրությունից:

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930