Նիկոլ Փաշինյանի, ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի եւ նրա եղբոր` Նաիրի Սարգսյանի հետ 2017 թվականին վիճաբանած Արթուր Այվազյանը՝ «Մանախը», արդարացվել է դատարանում։ Ստացվում է, որ Փաշինյանն ու նրա թիմակիցները քաղաքացի Արթուր Այվազյանի՝ «Մանախի» գլխին սարքել էին, բողոքել նրա դեմ, թե բռնություն է գործադրել իրենց նկատմամբ:
Իսկ հիմա՝ ամենասկզբից. Արթուր Այվազյանին՝ բոլորին հայտնի «Մանախին», մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թվականի մարտի 31-ին` ժամը 22:40-ի սահմաններում, Անդրանիկի փող. 53 շենքի բակում անթաքույց արհամարհանք դրսեւորելով հասարակության նկատմամբ, «Ելք» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի հանդեպ բռնություն գործադրելով՝ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը: Միջադեպը եղել է «Ելք» դաշինքի քարոզարշավի ընթացքում, որից հետո Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում տեղեկացրել է այն մասին, որ դաշինքի շտաբի անդամների նկատմամբ զինված հարձակում է եղել:
Այս գործով վկայի կարգավիճակով դատարան էր հրավիրվել արդեն վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը։ Արդյունքում 2020 թվականին, դատարանի որոշումով, Արթուր Այվազյանը մեղավոր էր ճանաչվել:
ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նշանակվել է պատիժ ազատազրկման ձեւով, 2 (երկու) տարի ժամկետով:
Կարդացեք նաև
Այս որոշումը բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ դատարանում, ու արդյունքում, 2022 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ վերաքննիչ դատարանը ամբաստանյալ Արթուր Այվազյանին, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, առաջադրված մեղադրանքում ճանաչել է անպարտ եւ արդարացրել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
«Ամբաստանյալ Արթուր Աշոտի Այվազյանին, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, ազատել քրեական պատասխանատվությունից` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։