Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին 30-32 տարվա ընթացքում երևի առաջին անգամ է, որ Հայոց ցեղասպանության տարելիցին մոտենում ենք նման իրավիճակում, հայկական համարվող իշխանության կողմից նման անտարբերության պայմաններում. «Փաստ»

Ապրիլ 15,2025 09:30

Ընդամենը մեկ շաբաթ անց լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը: Ի՞նչ պատրաստություններով է Նիկոլ Փաշինյանի գլխավորած քպական իշխանությունը մոտենում Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին:

Նախքան մեր ընկալումներին ու տպավորություններին անցնելը, նկատենք, որ մոտ 1 ամիս առաջ մեր գործընկերները փաշինյանական իշխանությանը նման հարցեր են հասցեագրել: Կառավարությունից ուղղորդել են դեպի ԱԳՆ, իսկ ԱԳՆ-ում էլ ավելի «սրամիտ» ու ձեռառնողական բան չեն մոգոնել, քան… թուրքական լրագրողներին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցին հղում անելը:

Ի դեպ, շատ պարզ հարց էր տրվել. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ի՞նչ միջոցառումներ են նախատեսված պետականորեն, ի՞նչ բարձրաստիճան հյուրեր են հրավիրված: Եվ երբ նման պարզ հարցին տրվում է նման բազմահղում «պատասխան», տրամաբանական է եզրակացնել, որ Փաշինյանի գլխավորած քպական իշխանությունը չի պատրաստվում պետական առանձնահատուկ շեշտադրում հաղորդել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին:

…Ավելին, թուրքական լրագրողներին Փաշինյանի տված հարցազրույցի այն հատվածը, որին հղում էին արել նրա ենթակաները, հիշեցնենք, ՔՊ առաջնորդի այն հայտարարությունն է, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս (այսօր) ՀՀ արտաքին-քաղաքական առաջնահերթությունների շարքում չէ:

Էհ, ուրանալն էլ ինչպե՞ս է լինում: Թեպետ, մենք Փաշինյանի այդ դիրքորոշումն ավելի վաղ բնորոշել էինք որպես ուրացման ցրցամ, այն է՝ նախապատրաստություն: Բայց քաղաքական բովանդակության առումով դա հենց Հայոց ցեղասպանության ուրացում է:

Ի դեպ, այն ամենը, ինչ Հայոց ցեղասպանության թեմայով վերջին շրջանում հայտարարում են Փաշինյանն ու նրա սատելիտները (մեղավորը Ռուսաստանն էր, մեղավորը հայերն էին, զոհերի անունները նշեք և այլն), թուրքական ժխտողականության տարրեր են: Այնպես որ, հարցը զուտ հույզերը չեն, որոնք այս պարագայում միանգամայն բնական են:

Տեսեք. փաշինյանական ագրեսիվ քարոզչության ալիքների տակ ընկածներին (եթե դեռ կան այդպիսի հայրենակիցներ) կամ զուտ մակերեսային ընկալում ունեցողներին կարող է թվալ, թե ինչ մի էական է այն, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման խնդիրը ՀՀ ներկայիս իշխանության համար արտաքին քաղաքական առաջնահերթություն չէ այլևս: Մինչդեռ, նման մոտեցումը, այսինքն՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը հետամուտ չլինելը, նախ՝ եղել է Թուրքիայի մշտական պահանջ-նախապայմաններից մեկը: Ու, փաստորեն, Փաշինյանը կատարում է (կատարել է) թշնամական պետության այդ պահանջը:

Երկրորդ, որ շատ ավելի էական է (ի վերջո, փաշինյանները կգան ու կգնան, իսկ պետությունը, ազգը հարատևելու են). Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը եղել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հաղթաթղթերից մեկը: Ավելին, այդ խնդրին հետամուտ լինելով՝ Հայաստանը ոչ միայն պատմա-բարոյական, այլև որոշակիորեն արտաքին անվտանգության ապահովման հարցեր էր լուծում: Վերջին հաշվով, եթե քո հարևան պետությունը դիմում է բացահայտ թշնամական քայլի (տնտեսական շրջափակում), ի լրումն, ոչ մի պարագայում չի ճանաչում իր նախորդի կատարած ոճրագործությունը, այլև շարունակում է այն՝ այլ մեթոդներով, նշանակում է՝ գոյաբանական սպառնալիքը պահպանվում է, և այն որոշակիորեն կարելի էր չեզոքացնել նաև միջազգային ճանաչման ու դատապարտման հասնելով:

Իսկ զիջողականությունը, թշնամու պահանջների առաջ խոնարհվելը, ինչպես մենք տեսանք, բերում է բացառապես նոր կորուստների, գործնականում՝ Հայոց ցեղասպանության շարունակության: Հազարամյակներով բնիկ հայկական, բայց հայաթափված Արցախը՝ վկա:

Մի խոսքով, վերջին ավելի քան 60 տարվա, առավել ևս՝ վերջին 30-32 տարվա ընթացքում երևի առաջին անգամ է, որ Հայոց ցեղասպանության տարելիցին մոտենում ենք նման իրավիճակում, հայկական համարվող իշխանության կողմից նման անտարբերության, ավելին՝ կարելի է ասել՝ փաստացի ժխտողականության պայմաններում:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930