Իմ վաղ մանկության ամենավառ տպավորություններից մեկը:
1963 թ. գարնանը հարյուրավոր, գուցե հազարավոր մարդիկ հավաքվում էին Երեւանի Թատերական հրապարակում: Նրանց գալու շարժառիթը ո՛չ փողն էր, ո՛չ պաշտոնը, ո՛չ ճանաչված լինելու, ո՛չ էլ զվարճանալու ձգտումը: Նրանք գալիս էին երկրպագելու Տիգրան Պետրոսյանին, որն այն ժամանակ Մոսկվայում աշխարհի շախմատի թագի համար մրցում էր Միխայիլ Բոտվիննիկի հետ: (Եվ նա, ի դեպ, հաղթեց): Մարդիկ գալիս էին, որովհետեւ հավատում էին: Որովհետեւ հայ էին:
25 տարի հետո նույն հրապարակում հավաքվում էին տասնյակ, գուցե հարյուր հազարավոր մարդիկ: Բացառված չէ, որ նրանց մեջ կային մարդիկ, որոնք ապագայի վերաբերյալ ինչ-որ անձնական հաշվարկներ ունեին (եթե ենթադրենք, որ դա հնարավոր էր): Բայց դարձյալ որպես ականատես փաստեմ, որ հարյուր հազարներին այդ հաշվարկները չէին հետաքրքրում:
Արդյոք այդ բոլոր մարդիկ «իդեալիստնե՞ր» էին:
Կարդացեք նաև
«Աշխարհն այն տեղը չէ, որտեղ տիրում է բարոյականությունը: Դա մի հարթակ է, որտեղ բախվում են շահերը»: Այդպիսի ձեւակերպում է տալիս ժամանակակից աշխարհի ճարտարապետներից մեկը՝ Հենրի Քիսինջերը: Նա, անշուշտ, իրավացի է: Բայց այդ ձեւակերպմանը կարելի է ավելացնել այն, որ շահերը բյուրեղանում են նաեւ «իդեալիստների»՝ հավատ, տեսլական, հեռանկար, երազանք ունեցողների ջանքերով:
Մենք դեռեւս մինչեւ վերջ չենք հասկացել, թե ինչ էր անում եւ ինչ է այժմ անում Ռուբեն Վարդանյանը: Նույնիսկ հիմա Հայաստանի իշխանության քարոզչամեքենան փորձում է նրան վերագրել ինչ-որ հեռու գնացող անձնական հաշվարկներ: Անգամ միանգամայն անաչառ մարդկանցից շատերն անկեղծորեն ասում են՝ «նրա վարքը ռացիոնալ չէր»: Այսրոպեական հաշվարկների տեսանկյունից, իհարկե, ռացիոնալ չէր: Իսկ երկարատեւ հեռանկարի՞: Բոլորիս մեջ ազգային պատասխանատվություն արթնացնելո՞ւ: Իմ կարծիքով, նման «իդեալիզմը» բարձր ինքնարժեք ունի:
«Մարդիկ աշխարհում մաշկի գույնով, սեռով, ազգային և կրոնական պատկանելությամբ չեն առանձնանում: Նույնիսկ լավերի ու վատերի չեն բաժանվում. մեզանից յուրաքանչյուրի մեջ կա ե՛ւ լավը, ե՛ւ վատը։ Մարդիկ տարբերվում են հավատով. նրանք, ովքեր հավատում են Աստծո գոյությանը եւ նրանք, ովքեր չեն հավատում», – գրում է Վարդանյանը Բաքվի բանտից:
Ավագ շաբաթը նման բաների մասին մտորելու լավագույն շրջանն է։
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հասանք տեղ մը, ուր այլեւս որոշ տեսակի հայ մը կարող է մտածել այսպէս՝ դեհ, գոնէ Ռուբեն Վարդանյանը չսպանեցին: Հայերը…
Գոհացան միայն զինք յանձնելով, լքելով թուրքերին:
Ուրեմն հայերու մէջ ինչ-որ բարոյական առաջընթաց կայ…
Ռուբեն Վարդանյանի վարքը ոչ միայն ռացիոնալ է, այլև հանդիսանում է մեր այս խառնիխուռն իրավիճակից դուրս գալու ուղենիշը։ Գտնվելով բաքվի բանտային ծանրագույն պայմաններում, նա կարողանում է իրեն երջանիկ զգալ և դրանով գոտեպնդում է չբանտարկվածներիս, ակնարկելով մեր անձնական և ազգային պոտենցիալ մեծ հնարավորությունները գործի դնելու դնելու անհրաժեշտության մասին։