ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում նշեց, որ Մեղրիում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի ջրային ռեսուրսների մասին պատահական չէին եւ շատ-շատերը դրանց բուն իմաստը եւ վտանգները չեն հասկացել:
«Նիկոլ Փաշինյանի խոսքերի խորքում կարեւոր հարց է: Դա Ալիեւի կողմից հերթական պահանջն է Հայաստանի Հանրապետությունից: Պահանջի էությունը հետեւյալն է: Հայաստանի Հանրապետությունից հոսող բոլոր ջրերային ռեսուրսները՝ գետերը, առվակները, ջրահավաք ավազանների ջրերը հոսում են Ադրբեջան: Եվ Ադրբեջանը պարտադրում է ՀՀ իշխանությանը, որպեսզի այդ ջրերը անխոչընդոտ, հնարավորինս մաքուր, չաղտոտված հոսեն Ադրբեջան, որ Հայաստանի Հանրապետությունը չօգտվի այդ ռեսուրսներից, որպեսզի ինքն օգտվի:
Այդ պահանջը Ալիեւը ներկայացրել է եւ դրա մասին խոսել է ինքը: Այն մարդիկ, որոնք կուզեն պաշտպանել Փաշինյանին, ցանկանում եմ, որ ուշադիր հետեւեն Ալիեւի խոսքերին: Իսկ Ալիեւն ասում է, որ իրենք գնում են բանակցությունների՝ Հայաստանի Հանրապետության հետ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար:
Պատահական չի եղել նաեւ այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում հերթական հեծանվարշավի ժամանակ «հայտնաբերում է», որ ավտոլվացման կետերից ինչ-որ վտանգավոր նյութեր թափվում են Աղստեւ գետը: Դրա հետ կապված ինքը լայվ է արել, հետո եկել, ասել է՝ փակեք այդ ավտոլվացման կետերը, որպեսզի այդ ջրերը անխոչընդոտ, անվնաս հասնեն Հեյդարի որդի Իլհամին:
Կարդացեք նաև
Այդ ավտոլվացման կետերը փակելուց հետո իր հաջորդ այցելության ժամանակ արդեն Մեղրիում նա նորից խոսում է ջրային ռեսուրսների մասին՝ մոռանալով, որ որեւէ քայլ չի ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսները արդյունավետ կառավարելու հետ կապված:
Մի քանի թիվ ներկայացնեմ: Մեկ տարի առաջ ես հարցում եմ ուղարկել կառավարություն՝ փորձելով պարզաբանումներ ստանալ, թե, օրինակ, մարզի 25 հազար 485 հեկտար տարածքից քանի՞ տոկոսն է ոռոգելի: Եվ ըստ պաշտոնական տվյալների, ժամանակին ոռոգվող այդ տարածքներից հիմա ոռոգելի է ընդամենը 3 հազար 759 հա: Պատկերացնո՞ւմ եք՝ 10 %-ն էլ չկա»,-ասաց Գառնիկ Դանիելյանը:
Ծնունդով տավուշցի պատգամավորը քաջածանոթ լինելով Տավուշի տարածաշրջանում ջրի խնդիրներին՝ նշեց, որ հարեւան Ղազախում ադրբեջանցիները մշտապես դժգոհում են ջրի սակավությունից: «Ալիեւը հերթական պահանջն է դրել մեր ոչ բարով իշխանությունների առջեւ, որ մեզ համար ոռոգման այդ ջրերից չօգտվենք, ջուրը մաքուր, անվնաս հասցնենք իրենց, որ իրենց այգիները ոռոգելի դարձնեն: Եվ Նիկոլ Փաշինյանը շտապել է դա ապահովել: Ես մի քանի առաջարկներ եմ ներկայացրել կառավարություն: Ոչ այդ ջրերն են օգտագործվում, ոչ նոր ջրագծեր են կառուցվում Տավուշի մարզում այդ հողատարածքները ոռոգելի դարձնելու համար: Եվ հիմա ինքը գնում խոսում է ջրերից: Այ տղա, դու էդ ջուրը Ալիեւին ես խոստացել տալ, ինչպես տարածքները»,-ասաց Գառնիկ Դանիելյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ