Լրահոս
Օրվա լրահոսը

Իրան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքներ

Ապրիլ 14,2025 22:40

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) և Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) ղեկավարությունը համաձայնվել է, որ Օմանում սկսված Իրան-ԱՄՆ բանակցություններն Իտալիայում շարունակվեն։ Ամերիկյան աղբյուրները հաղորդում են, որ նոր վայրն առաջարկել է Վաշինգտոնը, որը և Թեհրանն ընդունել է։

ԻԻՀ-ի Արտգործնախարարության խոսնակն այսօր հայտարարեց, որ Օմանի պատվիրակն էլ որպես միջնորդ Հռոմում ներկա կլինի։ Փորձագետների կարծիքով ԱՄՆ-ն Եվրոպային և հատկապես Եվրոեռյակին (Ֆրանսիա, Գերմանիա, Միացյալ Թագավորություն) կարևորություն տալու համար է Իտալիան ընտրել։ Իտալիան Եվրոպական ընտանիքին է պատկանում, ԱՄՆ-ի հետ սերտ կապեր ունի և Իրանի հետ էլ հարաբերությունները լարված չեն։ Եվրոեռյակը ԻԻՀ-ի միջուկային հնարավորությունների սահմանափակման համապարփակ ծրագրի-Վիեննա 2015 թ. (Joint Comprehensive Plan of Action) ստորագրող կողմ է ու քանի որ ԱՄՆ-ն իր ստորագրությունը ետ է վերցրել այդ ծրագրից, ուրեմն Եվրոեռյակը Ռուսաստանից ու Չինաստանից բացի, ինքն իրավունք ունի ԻԻՀ-ի հավանական խախտումների գործը Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության Խորհուրդ (ԱԽ) փոխադրել։ Հենց այսօր Ֆրանսիայի ԱԳ նախարարը Եվրոմիության արտգործնախարարների Լյուքսեմբուրգի նիստում հայտարարեց, որ «ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունները պետք է համապատասխանեն եվրոպական շահերին»։

Հռոմի հանդիպումը կայանալու է շաբաթ` ապրիլի 19֊ին, իսկ մինչ այդ հետևյալ անցուդարձերի վկան ենք լինելու. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) տնօրեն Գրոսին չորեքշաբթի օրը Իրան է մեկնելու, կարևոր է նրա զեկուցագիրը, կարծիք կա, որ ԻԻՀ-ն թույլատրելի սահմանից ավելի հարստացած ուրան է կուտակել (275 կգ 60% խտայնությամբ)։ Գրոսիի բացասական զեկուցագիրը կարող է «Ձգանի մեխանիզմ» ի գործարկման և միջազգային պատժամիջոցների հիմք հանդիսանալ, որից Իրանը խուսափում է։ ԻԻՀ արտաքին գործերի նախարար Արաղչին հինգշաբթի օրը Ռուսաստան է մեկնելու. Իրան֊Արևմուտք լարված հարաբերությունների ֆոնին, Ռուսաստանն ու Չինաստանը Թեհրանի լավագույն պաշտպաններն են և բնական է, որ նրանք կհամադրեն իրենց քայլերը։ Չմոռանանք, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը էլ նախորդ ամիս Թեհրան էր մեկնել և իրանցիներին հորդորել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցության ժամանակ մնալ Վիեննա֊2015ի շրջանակում` այսինքն միայն միջուկային ծրագիր և ոչ ավել։

Հիշենք, որ ԱՄՆ-ն դրանով չի բավարարվում։ Չմոռանանք, որ նախագահ Թրամփի պատվիրակ Վիթքոֆն էլ Մոսկվայից Օման հասավ։ Վիթքոֆը համակարգում է Ուկրաինայի, Գազայի և Իրանի թղթածրարը. երեքն էլ մի ինչ որ ձևով միմյանց շաղկապված են։ ԱՄՆ փոխնախագահ Վանսը ուրբաթ օրը Իտալիա է մեկնում. սա հետաքրքիր լուր է, արդյո՞ք նա մի այլ սենյակից օգնելու է Վիթքոֆին. կիմանանք շաբաթ օրը։

Իրան֊ԱՄՆ շփումների վերսկսման լուրը դրական է անդրադարձել ԻԻՀ-ի տնտեսության վրա և մասամբ կայունացել է Իրանի սրընթաց գահավիժած արժույթը։ ԻԻՀ-ի առաջնորդ պրն Խամենեին իր պաշտոնական կայքէջում ժողովրդից ուզել է, որ այս բանակցություններից շատ չոգևորվեն, իսկ ԱՄՆ նախագահ պրն Թրամփը հուսով է, որ գոնե Իրանի հարցով կարողանա մասնակի հաջողության հասնել։ ԱՄՆ-ն շտապում է, իսկ ԻԻՀ-ն ինչպես միշտ փորձում է ժամանակ շահել։ Փորձագետների կարծիքով որպես համաձայնության առաջին փուլ, ԱՄՆ-ն մասամբ կմեղմացնի պատժամիջոցները, Իրանին թույլ կտա Չինաստանին նավթ վաճառել, իսկ Իրանը ուրանի հարստացման գործընթացը կանգ տալով, միջուկային իր գործունեությունն ավելի թափանցիկ կդարձնի։

 

Տիգրան Դավուդյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930