Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Անթալիայում Արարատ Միրզոյանը երկկողմ առանձին հանդիպում է ունեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների հետ, բայց չի հանդիպել Սերգեյ Լավրովի հետ»

Ապրիլ 14,2025 22:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում ավանդաբար ամփոփելով նախորդ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները՝ անդրադարձավ Անթալիայում կայացած Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից Անթալիայում կազմակերպված հերթական դիվանագիտական ֆորումին:

«Արդեն երրորդ անգամ անընդմեջ այդ ֆորումին մասնակցում են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եւ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Մասնակցել է նաեւ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, որը պատվիրակների ցանկում հիշատակված չէր: Հավանաբար, նա գնացել է որպես օգնական: Նա ամբողջ կյանքում եղել է Արարատ Միրզոյանի օգնականը:

Այդ ֆորումը կազմակերպում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, այլ ոչ թե միջազգային կամ անկախ ինչ-որ կազմակերպություն: Կազմակերպում են իրենց բարեկամ, դաշնակից պետությունների հետ՝ իրենց արտաքին հարաբերությունների կարգավորման հարցերը քննարկելու:

Այս մասնակցության ընթացքում արտգործնախարար Արարատ Միրզոյանը երկկողմ առանձին հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ուզում եմ հիշեցնել, որ իրենց նախորդ հանդիպումը եղել է 2024 թվականի հոկտեմբերի 28-ին՝ Ստամբուլում: Այսինքն, ստացվում է, որ Արարատ Միրզոյանը Ջեյհուն Բայրամովի հետ միայն Թուրքիայում է հանդիպում»,-ասաց Էդգար Ղազարյանը եւ արձանագրեց. «Արարատ Միրզոյանը Անթալիայում առանձին հանդիպում է ունեցել նաեւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, որը մինչ այդ Թուրքիայի հատուկ ծառայության ղեկավարն է եղել, երբ Արարատ Միրզոյանը եւ նրա ամուսնության քավոր, այժմ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը աշխատել են Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում, որտեղից ըստ ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի հայտարարության, այդ ժամանակ կարեւոր փաստաթղթեր են անհետացել:

Սակայն հետաքրքիր է, որ Արարատ Միրզոյանը Անթալիայում չի հանդիպել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այսինքն, բավական չէ, որ սրանք իրենց հանդիպումների, բանակցությունների ֆորմատը տեղափոխել են Թուրքիա, հետն էլ միաժամանակ դեմարշ են անում Ռուսաստանին որքան հնարավոր է: Անցած անգամ Ստամբուլում 3+3 ձեւաչափով հանդիպման ժամանակ էլ Արարատ Միրզոյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ֆիդանի ու Բայրամովի հետ եւ չէր հանդիպել միայն Սերգեյ Լավրովի հետ:

Ռուբեն Ռուբինյանն էլ հանդիպել է  հայ-թուրքական գործընթացի Թուրքիայի կողմից պատասխանատու Սերդար Քըլըչի հետ: Եվ Քըլըչն ասել է, որ այո, Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը, նորն ընդունի, որպեսզի կարողանա հարաբերություններ կառուցել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Ու ասել է՝ լավ է, որ Հայաստանի իշխանությունները ըմբռնում ունեն: Այսինքն, հասկացել են իրենց պահանջը, որը պետք է կատարեն»,-տեղեկացրեց բանախոսը եւ անմիջապես անդրադարձավ մեկ այլ հանդիպման՝ այն ձեւակերպելով որպես «ամեն հայի սրտից բխած»:

«Միայն այդ երկար սպասված հանդիպման համար արժեր, որ Արարատ Միրզոյանը գնար Անթալիա: Արարատ Միրզոյանը հանդիպել է Անգոլայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Տետե Անտոնիոյի հետ: Եվ քննարկվել են Հայաստան-Անգոլա երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր»,- ասաց Էդգար Ղազարյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930