Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մի տրամաբանական բացատրություն չկա, թե ինչո՞ւ Վատիկանը նման քայլի գնաց

Ապրիլ 14,2025 17:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին բազմաթիվ մարտահրավերների առաջ է կանգնած, որոնց լուծումը ամբողջովին ընկած է Ամենայն Հայոց կաթողիկոսության ուսերին։ Այնտեղից, որտեղից Մայր Աթոռը օգնություն ակնկալելու վաստակած իրավունք ունի՝ թիկունքից հարված է ստանում։ Նման տհաճ անակնկալ մատուցեց Ռուս Ուղղափառ Սուրբ Եկեղեցին՝ հանձինս Բաքվի և Ադրբեջանի թեմի առաջնորդ եպիսկոպոս Ալեքսիի, որը 2024 թվականի օգոստոսի 18-19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած պետական այցի օրերին Ադրբեջանի և ՌԴ նախագահների ներկայությամբ հայտարարություն կատարեց, համաձայն որի, իբր Ադրբեջանում են գտնվում Բաքվում նահատակված Բարդուղեմիոս առաքյալի մասունքների մի մասը և իբր, առաքյալը Բաքվի, Ադրբեջանի ու այդտեղ ապրողների հովանավորն է։

Պատմական այս ակնհայտ կեղծիքը, բնականաբար, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու հայ հասարակության կողմից անարձագանք չմնաց, սակայն համարժեք շարունակություն չունեցավ, ինչի պատճառով չուշացավ հաջորդ թիկունքից հարվածը։

Հերթական հարվածը Հայ Առաքելական Եկեղեցու, այսինքն` հայ ժողովրդի թիկունքին այս անգամ էլ հասցրեց Վատիկանը, որտեղ 2025 թվականի ապրիլի 10-ին Սուրբ Աթոռի Գրիգորյան համալսարանում տեղի ունեցավ «Քրիստոնեությունը Ադրբեջանում․ պատմություն և արդիականություն» անվամբ միջազգային գիտաժողովը։ Պատմության հանդեպ հանցագործ դիտավորությամբ բացառվել էր գիտաժողովին հայ գիտնականների մասնակցությունը և, փաստացի, Վատիկանի կնքահայրությամբ տեղի է ունեցել միջազգային հակահայկական քարոզչություն, որը նույնպես, բնականաբար, հայության ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից անարձագանք չմնալով հանդերձ՝ իր հետ բերեց բազմաթիվ մտահոգիչ անպատասխան հարցեր ու մարտահրավերներ։

Եթե Ռուս Ուղղափառ Եկեղեցու Բաքվի թեմի առաջնորդի հակահայկական հայտարարությունները բացատրենք նրանով, որ նա ապրում ու գործում է աշխարհի ամենահայատյաց պետությունում և ստիպված է նման մտքեր արտահայտել, որպեսզի անձնական անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան, ապա ոչ մի տրամաբանական բացատրություն չկա, թե ինչո՞ւ Վատիկանը նման քայլի գնաց։ Մանավանդ, որ այնտեղ Մայր Աթոռը հեղինակավոր ներկայացուցիչ ունի և վստահաբար նա տեղյակ էր նման գիտաժողովի նախապատրաստական աշխատանքներից։ Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ և Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակն է Գերաշնորհ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, որն, ի դեպ, ադրբեջանական կեղծ քարոզչություններին միշտ հակադարձել է և երբեք չի թերացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանելու գործում։

Հասկանալի է, որ կասեցնել գիտաժողովի անցկացումը շատ դժվար կլիներ, սակայն, կարծում եմ, բավարար ռեսուրսներ ունեինք ապահովելու համար նաև հայ գիտնականների մասնակցությունը։

Ըստ իս՝ դա տեղի չունեցավ նաև այն պատճառով, որ թերևս Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները համագործակցության եզրեր չունեն։ Վստահ չեմ, որ այդ հարցով առանձնապես մտահոգված են ՀՀ իշխանությունները։ Հաշվի առնելով նրանց «Կրթվելը նորաձև է» հիվանդագին ու ագրեսիվ քարոզարշավների հաճախականությունը, նրանք հավանաբար մտածում են, հայ ազգը դեռ չի ծնել այնպիսի կրթված մարդ, որ ի վիճակի լիներ նման գիտաժողովներին մասնակցեր, ուստի կարծում եմ՝ այս հարցին ավելի ստույգ կարող է պատասխանել նաև Խաժակ սրբազանը, որը վստահաբար, գիտի, որ հայ ազգը հազարավոր հեղինակավոր գիտնականներ ունի, ովքեր կարող էին մասնակցել Վատիկանի գիտաժողովին ու պաշտպանել ճշմարիտ պատմությունը կեղծ պատմությունից։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930