«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են «Խաչմերուկին. համալիր գործողություններ հանուն կայուն ապագայի» խորագրով քննարկման ծրագիրն ու բանախոսներին։
Վաշինգտոն․ 2025 թ․ ապրիլի 14․ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են 2025 թ․ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի օրակարգն ու բանախոսներին։ Այն տեղի կունենա մայիսի 7-ին Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի «Լասկին» կոնֆերանսների կենտրոնում։
Այժմ, երբ անընդհատ ահագնացող գլոբալ մարտահրավերներն ու հումանիտար ոլորտի ֆինանսական մեծ ցնցումները պահանջում են նոր լուծումներ, 2025 թ. Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի նպատակն է գտնել նոր մոտեցումներ՝ պաշտպանելու մարդկային արժանապատվությունը, նպաստելու արդարությանը եւ կայուն խաղաղությանը: Այն հարթակ կտրամադրի համաշխարհային մտածողներին, նրանց, ովքեր զբաղված են տարբեր ծրագրերի իրագործմամբ, ինչպես նաեւ համայնքներում մարդասիրական աշխատանք իրականացնողներին եւ գիտնականներին՝ մշակելու ռազմավարություններ՝ օգտագործելով տեղական շարժումների եւ երիտասարդ ակտիվիստների ներուժը: Դրա նախորդ օրը՝ մայիսի 6-ին, «Ավրորան» կանցկացնի Մարդասիրության թեմայով գագաթնաժողով՝ համախմբելով աշխարհի տարբեր անկյուններում եւ Լոս Անջելեսում տեղական մակարդակում մարդասիրական աշխատանքով զբաղվողներին՝ քննարկելու ներկա մարտահրավերները եւ դրանց հաղթահարման ճանապարհները:
Կարդացեք նաև
«Այս տարի միջազգային օգնության ոլորտի տեկտոնական տեղաշարժերի համատեքստում՝ տեղում մարդասիրական աշխատանք իրականացնողների մոտ մեկ հարց է ծագում՝ ի՞նչ է լինելու հաջորդիվ»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արմինե Աֆեյանը։ «Մեր նպատակն է մշակել լուծումներ, որոնք կապահովեն երկարատեւ ազդեցություն եւ կաջակցեն առաջնագծում մարդասիրական եւ իրավապաշտպան գործունեություն իրականացնողներին, որոնք իրենց կյանքը նվիրել են ուրիշներին օգնելու գործին»:
Ֆորումի մասնակից բանախոսների թվում են «Ավրորայի» համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր եւ խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը, Խաղաղության տան (Maison Shalom) հիմնադիր եւ 2016 թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համաշխարհային առողջապահության գծով ղեկավարի նախկին տեղակալ Նիդհի Բորին, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի պրոֆեսոր եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի ուսումնական գծով ղեկավար Աննա Սփեյն Բրեդլին, Աֆրիկայի «Գբովե» խաղաղության հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ, 2011 թ․ Խաղաղության Նոբելյան դափնեկիր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Լեյմա Գբովեն, եզդի ակտիվիստ, «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր, 2019 թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինային, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հաջորդ շրջանի համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի անդամ, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Վաչե եւ Թամար Մանուկյանների անվան մարսողական հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, ինչպես նաեւ բարերար, կինոպրոդյուսեր եւ ձեռներեց Էրիկ Էսրայիլյանը, Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Քոմֆորթ Էրոն, «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման» կազմակերպության (SOFEPADI) համահիմնադիր եւ նախագահ, Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր, 2021 թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեն, «Սքոլ» հիմնադրամի խորհրդի անդամ, ONE Campaign կազմակերպության նախկին գլխավոր տնօրեն եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության նախկին ղեկավար Գեյլ Սմիթը, «Խոստում» ինստիտուտի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Մարդու իրավունքների դատավարական կլինիկայի ղեկավար Քեթրին Սուիթսերը, The Sentry նախաձեռնության համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Ջոն Փրենդերգասթը, «Քլինթոն» հիմնադրամի փոխնախագահ եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Չելսի Քլինթոնը, Africa In the World գաղափարների փառատոնի հիմնադիր, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Դելե Օլոջեդեն։
«Այս ֆորումը կարեւոր հարթակ է տրամադրում մարդու իրավունքների եւ մարդասիրական աշխատանքի ապագան ուսումնասիրելու եւ տարբեր ոլորտների միջեւ համագործակցությունն ամրապնդելու համար՝ օգնելով ստեղծել ավելի արդար ապագա բոլորի համար»,- նշեց «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քեթրին Սուիթսերը։ «Մենք կոչ ենք անում հանրության ավելի լայն շերտերի միանալու մեզ՝ առաջ մղելով մարդու իրավունքների ուսուցումը, հետազոտություններն ու ազդեցությունը՝ առավել լսելի դարձնելով տուժած համայնքների ձայնը»:
«Խաչմերուկին. համալիր գործողություններ հանուն կայուն ապագայի» համընդհանուր խորագրով 2025 թ․ ֆորումը խթան կդառնա տարբեր հեռանկարներ նախանշողներին միավորելու եւ ռազմավարական դաշինքների ձեւավորման համար։
Բացի մարտահրավերները բացահայտելուց, ֆորումը կուսումնասիրի նաեւ այն ուղիները, որոնք հումանիտար խնդիրների արագ արձագանքմանը զուգահեռ կնպաստեն մարդու իրավունքների երկարաժամկետ պաշտպանությանը, զարգացման ռազմավարություններին եւ շրջակա միջավայրի պահպանությանը։ Գրանցվեք ձեր տեղն ամրագրելու եւ այս առանցքային քննարկմանը մասնակցելու համար։
Ֆորումը «Ավրորայի» 10-ամյակին նվիրված կարեւոր միջոցառումներից մեկն է։ Անցած տարվա ֆորումը մեկ հարկի տակ էր հավաքել մարդասիրական խնդիրներով մտահոգ հարյուրավոր հյուրերի եւ ուսանողների՝ մասնակցելու բովանդակային քննարկումների, որոնք անդրադառնում էին մարդու իրավունքների եւ բռնի տեղահանման հրատապ խնդիրներին, գլոբալ առողջապահական ճգնաժամին, կրթության իրավունքի, կլիմայի փոփոխության, արհեստական բանականության, բարեգործության եւ գենդերային հավասարության թեմաներին։
2025 թ․ անցկացվող «Ավրորայի» 10-ամյակին նվիրված միջոցառումների թվում են Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումը, 2025 թ․ «Ավրորայի» հերոսների հայտարարումը Նյու Յորքում սեպտեմբերին եւ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն Էլիս կղզում նոյեմբերի 6-ին: Այս միջոցառումները համանախագահում են «Ավրորայի» համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը, «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ, Memory Matters ընկերության հիմնադիր եւ տնօրեն Էլիս Գրինվալդը, «Ավրորայի» հաջորդ շրջանի համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի անդամ, «Խոստում» ինստիտուտի հիմնադիր նվիրատու Էրիկ Էսրայիլյանը եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Լուիզ Ռիչարդսոնը։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն աջակցում է մարդասիրական կենսական գործունեությանը՝ բացահայտելով եւ աշխարհին ներկայացնելով բացառիկ հերոսների։ «Ավրորան» ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների։ Անցած տասը տարում կազմակերպությունն ստեղծել է համախոհների գլոբալ ցանց եւ աջակցել մարդասիրական ճգնաժամերից տուժած ավելի քան 3.5 միլիոն մարդու։ «Ավրորան» օգնության ձեռք է մեկնում աշխարհի ամենահեռավոր ու մոռացված անկյուններ՝ ֆինանսական միջոցներ ուղղելով տեղական համայնքներին եւ ձգտելով տարածել «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարը։ Ֆինանսական միջոցներ տրամադրելով մարդասեր-հերոսներին ամբողջ աշխարհում, որոնք շարունակում են նվիրատվության շղթան, այն նպաստում է մարդասիրական գործունեության ընդլայնմանն ապագայում։ Ավելին իմանալու համար այցելելք AuroraPrize.com եւ AuroraLuminaries.com։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն