Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտական այս ֆորումը կդառնա հայ-ռուսական արգասաբեր և անքակտելի մշակութային երկխոսության ևս մեկ վառ դրսևորում. Աննա Ասատրյան

Ապրիլ 14,2025 17:38

Մեր զրուցակիցն է ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը:

– Տիկին Ասատրյան, ապրիլի 18-19-ը Մոսկվայում կայանալու է «Ռուսաստան-Հայաստան․ մշակույթների երկխոսություն» խորագրով միջազգային գիտական կոնֆերանսը, որի աշխատանքներին զեկուցումներով մասնակցելու է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի պատվիրակությունը։ Ո՞րն է կոնֆերանսի նպատակն ու անցկացման անհրաժեշտությունը։

– «Ռուսաստան-Հայաստան․ մշակույթների երկխոսություն» խորագրով երկօրյա միջազգային գիտական կոնֆերանսի նախաձեռնողներն ու կազմակերպիչներն են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ա․ Մ․ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը և վերջերս Մոսկվայում ստեղծված Հայագետների ասոցիացիան։ Կոնֆերանսի ընթացքում քննարկվելու է խնդիրների բավական լայն շրջանակ, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի մշակույթները․ փոխազդեցության պատմական ուղիներն ու արդիականությունը, ազգամիջյան երկխոսության ուղիները, Արևելյան Հայաստանի մշակույթի զարգացումը Ռուսական կայսրության կազմում․ նոր վավերագրեր, Արցախը Ռուսական կայսրության և ԽՍՀՄ կազմում, Հայաստանի մշակույթը աշխարհաքաղաքական փորձությունների պատմական տարբեր փուլերում․ Առաջին համաշխարհային պատերազմը և դրա հետևանքները, Ռուսաստանում և աշխարհում հայկական մշակույթի և կրթության կենտրոնները․ ձևավորումը, խնդիրներն ու զարգացման հեռանկարները, հայոց լեզվի գրականության, պատմության և հայագիտական այլ առարկաների ուսումնասիրումը ռուսաստանյան կրթական և գիտական հաստատություններում, հայկական պատմամշակութային ժառանգության ներկայության ձևերը Ռուսաստանում և ռուսական պատմամշակութային ժառանգության ձևերը Հայաստանում, հայ մշակույթի գործիչները Ռուսաստանում, ռուսական մշակույթի՝ ծագումով հայ գործիչները, Հայաստանում՝ ծագումով ռուս մշակույթի գործիչները, հայ արվեստը ռուսական գեղարվեստական տարածքում (ցուցահանդեսներ, միավորումներ, կազմակերպություններ), ռուսական մշակույթի և գիտության գործիչները Հայաստանի մասին և հայ մշակույթի գործիչները՝ Ռուսաստանի մասին, Սփյուռքում ուծացման խնդիրը․ լեզվի, պատմության, մշակույթի, ավանդույթների և ազգային ինքնագիտակցության պահպանման մեխանիզմները, հայկական համայնքների գործունեությունը Ռուսաստանում և ռուսական համայնքների գործունեությունը Հայաստանում, հայկական հասարակական կազմակերպությունները և միությունները Ռուսաստանում՝ նրանց նպատակները, խնդիրները, գործունեությունը և այլն։

– Խնդրում ենք ներկայացնեք ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտից ներկայացվելիք զեկուցումների հիմնական բովանդակությունը։

– Սիրով։ Նկատեմ, որ հայ-ռուսական գեղարվեստական առնչությունները մշտապես գտնվել են ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական հետաքրքրությունների առանցքում։ Գաղտնիք չէ, որ հայ-ռուսական մշակութային երկխոսությունն ունի բազմադարյա պատմություն և մեծապես նպաստել է երկու եղբայրական ժողովուրդների փոխադարձ հոգևոր հարստացմանը։ Բավական է նշել, որ XIX դարում և XX դարասկզբին հայ ստեղծագործական երիտասարդության ներկայացուցիչներից շատերը սովորել են Ռուսաստանի բարձրագույն և միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններում, որտեղ ռուսական կերպարվեստի և երաժշտության ականավոր ներկայացուցիչների ղեկավարությամբ ստացել են համապատասխան մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ։ Ավարտելով ուսումնառությունը, նրանք վերադարձել են Հայրենիք և իրենց տաղանդով ծառայել հարազատ ժողովրդին՝ մեծապես կանխորոշելով հայ արվեստի զարգացման հետագա ուղին։ Դրանց թվում են նկարիչներ Գևորգ Բաշինջաղյանը, Վարդգես Սուրենյանցը, Եղիշե Թադևոսյանը, Մարտիրոս Սարյանը, կոմպոզիտորներ Մակար Եկմալյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Ռոմանոս Մելիքյանը։

Գաղտնիք չէ նաև, որ հայերը նշանակալի հետք են թողել ռուսական արվեստի պատմության մեջ։ Բավական է հիշատակել մեծանուն գեղանկարիչ, աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունը։

«Ռուսաստան-Հայաստան․ մշակույթների երկխոսություն» միջազգային գիտական կոնֆերանսի Լիագումար նիստում առաջինը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական ղեկավար, Սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանի «Ա․Ս․Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը» Վարդգես Սուրենյանցի նկարազարդումներում» զեկուցումն է, որը նվիրված է Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը» պոեմի առաջին հրատարակության 200-ամյա և հայ ականավոր գեղանկարիչ ու գծանկարիչ Վարդգես Սուրենյանցի (1860-1921) ծննդյան 165-ամյա հոբելյաններին։

Որպես գրաֆիկական արվեստի ականավոր վարպետ և, մասնավորապես, որպես նկարիչ-ձևավորող ու գրքի նկարազարդող՝ Սուրենյանցն իրեն առաջին անգամ դրսևորեց 1897 թվականին, երբ նրան պատվիրվեց Պուշկինի ռոմանտիկական արևելյան պոեմի համար նկարազարդումները։ Պրոֆեսոր Աղասյանը կբացահայտի և կհիմնավորի այն իրողությունը, որ թե՛ Սուրենյանցից առաջ և թե՛ Սուրենյանցից հետո Պուշկինի պոեմի նկարազարդողներից ոչ մեկին չի հաջողվել ռուսական պոեզիայի այդ մարգարիտը կերպարվեստի լեզվով փոխադրել այդքան լիարժեք և արտահայտիչ կերպով։

Ակնհայտ է, թե ինչ կարևոր դեր ունի գրականությունը երաժշտական արվեստի զարգացման գործում։ Այն հուսալի հիմք է ոչ միայն օպերաների, վոկալ-սիմֆոնիկ և վոկալ ստեղծագործությունների, այլև բալետների, սիմֆոնիկ և գործիքային ստեղծագործությունների համար։ Հայ կոմպոզիտորները բազմիցս են անդրադարձել ռուսական պոեզիային։ Հայ երաժշտության և ռուսական պոեզիայի երկխոսությունն անցել է երկար ու բեղմնավոր ճանապարհ, ստեղծվել են բազմաթիվ, բազմաբնույթ ու բազմաժանր երաժշտական ստեղծագործություններ։ Դրանցից մեկին էլ նվիրված է իմ՝ «Մ․Յու․Լերմոնտովի պոեզիան Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործության մեջ․ «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը» զեկուցումը։ Մեծ նվագախմբի համար գրված իր սիմֆոնիկ պատկերը կոմպոզիտորն ավարտեց ճիշտ 120 տարի առաջ՝ 1905 թվականին։ Պրեմիերան տեղի ունեցավ 1905 թվականի օգոստոսի 25-ին, Յալթայում։ 1906-ի մարտի 2-ին այն առաջին անգամ հնչեց Պետերբուրգում, հեղինակի ղեկավարությամբ և ունեցավ մեծ հաջողություն, իսկ 1908-ին արժանացավ Գլինկայի մրցանակին։ Զեկուցման մեջ կներկայացնեմ «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերի ստեղծման պատմությունը, նրա համերգային կենսագրությունը, կորոշարկվի նրա տեղն ու դերը կոմպոզիտորի ստեղծագործության մեջ, ինչպես նաև կբացահայտվեն ստեղծագործության կոմպոզիցիոն և ոճական առանձնահատկությունները։

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Մանե Մկրտչյանը հանդես կգա «Սիմվոլիզմի թափառող մոտիվները ռուսական և հայկական կերպարվեստում» թեմայով զեկուցումով, իսկ Երաժշտության բաժնի գիտաշխատող Արուսյակ Պետրոսյանը կներկայացնի հայ ականավոր երաժշտագետ, կոմպոզիտոր, մանկավարժ և գիտության կազմակերպիչ Քրիստափոր Քուշնարյանի ստեղծագործական դիմանկարը։

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Ճարտարապետության բաժնի ավագ գիտաշխատող, ճարտարապետության թեկնածու Անուշ Տեր-Մինասյանը կթերթի հայ նշանավոր ճարտարապետներ Միքայել Մազմանյանի և Գևորգ Քոչարի ստեղծագործական գործունեության Նորիլսկում անցկացրած էջը։ Քչերը գիտեն, որ հենց հայ ավանգարդիստ-ճարտարապետների նախագծով կառուցվեց աշխարհի ամենահյուսիսային այս քաղաքը։

Հայ-ռուսական մշակութային առնչությունների թատերական էջերից մեկը կբացահայտի ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Թատրոնի բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Գոռ Վանյանը։ Նրա բանախոսությունը նվիրված է հայ նշանավոր ռեժիսոր Արմեն Գուլակյանի (1899-1960)՝ 1949-ին Գ․Սունդուկյանի անվան պետական թատրոնում իրականացրած Մ․Յու․Լերմոնտովի «Դիմակահանդեսի» բեմադրությանը, որը մեծ հաջողություն ունեցավ և դարձավ հայ բեմադրիչի լավագույն բեմադրություններից մեկը։ Թատերագետն իր զեկուցման մեջ, արխիվային վավերագրերի ուսումնասիրության արդյունքում կներկայացնի բեմադրության Ա․Գուլակյանի հայեցակարգը և աշխատանքը ստեղծագործական կոլեկտիվի հետ։

Վստահ եմ, որ մեզ սպասում են հետաքրքիր բացահայտումներ։ Վստահ եմ նաև, որ Կոնֆերանսի արդյունքները կդառնան կարևոր ու էական ներդրում հայագիտության ասպարեզում։

Անշուշտ, գիտական այս ֆորումը կդառնա հայ-ռուսական արգասաբեր և անքակտելի մշակութային երկխոսության ևս մեկ վառ դրսևորում և կնպաստի երկու եղբայրական ժողովուրդների միջև բարեկամության և մշակութային համագործակցության հետագա ամրապնդման գործին։

 

Զրույցը՝ Սամվել Դանիելյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930