Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստի և հավատքի խաչմերուկում․ Տեր Թովմա քահանա Անդրեասյան

Ապրիլ 14,2025 17:10

Մեծ ուրախություն ու օրհնություն է ճանաչել և զրուցել այն մարդու հետ, որին նվիրված է այս նյութը։ Քչերը գիտեն, որ Տեր Թովմա (ավազանի անունը՝ Վահան) քահանա Անդրեասյանը, բացի սիրված հոգևորական լինելուց, նաև բազում հանրահայտ երգերի խոսքերի հեղինակ է։ Հենց նրա «Ձյուն» երգի ներքո են շատերը դիմավորել առաջին ձյան փաթիլները և երազել իրենց երբեմնի, բայց դեռ հույսը չկորցրած ու սպասված սիրո մասին։

Հենց նրա «Սիրո երկու թևը» երգն է սիրահարներին ոգևորել ազատ սավառնել իրենց սիրո մեջ՝ «ծովի վրա թռչող ճայերի» նման։ Եվ հենց նա է իր «Հայաստան» երգով պատգամել՝ «Հայաստա՛ն, մոռացի՜ր այն ցավը, որ գնաց, հավատա՛՝ լոկ սերը քեզ մնաց, թող Աստված օրհնի որդոց հայոց․․․»:

Տեր Թովմայի հետ մեր զրույցի ընթացքում խոսել ենք քրիստոնեության և արվեստի հզոր կապի, ժողովրդավարության, ամեն օր պատահող հրաշքների և մի շարք այլ կարևոր թեմաների մասին։ 

-Տեր Թովմա, մինչև Ձեր կյանքը եկեղեցուն նվիրելը՝ զբաղվել եք ռեժիսուրայով, թատրոնով, երաժշտությամբ։ Ի՞նչը Ձեզ մղեց դեպի հոգևոր կյանք։ Արդյոք հենց արվե՞ստն էր այն հարթակը, որում կամ որի միջոցով «հանդիպեցիք» Աստծուն։

-Եկեղեցի սկսել եմ գնալ 1984 թվականի մարտի 1-ից: Մինչ այդ եկեղեցում եղել էի այդ այցից 20 տարի առաջ։ Մեծացել եմ կոմունիստական ընտանիքում, որտեղ հավատի մասին խոսք լինել չէր կարող: Հայրս ու մայրս երկուսն էլ կոմունիստական կուսակցության անդամներ էին, ճանաչված բժիշկներ, և խորհրդային մտածողության շրջանակում, բնականաբար, հեռու էին հավատքից ու եկեղեցուց։

Սակայն 1984-ի մարտի 1-ին, երբ առաջին անգամ երկար դադարից հետո գնացի եկեղեցի, մի իսկական հրաշք տեղի ունեցավ։ Այդ օրը ապաքինվեցի մի ծանր նյարդային հիվանդությունից։ Այդ պահից սկսվեց իմ կապը եկեղեցու հետ ։ Սկսեցի հաճախ հաճախել եկեղեցի, գրողների և արվեստագետների խմբի հետ մասնակցել ուխտագնացությունների։ Մեր ղեկավարն էր, որ ինձ առաջարկեց ու համոզեց դառնալ հոգևորական։ Նման քայլ նախկինում երբեք չէի պատկերացրել։ Մինչ այդ իմ ամբողջ կյանքը կապված էր արվեստի հետ. ես երաժիշտ էի, բանաստեղծ, կոմպոզիտոր, դերասան, ռեժիսոր։ Բայց մի օր ամեն ինչ փոխվեց։

-Իսկ եկեղեցին Ձեզ ավելի մոտեցրե՞ց, թե՞ հեռացրեց արվեստից։ 

-Եկեղեցին չի կարող հեռացնել արվեստից։ Արվեստը կարծես եկեղեցու ինչ-որ արբանյակ լինի, ինչպես օրինակ լուսինը՝ արևի արբանյակ։ Արվեստագետը էությամբ ինքն էլ առաքյալ է՝ հատուկ նպատակներով առաքյալ։ Պարզ օրինակ բերեմ․ Ֆրանկո Ձեֆֆիրելլիի «Հիսուսը Նազարեթից» ֆիլմը մեծ ազդեցություն ունեցավ, շատերն այն դիտելուց հետո սկսեցին Նոր Կտակարան կարդալ, եկեղեցի գնալ։ Կարելի է ասել այդ ֆիլմը հոգևոր հեղաշրջում կատարեց։ Նոր Կտակարանի վրա հիմնված արվեստը որոշակի առումով կարող է անել այն, ինչը չի կարող անել պարզապես Նոր Կտակարանի ընթերցանությունը։ Պատճառն այն է, որ արվեստն ունի մեծ էմոցիոնալ ազդեցություն, իսկ մարդիկ էմոցիոնալ արարածներ են։ Նրանց համար զգայական մոտեցումը շատ կարևոր է։

-Դուք բազմաթիվ գեղեցիկ երգերի հեղինակ եք։ «Ձյուն», «Սիրո երկու թևը», «Հայաստան», «Միայն քեզ համար», «Արցախ»։ Ինչպե՞ս են ծնվում այս երգերը, ինչի՞ց եք ոգեշնչվում։ 

-Ես այդ երգերի խոսքերի հեղինակն եմ։ Տարբեր կոմպոզիտորների հետ եմ աշխատել՝ Արթուր Գրիգորյան, Էդգար Գյանջումյան, Արմեն Սմբատյան, Արամ Սաթյան և այլք։ Երկու տեքստ գրել եմ Միշել Լեգրանի համար։

Իմ՝ երգերի տեքստեր գրելն ունի հետաքրքիր նախապատմություն․ 1984 թվականի նոյեմբերի 21-ին՝ Աստվածածնի ընծայման տոնին, մենք ուխտագնաց ընկերներով եկել էինք Նորք-Մարաշի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի։ Այդ ժամանակ եկեղեցու փոխարեն փոքրիկ մատուռ էր՝ նախկին եկեղեցու քարերից սարքած։ Այդ գիշեր երազումս տեսա սուրբ Մարիամ Աստվածածնին, ով ինձ ասաց․ «Ես քեզ շնորհ եմ տալիս, կլինես հայտնի բանաստեղծ, մասնավորապես երգի բնագավառում։ Ամեն անգամ, երբ քեզ երաժշտություն տան, 3 անգամ «Հայր Մեր»-ը կասես, ու ինչ միտքդ գա՝ կգրես»։

Այդ երազից մեկ շաբաթ էլ չէր անցել, երբ երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանն ինձ ասաց, որ Արթուր Գրիգորյան անունով մի կոմպոզիտոր կա, խնդրեց, որ նրա երաժշտության համար բառեր գրեմ։ Գնացինք, ծանոթացանք և զրուցեցինք։ Առաջին երգը, որ գրեցի Արթուր Գրիգորյանի երաժշտության համար, «Ձյունն» էր, որը միանգամից մեծ ճանաչում գտավ։

Դրանից հետո գրեցի շատ երգերի բառեր՝ «Իմ Նոր Տարի», «Արցախ», «Հայ գարուններ», «Հայ իմ աշխարհ», «Միայն քեզ համար», «Բամբասանք», «Գարնան օրեր», «Երևան», «Եկ երազենք» և այլն։

Մինչև հիմա էլ այդ երգերից շատերը կատարվում են և թափանցում են մարդկանց սրտերը, հոգիները։ Իսկ ես շատ հաճախ չեմ էլ իմացել՝ ինչ եմ գրում, պարզապես գրել եմ, իսկ հետո պարզվել է, որ դա հենց այն էր, ինչ կոմպոզիտորները նույնպես զգացել էին ու պատկերացրել։ Ասես իրենց հոգիներն եմ տարածության վրա զգացել ու այդպես գրել այս երգերի խոսքերը։

Եղել են նաև դեպքեր, երբ գրածս խոսքերն ապագայում իրականություն են դարձել։ Անահիտ Մանուկյանի կատարմամբ և Արթուր Գրիգորյանի երաժշտությամբ «Բամբասանք» երգը նման մի օրինակ է, որում գրված խոսքերը հերթով սկսեցին կատարվել (օրինակ՝ Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունը, Ալլա Պուգաչովայի ձայնը կորցնելը և այլն)։

-Ձեր ստեղծագործություններում հետաքրքիր հոգևոր շունչ կա անցնում են տարիներ, բայց Ձեր երգերը մնում են այնքան սիրելի ու լսելի, որքան տարիներ առաջ։ Ասես հավերժության ինչ-որ դրոշմ է դրված Ձեր ստեղծագործություններում։ Դուք ստեղծագործելիս զգու՞մ եք վերերկրային այդ ալիքը, Աստծո ներկայությունը, որն էլ հետո արտացոլվում է Ձեր երգերում։ Առհասարակ, ի՞նչ եք զգում ստեղծագործելիս։ 

-Ստեղծագործական պրոցեսն ընդհանրապես շատ հաճելի բան է, այն կտրում է այս աշխարհից, այս դժոխքից։ Ուրիշ իրականության մեջ ես հայտնվում։ Իսկ երբ վերադառնում ես այս աշխարհ՝ հոգեպես շատ ոգևորված ես լինում, քո վրա բավական երկար ժամանակ բացարձակ ոչինչ այլևս չի ազդում։ Հոգեպես խաղաղության և սիրո մեջ ես հայտնվում: Ստեղծագործական պրոցեսը նման ազդեցություն ունի. ստեղծագործողները դա լավ գիտեն։

Ստեղծագործելիս զգում եմ Աստծո ներկայությունը՝ ասես հոգիս դուրս գա մարմնիցս և ինչ-որ ուրիշ լուսավոր հարթակ տեղափոխվի։ Ու երբ վերադառնում է՝ իր հետ լուսավոր հարթակն էլ է բերում իմ մարմին։ Ստեղծագործելը հատկապես լավ և հաճելի է, երբ դու և այս կամ այն կոմպոզիտորը նույն հոգևոր դաշտի մեջ եք։ Այդպես էր Արթուր Գրիգորյանի հետ ստեղծագործելու պարագայում։ Մենք իրար լավ էինք հասկանում և զգում։ Ինձ միշտ ասում էր՝ դու գրում ես այնպես, ինչպես ես եմ զգում, կարծես ես մտածեմ, ու քո միջոցով գրեմ։

Իհարկե, այլ կոմպոզիտորների հետ նույնպես երբեմն ստացվել է այս հոգևոր մտերմությունը, բայց Արթուր Գրիգորյանի դեպքում այն յուրահատուկ էր, դա այն կատարյալ ներդաշնակ վիճակն էր, որում երկու ստեղծագործող կարող էին լինել։

-Սովետական միության տարիներին Ձեր առաջ դրվեց ընտրություն՝ ընտրել եկեղեցին, կամ պահպանել Ձեր կայուն աշխատանքը թատրոնում։ Դուք ընտրեցիք առաջինը։ Իսկ ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնած հայ հոգևորականն այսօր՝ քրիստոնեության համար թվացյալ ազատ ու անկաշկանդ ժամանակաշրջանում։

-Խորհրդային տարիներին, այո, դժվար էր. մարդիկ չէին կարող ազատ գնալ եկեղեցի, գնալու դեպքում էլ կարող էին հալածանքների ենթարկվել։

Այսօր, թվում է, թե ամեն ինչ ազատ է, մարդիկ կարող են գնալ եկեղեցի, աղոթել։ Բայց իրականում ամեն բան արվում է հոգևորը վերացնելու, մարդու հոգևոր տարածքը դատարկելու համար։ Ժողովրդավարության անունով առաջ է տարվում արժեքային համակարգ, որը շատ հաճախ հակասում է քրիստոնեական արժեհամակարգին։ Ժողովրդավարությունն ինքը դարձել է մի տեսակ նոր կրոն՝ մի համակարգ, որում չեն կասկածում, որը չեն քննարկում։ Այն վեր է դասվում ամեն ինչից՝ նույնիսկ Աստծուց։ Դա համակարգ է, որը պաշտամունքի առարկա է դարձել աթեիստական աշխարհում։ Այն տալիս է իր օրենքներն ու «պատվիրանները», որոնք հաճախ հակասում են աստվածաշնչյան արժեքներին։ Եվ սա մեզ համար ավելի վտանգավոր է, քան բացահայտ հալածանքները։

Երբ ասում են՝ պետությունն ու եկեղեցին պիտի տարանջատված լինեն, սա ի սկզբանե Աստծուց բաժանվելու միտք է։ Եվ այսօր արդյունքն այն է, որ շատ երկրներում Աստված այլևս չկա հանրային կյանքում։ Օրինակ՝ Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացմանը ոչ ոք չէր խաչակնքում` ոչ հոգևորականները, ոչ հավաքված հյուրերը։ Երբ մարդկանց հարցնում էին՝ ինչու են եկել տաճարի վերաբացմանը, պատասխանում էին՝ «մեր մշակույթի պատմությունն է», «գեղարվեստական գլուխգործոց է», ոչ ոք չէր խոսում Աստծո, հավատքի, եկեղեցու, սրբության մասին։

Ես եղել եմ Եվրոպայում, ուսումնասիրել եմ տեղական հավատքի դրսևորումները և ցավով նկատել՝ շատերն անգամ եկեղեցում այլևս չեն խաչակնքվում։ Երբ ես Ավստրիայում պատարագի մասնակցեցի, տեսա, որ կանայք քաղաքացիական հագուստով, բարձրակրունկ կոշիկներով կանգնած են Սուրբ Սեղանին, սպասարկում են պատարագիչ քահանային և իրենք էլ հենց հաղորդություն բաժանում ։ Սա առաջ կաթոլիկ եկեղեցում չլսված, չընդունված բան էր։ Իմ մտած կաթոլիկ եկեղեցիներում այլևս Աստծո ներկայություն չկար։

Այսօր արևմտյան ժողովրդավարությունը խաչը համարում է գայթակղություն, դեմոկրատիային ոչ հարիր բան։ Այսքանից հետո դժվար է ասել, որ ժողովրդավարությունը իդեալական համակարգ է։ Եթե այն հանգեցնում է հոգևոր դատարկության և պատվիրանազանցության, ապա դրա իդեալականը ո՞րն է։

Այս ամենի համատեքստում կարևոր է նշել, որ ուղղափառ աշխարհը ներկայումս ավելի լավ է պահպանում հոգևոր և պետական հավասարակշռությունը։ Այնտեղ եկեղեցին դեռ դեր ունի պետական կյանքում։ Սա հիշեցնում է Տրդատ Երրորդ թագավորի և Գրիգոր Լուսավորչի ժամանակաշրջանը, երբ հոգևոր և պետական իշխանությունները համագործակցում էին հանուն ազգի։ Այն ժամանակ եկեղեցին ուղղորդում էր պետությանը՝ պահելով նրան Աստծո կամքի սահմաններում, իսկ պետությունն իր հերթին պաշտպանություն և ուղղություն էր տալիս ժողովրդին՝ հոգևոր արժեքների հիմքով և ապահովում օրինապահությունը երկրում։ Այդ մոդելը, որքան էլ հնամաշ կամ հետամնաց թվա, իրականում միակ կայուն և ազգապահպան կառավարման համակարգն է։

Բացի ժողովրդավարության ներմուծմամբ հոգևորի աղավաղումից, մեկ այլ կարևոր վտանգ են աղանդավորական շարժումները, որոնք տարեցտարի քայքայում են հավատքը, գայթակղում երիտասարդներին։ Բայց ամենամեծ վտանգը՝ մեր գոյաբանական խնդիրն է․ այսօր հայ ժողովուրդն ապրում է Աստծո ողորմածությամբ․ այն վայրկյանին, երբ Աստված իր ձեռքը քաշի մեզնից, չեմ ուզում պատկերացնել՝ ինչ կարող է պատահել։

-Եկեղեցում Ձեր ծառայությանը զուգահեռ Դուք նաև անցկացնում եք կիրակնօրյա դասեր՝ օգնելով երիտասարդներին ավելի մեծ գիտելիքով ու հմտությամբ նավարկել քրիստոնեության աշխարհում։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է այն հոգևոր գիտելիքը, որի կարիքն ամենաշատն ունի հայ երիտասարդն այսօր։

-Ամենակարևոր արժեքները, որոնք մենք ձգտում ենք սերմանել երիտասարդների մեջ, հավատքն է Աստծո հանդեպ և հայրենասիրությունը։ Ցանկանում ենք, որ նրանք յուրաքանչյուր գործ սկսելուց առաջ ոչ թե իներցիայով շարժվեն, այլ խորհեն և փնտրեն Աստծո կամքը, որպեսզի իրենց գործողությունները լինեն գիտակցված, պատասխանատու և հաջողեն։ Հայրենասիրությունը նրանց մեջ պետք է զարգացնի սրտացավություն հայրենիքի նկատմամբ, որպեսզի նրանք չկարողանան անտարբեր մնալ երկրի վիճակի հանդեպ։ Մեր երկրի ներկայիս վիճակը պետք է ստիպի հայ երիտասարդին, որ նա օգտագործի իր մտավոր և ֆիզիկական բոլոր կարողությունները ի շահ հայրենիքի․ աշխատեցնի իր միտքը, սիրտը, հոգին, իմանա՝ ձեռքը ինչի վրա դնել, ոտքերով ուր գնալ, որպեսզի լավ լինի հայրենիքի համար։

Հայ երիտասարդը պետք է պաշտպանի մեր մշակույթը, քանի որ դա հայրենիքի պաշտպանության և ազգի պահպանման անբաժանելի մասն է։ Այսօր կան մարտահրավերներ, որոնք սպառնում են մեր մշակույթին, ուստի կարևոր է, որ երիտասարդները դուրս գան վիրտուալ աշխարհից և կենտրոնանան այս խնդիրների վրա։ Մենք ամեն կերպ փորձում ենք սերմանել այս արժեքները մեր երիտասարդների մեջ, որպեսզի նրանք ապրեն դրանցով։

-Եկեղեցու տարածքում հիմնվել է գրադարան՝ հարուստ հոգևոր և այլ թեմաների նվիրված գրականությամբ։ Ու՞մ գաղափարն էր այս նախաձեռնությունը և ինչպե՞ս իրականություն դարձավ։ 

-​Գրադարանը ստեղծվել է Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանի նախաձեռնությամբ։ Մի քանի տարի առաջ եկեղեցու խաչքավոր Հովսեփ Հովակիմյանը ոգևորվել է այս գաղափարով և ակտիվորեն ներգրավվել դրա իրականացման գործում։ Նրա ջանքերով կառուցվել և կահավորվել է այս գրադարանը, որտեղ էլ մենք այժմ գտնվում ենք։ Հովսեփ Հովակիմյանը պարբերաբար այցելում է՝ հետևելու գրադարանի վիճակին, հետաքրքրվելով, թե ովքեր են օգտվում գրքերից, ինչ գրականություն է առկա և ինչպես է կազմակերպվում գրադարանի գործունեությունը։ ​

-Մենք հաճախ հրաշքի փնտրտուքի մեջ ենք։ Բայց հրաշք բառը տարբեր ընկալումներ ունի մեկի համար հրաշք է մարդու ծնունդը կամ արևածագն առավոտյան, մյուսի համար հրաշքը ինչ-որ վերերկրային, գերբնական երևույթ է։ Ի՞նչ է հրաշքը Ձեզ համար, և ո՞րն է եղել ամենամեծ հրաշքը, որին ականատես եք եղել եկեղեցում Ձեր ծառայության կամ առհասարակ Ձեր կյանքի ընթացքում։ 

-Հրաշքներ պատահում են ամեն օր։ Երբ դու ինչ-որ բանի մասին ես մտածում կամ խնդրում ես Աստծուն, և Նա քո խնդրանքի կամ մտածածի պատասխանը տալիս է, դա արդեն հրաշք է։ Օրինակ՝ վերջերս տխուր էի և քայլում էի փողոցով, ներքուստ դիմեցի Աստծուն՝ խնդրելով լուծել իմ հարցը։ Հանկարծ տեսա երկու տատրակ, որոնք եկան ու նստեցին իմ դիմաց։ Ես դա ընկալում եմ որպես Աստծո պատասխան։​ Աստված մեզ հետ խոսում է, պարզապես դա պետք է նկատել։

Տարիներ առաջ ինձ իմ` հավատի ճանապարհին կանգնեցրած ուսուցիչն ասում էր, որ ես Սայաթ Նովայի նման եմ դառնալու և որ դրա բոլոր նախադրյալներն ունեմ։ Տարիներ անց մի օր կանգնած էի փողոցում, ընկերոջս էի սպասում, մեկ էլ հիշեցի նրա խոսքը։ Մտքումս ասացի «Էհ, ուսուցիչ ջան, այդպես էլ Սայաթ Նովա չդարձա»: Այդ պահին մի կին, որն արևածաղիկ էր վաճառում ինձնից քիչ հեռու, հանկարծ նայեց ինձ և ասաց. «Վայ տղա ջան, ի՜նչ նման ես Սայաթ-Նովային»։ Այդպես Աստված կարող է խոսել մարդու հետ տարբեր մարդկանց միջոցով։

Աստված կարող է խոսել մարդու հոգու հետ՝ ներքին զգացողություններով կամ նույնիսկ ձայնով։ Չնայած ձայնով խոսելը բացառիկ է, այն պատահում է միայն որոշ մարդկանց հետ։ Սակայն հիմնականում Աստված մարդու հետ հոգևոր առաջնորդությամբ է հաղորդակցվում՝ ցույց տալով Իր կամքը, ճանապարհը, միջոցը…

2007-2010 թվականներին ես ծառայում էի Ադիգեայի Հայ Առաքելական եկեղեցում։ Ապրիլի 24-ը հիշատակելու կապակցությամբ մեր և Ադիգեայի կառավարության միջև վեճ առաջացավ՝ ընդհուպ մինչև մեր դեմ հարուցած դատական գործ՝ անհիմն մեղադրանքներով։ Մենք դիմեցինք հայ իրավաբան Արմեն Դարզիյանին, խնդրեցինք նրան օգնել մեզ: Ես ասացի. «Արմեն, մեր գործն արդար է, չվախենաս, Աստված քեզ կպաշտպանի և վարձահատույց կլինի»։ Արմենը, որպես մեր դատապաշտպան, անվախորեն սկսեց պայքարել մեր իրավունքների համար՝ չնայած սպառնալիքներին և ճնշումներին: Մի քանի ամիս տևող դատական պրոցեսը սառեցրին` ոչնչի չհասնելով և նաև վախենալով ռուսական իշխանություններից:

Բայց այս ամենի մեջ ամենահետաքրքիրը հենց Արմեն Դարզիյանի պատմությունն է։ Նա 15 տարի երեխա չուներ։ Բժիշկները նրա կնոջն ասել էին, որ նա երբեք չի կարող երեխա ունենալ առողջական պատճառներով, և նրանք էլ արդեն համակերպվել էին այդ մտքի հետ։ Սակայն դատական պրոցեսի սառեցումից անմիջապես հետո լուր ստացանք, որ Արմենի կինը հղի է։ Չնայած նրան, որ բժիշկները պնդում էին, որ դա թունավոր հղիություն է, վտանգավոր է Արմենի կնոջ կյանքի համար և պետք է ընդհատել, ես արգելեցի այդ անել՝ միանգամայն համոզված լինելով, որ դա Աստծո գործ է:

Արմենի կինը հավատաց և չընդհատեց հղիությունը՝ չնայած բժիշկների վախեցնող կանխատեսումներին։ 2010 թվականի հունվարի 7-ին նա ծննդաբերեց, լույս աշխարհ բերեց երկվորյակ տղաներ՝ լիովին առողջ երեխաներ։ Արմենի ուրախությունը չափ չուներ։ Մարդիկ ասում էին՝ Աստված Արմենին որդիներ տվեց, որովհետև նա հայ եկեղեցու իրավունքները պաշտպանեց։

Հրաշքներ միշտ էլ լինում են․ մենք՝ քահանաներս, երբ աղոթում ենք մեր հավատացյալների համար այս կամ այն հարցով, հաճախ ենք տեսնում մեր աղոթքի պատասխանը, և դա ինքնին հրաշք է։

 

Միլենա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Տեր Թովմա քահանա Անդրեասյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930