«Տարբեր քաղաքացիներից ահազանգ էի ստացել, որի հիման վրա ՊՆ հարցում էի ուղարկել։ 25-օրյա վարժական հավաքների մասնակիցներից առնվազն 10 հոգու հետ խոսել եմ, ասել են, որ նախապես էլ զգուշացրել են իրենց, որ մարտական հերթապահության համար փոխանցվող գումարից հանդերձանքի գումարը՝ մոտ 40 հազար դրամը, պահվում է 25-օրյա վարժական հավաքների մասնակիցներից »,- ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ահազանգեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նաև հայտնեց, որ ՊՆ-ից իր հարցմանը պատասխանել են, որ վարժական հավաքներում ընդգրկված պահեստազորայիններին զինվորական համազգեստ տրվում է պատրաստի և անհատույց․ «Կոնկրետ մարդկանց գիտեմ, կտրոններն էլ են փոխանցել, որ իրենց փոխանցված գումարից 40․000 դրամից ավելի գումար պահվել է հանդերձանքի համար։ Ո՞նց է պատահում, որ տրվում է անհատույց, բայց այդ գումարը 25-օրյա վարժական հավաքների մասնակիցներին փոխանցված գումարից է պահվում»։
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը պատասխանեց․ «Խնդրում եմ աշխատանքային կարգով Դուք կոնկրետ անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրեք, մենք ամեն դեպքով փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ