Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքի նախագծով կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձինք պետք է վարեն առանձնացված հաշվառում՝ յուրաքանչյուր հաճախորդի, ինչպես նաեւ իրենց միջոցների համար

Ապրիլ 14,2025 16:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Կրիպտոակտիվների մասին» օրենքը մայր օրենք է, որը սկիզբ է դնելու կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանը: Այս մասին ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն ասել է՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 14-ի արտահերթ նիստում՝ ներկայացնելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի նախագիծը եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Զեկուցողի խոսքով՝ նախաձեռնության նպատակը ոչ թե որեւէ տեխնոլոգիայի, այլ ֆինանսական ծառայությունների կարգավորումն է: Օրենքի նախագիծը մշակելու ընթացքում Կենտրոնական բանկը հիմնվել է ԵՄ փորձի վրա՝ հաշվի առնելով, որ Հայաստանում արժեթղթերի կարգավորման ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը նման է ԵՄ օրենսդրությանը:

ԿԲ նախագահի տեղակալը նշել է, որ «Կրիպտոակտիվների մասին» նոր օրենքի նախագծով կարգավորվում են այն ակտիվներն ու ծառայությունները, որոնք գործող օրենսդրությամբ չեն կարգավորվում: Ըստ օրենքի՝ Հայաստանում առաջարկվում է իրականացնել կրիպտոակտիվներով հետեւյալ ծառայությունները. առեւտրային հարթակի գործարկում, ակտիվին կցված թոքենների (stablecoins) առաջարկ կրիպտոակտիվների պահառություն, իր հաշվին կրիպտոակտիվների առուվաճառք (փոխանակում), հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առուվաճառք, կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում եւ հաղորդում, կրիպտոակտիվների տեղաբաշխում, կրիպտոակտիվների փաթեթի կառավարում, խորհրդատվություն, կրիպտոակտիվների փոխանցում: Ծառայությունները կարող են մատուցել միայն այն իրավաբանական անձինք, որոնք ՀՀ կենտրոնական բանկի կողմից կստանան համապատասխան լիցենզիա: Ծառայությունների մատուցման համար սահմանված են մի շարք, այդ թվում՝ մուտքի եւ կապիտալի նվազագույն չափի պահանջներ: Սահմանվում են նաեւ հաճախորդներին պատկանող միջոցների պաշտպանության հաշվետվողականության, կիրպտոակտիվների շուկայի չարաշահումների կանխարգելմանն ուղղված պահանջներ:

Մասնավորապես, հաճախորդի միջոցները չեն կարող բռնագանձվել կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձի պարտքերի դիմաց, կրիպտոակտիվներով ծառայություն մատուցողն էլ չի կարող իր հաճախորդների միջոցներն օգտագործել իր շահերի համար:

Օրենքի նախագծով կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձինք պետք է վարեն առանձնացված հաշվառում՝ յուրաքանչյուր հաճախորդի, ինչպես նաեւ իրենց միջոցների համար: Նրանք նաեւ պարբերաբար հաշվետվություն են ներկայացնելու ԿԲ-ին եւ իրենց հաճախորդներին:

Զեկուցողը պատասխանել է նաեւ պատգամավորների՝ վճարումների գործարքին, էլեկտրոնային փողին, էլեկտրոնային դրամապանակի ծառայության մատուցմանը, լիցենզիայի տրամադրմանը, կրիպտոակտիվներին, կիբեռանվտանգությանը վերաբերող հարցերին:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն առաջարկել է մինչեւ օրենքի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել նաեւ աշխատանքային քննարկում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկվող հարցին: Առաջարկվել է օրենսդրական փաթեթն ընդգրկել առաջիկա ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930