Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն այդ «դատավարություններն» օգտագործում է ՀՀ-ի դեմ ագրեսիա գեներացնելու համար»․ Արման Թաթոյան

Ապրիլ 14,2025 16:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Կառավարության այս նախաձեռնությունները բացարձակ անթույլատրելի են ինձ համար»,-Ազատության հրապարակում տեղադրված վրան-շտաբում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ահազանգեց ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը։

Արման Թաթոյան

Նա ահազանգեց՝ ամենաբարձր մակարդակի ատելություն է տարածվում արցախցիների նկատմամբ․ «Ատելություն է տարածվում մերձիշխանական, փոխկապակցված տարբեր սոցցանցերի էջերով հենց արցախցիների նկատմամբ։ Այս երկուսի միացությունը մեծ խնդիրներ է առաջացնում։ Սա նաև Հայաստանի, հայ հասարակությանը պառակտող երևույթ է։ Սա անհապաղ պետք է կանգնեցվի»։

Ըստ Արման Թաթոյանի՝ արցախցիների համար, որոնք ենթարկվել են էթնիկ զտման, բազում հանցագործությունների, փոխանակ ապահովենք արժանապատիվ կյանք, նրանց զրկանքների մեջ ենք դնում․ «Սա կառավարության քաղաքական հաշվարկներով պայմանավորված քայլ է, որն անթույլատրելի է։ Երբեք թող տպավորություն չստեղծվի, որ այստեղ մեծահոգության քայլ է, և ողորմություն են տրամադրում։ Մարդու արժանապատվության և կյանքի նվազագույն պայմանների հարց է։ Բոլորն էլ ուզում են արժանապատիվ աշխատել, իրենց ընտանիքի հացի գումարը վաստակել, բայց պարզապես պայմանները պիտի այնպիսին լինեն, որ այդ մարդիկ դրա հնարավորությունն ունենան։ Այս հարցերը պետք է հանրությանը ճիշտ մատուցվի, որ ժողովրդի վրա քարոզչությունն իր ազդեցությունը չունենա»։

Անդրադառնալով ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը՝  Արման Թաթոյանն ասաց․ «Այն, ինչ անում է ՀՀ-ն, ամբողջովին դուրս է դրել Արցախ վերադարձի հարցը ՀՀ քաղաքական օրակարգից։ Չի կարող ՀՀ իշխանությունը որոշել հազարամյակների պատմության հարցը։ Այստեղ խոսքը գնում է առնվազն հումանիտար հարցերի մասին։ Միգուցե այնպիսի քաղաքական հաշվարկներ են իրենք անում, որոնք ՔՊ-ի շահերից են բխում, բայց ոչ հայ ժողովրդի և պետության շահերից»։

Արման Թաթոյանը փաստեց՝ Ադրբեջանը գերիների հարցն ամբողջությամբ մտցրել է փակուղի․ «Իրավական բոլոր ճանապարհներով ամեն ինչ անում են այս հարցն արգելափակելու համար։ Աշխատում են բոլոր միջազգային կազմակերպությունների հետ, որ արձագանք, աջակցություն չլինի, հիմա էլ ՀՀ տարբեր պաշտոնյաներ ասում են, որ պետք չէ այս հարցի մասին բարձրաձայնել։ Սա անընդունելի է, քաղաքական նեղ շահերով պայմանավորված պնդումներ են»։

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների այն արդարացումներին, թե իրենք գերիների հարցով զբաղվում են, բայց տարվում է ոչ հրապարակային աշխատանք, Արման Թաթոյանն ասաց․ «Հարցեր կան, որ հրապարակային քայլերով պետք է անել։ Հակառակը, հանրային ճնշում պիտի լինի։ Միջազգային կազմակերպություններ կան, որ հանրային ճնշման միջոցով ենք նրանց վրա ազդեցություն ունենում»։

Հղում կատարելով այն քաղաքականությանը, որն իրականացվում է Ադրբեջանի կողմից՝ օգտագործելով Բաքվում պահվող հայերի շինծու դատավարությունները, ՀՀ նախկին ՄԻՊ-ն ասաց․ «Տեսեք՝ գերիների դատավարությունները Ադրբեջանում։ Ցուցմունք են վերցնում կոնկրետ ադրբեջանցիներից, իբր նրանք հայերի ընկերներ են եղել։ Դուք տեսնեք՝ ինչ բացարձակ ատելություն, ֆաշիզմ է քարոզում Ադրբեջանն այդ դատավարությունների միջոցով։ ՀՀ իշխանություններն իրենց քաղաքականությամբ Ադրբեջանի համար ֆորմալ իրավական հիմքեր են ապահովում նոր ագրեսիայի համար։ Գերիների վերադարձի հարցը չի կարելի բերել, հանգեցնել միայն կոնկրետ մարդկանց ազատ արձակմանը։ Սա պետք է դիտարկվի ՀՀ-ի լայն արտաքին քաղաքականության շրջանակում։ Ադրբեջանը դատավարություններն օգտագործում է ՀՀ-ի դեմ ագրեսիա գեներացնելու համար, ՀՀ-ի դեմ աշխատանքի համար»։

Այն, որ ՀՀ-ն պատրաստ է հետ վերցնել միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը խաղաղության պայմանագրի կնքումից հետո, այս մասին Արման Թաթոյանն ասաց․ «Միջազգային հայցերի կամ գանգատների հետ վերցնելը չի բխում ոչ միայն մեր այն քաղաքացիների շահերից, որոնք անմիջականորեն այդ վտանգների կրողներն են, այլև դա ՀՀ պետական շահերի դեմ է։ Նաև Սահմանադրության հետ հակասության հետ ենք գործ ունենալու։ Սա նաև հնարավորություն է տալիս Ադրբեջանին «մաքրվելու բոլոր հանցագործություններից»։

Այն հավաստիացումներին, թե դա միակողմանի գործընթաց չի լինելու, նաև Ադրբեջանն է հետ վերցնելու մեր դեմ ներկայացված հայցերը, Արման Թաթոյանն այսպես արձագանքեց․ «Այդ դեպքում ինչո՞ւ է Ադրբեջանը դատավարություններն այսքան ակտիվ առաջ տանում ու նոր պահանջներ ձևակերպում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930