Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպես կարելի է ազատագրել Արցախը. Ստեփան Հասան-Ջալալյան

Ապրիլ 14,2025 16:10

Ադրբեջան-Արցախ հակամարտությունն ունի ավելի քան հարյուր տարվա պատմություն: Իր ծագումից մինչ օրս բազմաթիվ փորձեր են արվել լուծելու այն, սակայն, դրանցից և ոչ մեկը չի ապահովել ցանկալի արդյունք: Դրա պատճառներից մեկը Արցախի նկատմամբ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի բոլոր ժամանակների վարչակազմերի վարած հակահայկական, ծավալապաշտական քաղաքականությունն ու խաղաղության հասնելու իրական նպատակի բացակայությունն է:

Դեռևս չկարգավորված Ադրբեջան-Արցախ հակամարտությունը հավելյալ ռիսկեր է ստեղծում Հարավային Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից:

Հարավային Կովկասի անվտանգության հարցը, բացի տվյալ տարածաշրջանի երկրներից, հետաքրքրում է նաև արտատարածաշրջանային երկրներին՝ պայմանավորված այստեղ վերջիններիս հետապնդած քաղաքական, տնտեսական և այլ շահերով:

Հետևաբար, հակամարտության խաղաղ, արդար և շուտափույթ կարգավորումը, որը կարող է նպաստել հարավկովկասյան տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղության հաստատմանը, բխում է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ արտատարածաշրջանային երկրների շահերից:

Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած 2020 թվականի 44-օրյա և 2023թ. սեպտեմբերի 19-20-ի երկօրյա ահաբեկչական պատերազմները, դրանց հետևանքով արցախահայության ցեղասպանությունն ու Արցախի հայաթափումը բոլորովին նոր իրադրություն ստեղծեցին հարավկովկասյան տարածաշրջանում:

Ադրբեջանի ագրեսիան ցույց տվեց, որ վերջինս հրաժարվում է Ադրբեջան-Արցախ հակամարտության խաղաղ կարգավորումից, մասնավորապես՝ ռազմական եղանակով հարցի լուծումը բացառելու վերաբերյալ բազմիցս արված իր հայտարարություններից: Պատերազմը բացահայտեց Ադրբեջանի ագրեսիվ, զավթողական քաղաքական բնույթը և Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվելու միջազգային միակ մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի անտեսումը տարածաշրջանում կայուն և խաղաղ զարգացումների վերաբերյալ:

Արցախի Հանրապետության դեմ 2020 և 2023 թվականների Ադրբեջանի ագրեսիաներից հետո միջազգային կառույցների, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, միջազգային հանրության անդամ առանձին պետությունների ընդունած բանաձևերն անառարկելիորեն վկայում են, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը կարգավորված չէ, այն փակված էջ չէ:

Հետևաբար, կոնֆլիկտի կարգավորման նոր ուղիների, արցախահայության՝ Արցախում տիրոջ իրավունքով և կարգավիճակով վերահաստատվելու հիմնական գաղափարի իրականացման հնարավորությունների արծարծումը հրատապ անհրաժեշտություն է:

Ստորև համառոտ ներկայացվում են կոնֆլիկտի կարգավորման հնարավոր եղանակները:

ԽԱՂԱՂ ԵՂԱՆԱԿ

Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորման խաղաղ հնարավորությունը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման մեջ է:

Մինչև չլինի Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման կայուն, տևական և արդյունավետ միջոց, օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանն Արցախի Հանրապետության նկատմամբ իր ահաբեկչական գործելաոճը, իր ապօրինի հավակնությունները չի դադարեցնելու:

Ի՞նչ կարող են անել դրա համար միջազգային հանրության անդամ պետությունները. ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Իսկ ինչո՞ւ չեն ճանաչում, քանի որ նույնիսկ Հայաստանն ինքը չի ճանաչել և չի ճանաչում Արցախի Հանրապետության անկախությունը:

Կարծում ենք՝ Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչելու օտարերկրյա պետությունների քաղաքական վարքագծի մեջ կա որոշակի տրամաբանություն: Եթե Հայաստանի Հանրապետությունը, բացառությամբ, իհարկե, Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչակազմի, որն աշխարհի ամենաշահագրգիռ պետությունն է Արցախի Հանրապետության նկատմամբ բոլոր առումներով, չի ճանաչել և չի ճանաչում Արցախի Հանրապետության անկախությունը, ապա ինչո՞ւ պետք է մյուս պետությունները ճանաչեն:

Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը հասնելու հնարավորություններից մեկը Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է:

2021թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացումը» վերնագրով ռեզոլյուցիա (որոշում), որի 1-ին կետի համաձայն՝ «Գլխավոր ասամբլեան… վերահաստատում է, որ բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացումը…հանդիսանում է մարդու իրավունքների արդյունավետ երաշխավորման և պաշտպանության ու այդ իրավունքների պահպանման և խրախուսման հիմնարար պայման»:

Մեջբերումից պարզ է դառնում, որ մարդու բոլոր իրավունքները կարող են արդյունավետ կերպով երաշխավորվել և պաշտպանվել, եթե իրականացվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Մինչև միջազգայնորեն չճանաչվի արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման փաստը, այն է՝ 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքում անկախ հռչակված Արցախի Հանրապետությունը, հնարավոր չի լինելու արդյունավետ կերպով երաշխավորել և պաշտպանել արցախահայության մնացյալ բոլոր իրավունքները:

Հարկ է նշել, որ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը, կամ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումը չի կարող որևէ կերպ խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Այսպես, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն ինքնորոշման սկզբունքը սահմանված է որպես նպատակ, իսկ տարածքային ամբողջականությունը՝ որպես սկզբունք: Կանոնադրության 1-ին հոդվածի 2-րդ մասով, մասնավորապես, սահմանված է. «Միավորված ազգերի կազմակերպության նպատակներն են… 2. Զարգացնել ազգերի բարեկամական հարաբերությունները՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա…», իսկ կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ մասով, մասնավորապես, սահմանված է. «Կազմակերպությունը և նրա անդամները, հետամուտ լինելով 1-ին հոդվածում շարադրված նպատակներին, գործելու են հետևյալ սկզբունքների համաձայն…. 4. Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և/կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից:»:

Մեջբերումներից պարզ է դառնում, որ ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածում շարադրված սկզբունքները պետք է հիմք հանդիսանան կանոնադրության 1-ին հոդվածում շարադրված նպատակներին հասնելու համար: Այսինքն՝ տարածքային ամբողջականությունը, որպես ՄԱԿ-ի սկզբունք, պետք է հիմք հանդիսանա՝ հասնելու ժողովուրդների ինքնորոշմանը որպես ՄԱԿ-ի նպատակի:

Փաստորեն, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն ժողովուրդների ինքնորոշումը տարածքային ամբողջականության նկատմամբ ունի գերակա դիրք:

Տարածքային ամբողջականության նկատմամբ ազգերի ինքնորոշման իրավունքի գերակա դիրքի մասին է վկայում նաև Կոսովոյի անկախության վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացությունը:

Արդարադատության միջազգային դատարանը 2010թ. հուլիսի 22-ին ընդունել է խորհրդատվական եզրակացություն միջազգային իրավունքի նորմերին Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման համապատասխանության վերաբերյալ:

Դատարանը քննության է առել նաև «տարածքային ամբողջականություն» հասկացությունը և տվել հետևյալ մեկնաբանությունը. «տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակը սահմանափակվում է միջպետական հարաբերությունների ոլորտով»:

Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ տարածքային ամբողջականության սկզբունքի մասին կարելի է խոսել միայն միջպետական հարաբերությունների ոլորտում, այսինքն՝ երկու կամ ավելի պետությունների միջև հարաբերությունների ոլորտում: Այդ ոլորտից դուրս չի կարելի խոսել տարածքային ամբողջականության սկզբունքի մասին: Տարածքային ամբողջականության սկզբունքը կարելի է կիրառել միայն պետությունների միջև հարաբերությունների մասին խոսելիս:

Քանի որ Ադրբեջան-Արցախ հակամարտությունը միջպետական հարաբերությունների ոլորտում գտնվող հակամարտություն չէ, հետևաբար այս հակամարտության պարագայում չի կարելի խոսել տարածքային ամբողջականության սկզբունքի մասին:

Այսպիսով, Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման հետ կապված ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության լույսի ներքո օկուպանտ Ադրբեջանը Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման համատեքստում չի կարող խոսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման մասին:

Հետևաբար, Արցախի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կազմող ազգությամբ հայերի՝ տիրոջ իրավունքով և կարգավիճակով Արցախ վերադարձն իրականություն դարձնելու և Արցախի Հանրապետությունում նրանց երաշխավորված, անվտանգ և ստեղծարար կենսագործունեությունն արդյունավետ կերպով ապահովելու համար Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը հրամայական անհրաժեշտություն է:

Երբ ասվում է, որ արցախահայությունը պետք է վերադառնա Արցախ տիրոջ իրավունքով և կարգավիճակով, նկատի է առնվում հետևյալը՝

  • Արցախի Հանրապետությունում պիտի շարունակի իր լիազորություններն իրականացնել Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից ձևավորված վարչակազմը:
  • Արցախի Հանրապետությունում պիտի շարունակի գործել Արցախի Հանրապետության օրենսդրությունը:
  • Կտրականապես պիտի բացառել օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանին Արցախի որևէ կերպ՝ ուղղակի, անուղղակի, կամ նույնիսկ թվացյալ ենթակայություն:

Հաշվի առնելով՝

  • արցախահայության կամարտահայտությունը՝ միջազգային և ԽՍՀՄ իրավական ակտերի հիման վրա ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման փաստը, այն է՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետությունում անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները,
  • 1992թ. հուլիսի 8-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» որոշումը, որի ընդունման համար Հայաստանի Հանրապետությունը, մասնավորաբար, հիմք է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները,
  • հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում բանակցությունները վերսկսելուց Ադրբեջանի հրաժարումը,
  • արցախահայությանը ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի բոլոր ժամանակների վարչակազմերի ապացուցված քաղաքականությունը՝

Հայաստանի Հանրապետությունը կարող է և պետք է անհապաղ ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը:

Հարկ է նշել, որ դեռևս 1992թ. Հայաստանի Հանրապետությունը որոշակի քայլ է կատարել Արցախի Հանրապետության անկախության ճանաչման ուղղությամբ: 1992թ. հուլիսի 8-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» որոշում:

Նշված որոշումը Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունել է՝ «հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգերի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա:»:

Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունը դեռևս 1992թ. հուլիսին ճանաչել է արցախահայության կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման փաստը, այն է՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետությունում անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները:

Արցախի Հանրապետության անկախության ճանաչումից անմիջապես հետո Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության հետ պետք է կնքի բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր: Այս քայլով առաջին՝ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը դե յուրե միմյանց նկատմամբ կստանձնեն փոխադարձ պարտավորություններ, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության դեմ որևէ երրորդ պետության կողմից ագրեսիայի իրականացման դեպքում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետությունը կամ Արցախի Հանրապետությունը կունենա լեգիտիմ իրավունք ռազմական աջակցություն ցուցաբերելու ագրեսիայի ենթարկված կողմին: Երկրորդ՝ Հայաստանի Հանրապետությունն այլևս չի կարող բանակցել Արցախի Հանրապետության անունից, կամ նրա փոխարեն, առավել ևս ստորագրել որևէ փաստաթուղթ, որն այս կամ այն չափով կարող է վերաբերել Արցախի Հանրապետության ազգային, պետական շահերին:

Այսպիսով, Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորման խաղաղ եղանակն Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն է: Իսկ դրան հասնելու հնարավորություններից մեկը կարող է լինել Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը:

ՈւԺԱՅԻՆ ԵՂԱՆԱԿ

Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորման մյուս եղանակն ուժային եղանակն է:

Եթե միջազգայնորեն չճանաչվի Արցախի Հանրապետության անկախությունը, ապա Արցախի Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիների՝ տիրոջ իրավունքով և կարգավիճակով Արցախ վերադարձն իրականություն դարձնելու և այնտեղ նրանց խաղաղ, անվտանգ ու ստեղծարար կենսագործունեությունն ապահովելու նպատակով Արցախի Հանրապետության վտարանդի վարչակազմը կարող է դիտարկել նաև ուժային եղանակը:

Հարցն ուժային եղանակով լուծելու հնարավորություն Արցախի Հանրապետության վարչակազմին տալիս է միջազգային իրավունքը: Այսպես, 1933թ. դեկտեմբերի 26-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում ամերիկյան 20 պետություններ, այդ թվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները, ընդունել են «Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին» կոնվենցիան, որն առավելապես հայտնի է Մոնտեվիդեոյի կոնվենցիա անունով:

Հիշյալ փաստաթղթի 3-րդ հոդվածում, մասնավորապես, արձանագրված է. «Պետության քաղաքական գոյությունը կախված չէ այլ պետությունների ճանաչումից: Նույնիսկ ճանաչումից առաջ պետությունն իրավունք ունի պաշտպանելու իր ամբողջականությունն ու անկախությունը…»:

Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ դե ֆակտո պետությունը կարող է ցանկացած միջոցով, այդ թվում նաև ուժի գործադրման միջոցով, պաշտպանել իր տարածքային ամբողջականությունն ու անկախությունը:

Հարկ է նշել, որ 2021թ. սեպտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը վավերացրել է Մոնտեվիդեոյի կոնվենցիան:

Իսկ ուժային եղանակը գործադրելու իր իրավունքը Արցախի Հանրապետության վտարանդի վարչակազմը կարող է իրացնել հետևյալ կերպ. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը, որից անմիջապես հետո Հայաստանի Հանրապետության վարչակազմը Արցախի Հանրապետության վտարանդի վարչակազմի հետ կնքում է «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագիր:

Ղեկավարվելով Մոնտեվիդեոյի կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության հետ կքված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի դրույթներով՝ Արցախի Հանրապետության վարչակազմը պաշտոնապես գրավոր դիմում է Հայաստանի Հանրապետության վարչակազմին՝ խնդրելով Արցախի Հանրապետությանը տրամադրել ռազմական օգնություն: Արցախի Հանրապետության վարչակազմը, վերակազմավորելով Հայաստանի Հանրապետության տրամադրած ռազմական օգնությունը, այն անվանում է Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակ, որի միջոցով էլ դեօկուպացիայի է ենթարկում Արցախի Հանրապետության տարածքը: Արցախի Հանրապետության դեօկուպացիայի հատուկ ռազմական գործողությանը կարող են մասնակցել կամավորական ջոկատներ ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ՝ արտերկրից:

Հաշվի առնելով 1918 թվականի մայիսին Օսմանյան Թուրքիայի վարչակազմի կողմից հարավկովկասյան տարածաշրջանում Ադրբեջան անունով արհեստական, կեղծ, խամաճիկային կազմավորման ստեղծման փաստը, ինչպես նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության հետ այդ արհեստական կազմավորման փոխհարաբերությունների ողջ պատմությունը, որը կազմում է 107 տարի՝ վստահաբար կարող ենք պնդել, որ Ադրբեջանը խաղաղ ճանապարհով չի ազատելու Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքի նույնիսկ մեկ միլիմետրը:

Հետևաբար, Արցախի մեր հայրենակիցների՝ տիրոջ իրավունքով և կարգավիճակով Արցախ վերադարձն իրականություն դարձնելու և այնտեղ նրանց խաղաղ, անվտանգ ու ստեղծարար կենսագործունեությունն ապահովելու նպատակով հրամայական անհրաժեշտություն է ուժային եղանակով օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանին դուրս քշելու Արցախի Հանրապետության տարածքից:

Արցախն ազատագրելու վերոնշյալ եղանակներից ցանկացածի իրագործման հնարավորություն, սակայն, կարող է ստեղծվել Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն մասնագիտական կրթություն, Հայաստանի ազգային, պետական շահերը սպասարկելու հետագիծ, ցանկություն և կարողություն ունեցող վարչակազմի առկայության պարագայում:

Ստեփան ՀԱՍԱՆՋԱԼԱԼՅԱՆ

քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930