«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն այսօր Լյուքսեմբուրգում կայացած ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում հայտարարել է, որ խորապես անհանգստացած է սահմանին լարվածության աճով։ «Իմ ցանկությունն է, որ այնտեղ տեղակայված եվրոպական առաքելությունն ընդլայնվի, որպեսզի կարողանա դիտարկել և զսպել լարվածությունը։ Խաղաղության պայմանագիրը պետք է այժմ ստորագրվի, և կամայականորեն անազատության մեջ պահվող անձինք՝ գերիները, պետք է ազատ արձակվեն»-ասել է նախարարը:
Այս հստակ ու հասցեական հայտարարությունը վկայում է երկու առանցքային փոփոխության մասին։ Առաջին՝ Հայաստանը վերադասավորվում է որպես եվրոպական անվտանգության ճարտարապետության ներսում դիտարկվող դերակատար, և երկրորդ՝ Ադրբեջանի սպառնալիքներն այլևս չեն դիտարկվում որպես երկկողմ անջրպետ, այլ ընկալվում են որպես համակարգային խափանում տարածաշրջանային և եվրոպական կայունության մեջ։
ԵՄ դիտորդական առաքելության գիշերային պարեկային գործողությունների ընդլայնումը և անդամ պետությունների ամենաբարձր մակարդակի արձագանքները հաստատում են, որ եվրոպական ներկայությունն այլևս ոչ միայն խորհրդանշական է, այլ՝ անվտանգության կանխարգելման գործնական հարթակ։ Ժան-Նոել Բարոյի նշած պահանջները՝ դիտարկումների ծավալների ընդլայնում, խաղաղության պայմանագրի ստորագրում, գերիների անհապաղ վերադարձ, վերածվում են դիվանագիտական գերակայությունների, որոնցով չափվելու են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կողմնորոշումները։
Հայաստանն այս փուլում պետք է հանդես գա որպես ոչ միայն շահառու, այլ նաև նախաձեռնող։ Եվրոպական առաքելության մանդատի ընդլայնումն ու քաղաքական ներգրավվածության խորացումն անհրաժեշտ է դարձնել ինստիտուցիոնալ գործընթաց՝ առաջարկելով դիտորդական մեխանիզմների տեխնիկական կատարելագործում, դիտարկման գոտու տարածական ընդլայնում, ինչպես նաև միջազգային իրավաքաղաքական գնահատման ռեժիմի գործարկում։