Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարության որոշումներն անընդունելի են․ խոսքը չպետք է վերաբերի արցախցներին՝ որպես ողորմություն գումարներ տալուն»․ Արման Թաթոյան

Ապրիլ 14,2025 15:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Դուք շատ լավ՝ արմատից գիտեք մեր խնդիրը։ Հիմա արցախցիները բախվում են բազմաթիվ նոր խնդիրների, որոնք լուծում պետք է ստանան առաջնահերթորեն պետական մարմինների կողմից, բայց քանի դեռ հանրային լայն համախմբում չկա դրա շուրջ, հանրային մարմինները բավարար ճնշում չեն զգում»,- Ազատության հրապարակում տեղադրված վրան-շտաբում ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանի հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Նա առաջարկեց արցախների իրավունքների պաշտպանության համար համատեղ գործողություններ իրականացնել․ «Արցախի ժողովրդի խնդիրը հայ ժողովրդինն է, և մեր խախտված իրավունքների վերականգնումը, պաշտպանությունը ամբողջ հայ ժողովրդի և ՀՀ-ի հարցն է, որի մասով մենք պատրաստ ենք մեր բաժին ծանրությունը տանել»։

Ազատության հրապարակում տեղադրված վրան-շտաբում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը նշեց՝ լավ օրից չէ, որ դուք դուրս եք եկել այս պայքարին, այս վիճակում հայտնվել․ «Արցախցիների իրավունքների պաշտպանության հարցն ինձ համար ունի սկզբունքային կարևորություն։ Ես արցախցիների իրավունքների հարցը դիտարկում եմ երկու հիմնական տեսանկյունից՝ մեկը ՀՀ-ում արցախցիների իրավունքների պաշտպանված վիճակն է, որը հիմնված է արդարության սկզբունքի վրա և երկրորդը՝ արցախցիների վերադարձի հարցն է հայրենիք։ Արցախի հայերը բնիկ ժողովուրդ են եղել Արցախում, և այստեղ կա նաև բնական, հիմնարար իրավունքների հարց»։

Արման Թաթոյանը վստահեցրեց՝ կառավարության որոշումները սկզբունքային առումով անընդունելի են իր համար և մանրամասնեց․ «Դրանք էությամբ այլ սկզբունքներ ունեն։ Իրականում խոսքը չպետք է վերաբերի, կներեք, արցախցիներին ընդամենը որպես ողորմություն գումարներ տալուն, այն էլ վերաձևակերպելով, որ կառավարությունն իրականացնում է թիրախավորումների վերաձևակերպում, բայց արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ ենք ունենում, որ անելանելի վիճակում են հայտնվում, այլ այստեղ մարդկային ճակատագրեր են, երեխաների, ընտանիքների իրավունքներ։ Եկել եմ իմ աջակցություն հայտնելու ձեզ ու, իհարկե, հասկանալու, թե լրացուցիչ ինչ ջանքեր է պետք գործադրել, որ այս հարցերը նաև լուծում ստանան»։

Արման Թաթոյանն ասաց՝ նախորդ կառավարության իրականացրած ծրագրերն էլ քաղաքական նշանակություն ունեին․ «Կառավարությունը դա արեց, որ քաղաքական շահեր լուծեին, սոցիալական արդարության խնդիրներ այդտեղ էլ ունեինք։ Բնակարանների հետ կապված ծրագիրն ենք հիշում։ Այս դեպքում էլ նաև քաղաքական նպատակահարմարության հաշվարկներն են հիմքում և ոչ թե մարդկանց կարգավիճակը, սոցիալական արդարությունը, նրանց իրավունքները»։

Արման Թաթոյանը փաստեց՝ հրատապ լուծումների կարևորությունն է ստիպել արցախցիներին, որ այս պայքարը նախաձեռնեն։

Արտակ Բեգլարյանը համաձայնեց՝ հրատապ խնդիրները ժողովրդին հանել են փողոց․ «Ստիպված ենք եղել հանրային պայքարի դուրս գալ, քանի որ մեր ձայնը չէր լսվում ու հաշվի չէր առնվում։ Որևէ ներառական գործընթաց չի եղել արցախցիների վերաբերյալ որոշումների կայացման առումով։ Ներքին առումով մեր գլխավոր նպատակը Արցախի ժողովրդի համար ՀՀ-ում՝ մայր Հայաստանում կայուն, արժանապատիվ կեցության պայմաններ ապահովելն է, քանի որ մեզ համար կարևոր է, որ Արցախի ժողովուրդը մնա ՀՀ-ում վերադարձի իրավունքի իրացման հնարավորությունները բաց պահելու և իրացնելու համար և նաև մայր հայրենիքին լրացուցիչ օգտակար լինելու համար։ Արցախցիները ՀՀ-ում չպետք է ընկալվեն որպես սոցիալական բեռ, այլ պետության կողմից դիտարկվեն՝ որպես ներուժ։ Մենք այստեղ ենք նաև ամրանալու մեր հայրենիքում և ամրացնելու այն, մինչև կարողանանք ավելի ուժեղ ու զարգացած ՀՀ ունենալ և մեկ օր վերադառնալ մեր փոքր, մեր պատմական հայրենիք՝ Արցախ»։

Արման Թաթոյանը, փաստելով, որ արցախցիները մեր հա ժողովրդի մի մասնիկն են, ասաց․ «Ըստ այդմ էլ պետք է վերաբերմունքը լինի։ Բայց այսօր ձեր պայքարը տեղի է ունենում հրապարակային, սոցցանցերում արցախցիների նկատմամբ բարձր աստիճանի ատելության պայմաններում, և ուղղակի նպատակադրված քարոզվում է ատելություն ու թշնամանք։ Դա հայ ժողովրդին՝ միասնական ժողովրդին պառակտելու քաղաքականություն է։ Մինչդեռ մեր արտաքին մարտահրավերներն այնպիսին են, որ մեզ անհրաժեշտ է համահայկական համերաշխություն։ Մեր մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ այս պառակտումը նույնը նաև սփյուռքում է։ Սա իշխանությունների քաղաքական քայլերի ու հաշվարկների արդյունքն է, որը չի բխում հայ ժողովրդի անվտանգային մարտահրավերներից»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930