Նախապատմություն
Ավելի քան 8 ամիս է, ինչ ՀՀ քաղաքացի, գործարար Տիգրան Խաչատրյանը գտնվում է ՌԴ–ում կալանքի տակ: 2024թ. հուլիսի 3-ին Տիգրան Խաչատրյանը ժամանել է Մոսկվա և հանգրվանել քաղաքի հյուրանոցներից մեկում: Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները բերման են ենթարկել նրան և նույն օրը ձերբակալել: Նրան մեղադրանք է առաջադրվել իր դստեր՝ Մարինա Խաչատրյանի նախկին ամուսնու՝ Գարեգին Մուրադյանի և նրա հոր՝ Արամ Մուրադյանի սպանությունը նախապատրաստելու մեջ: Մեղադրանքը հիմնված է բացառապես երկու «գաղտնի» վկաների ցուցմունքների վրա, առանց որևէ օբյեկտիվ ապացույցի:
ՀՀ–ում նույնպես հարուցվել է քրեական գործ, քանի որ Տիգրան Խաչատրյանի ձերբակալումից անմիջապես հետո մի խումբ անձինք սկսել են Երևանում բնակվող նրա ընտանիքի անդամներից շորթել առանձնապես խոշոր չափով գումարներ՝ խոստանալով նպաստել Տիգրան Խաչատրյանի ազատ արձակմանը: ՀՀ քննչական կոմիտեն արձագանքել է այս իրավիճակին՝ հարուցելով թիվ 15-0756-24 քրեական վարույթը, որի շրջանակներում տուժող են ճանաչվել Տիգրան Խաչատրյանը և նրա ընտանիքի երկու անդամները:
«Գաղտնի» վկայի ֆինանսական խարդախությունների նոր ապացույցներ
Կարդացեք նաև
Տիգրան Խաչատրյանի դեմ ցուցմունք տված «գաղտնի» վկաներից մեկը Կարինեն, ներգրավված է եղել բազմաթիվ ֆինանսական խարդախությունների մեջ: Պարզվել է, որ նա տարիների ընթացքում մի շարք անձանցից խաբեությամբ վերցրել է խոշոր գումարներ կամ ձևակերպել վարկեր նրանց անուններով առանց մարելու պարտքերը:
Խաչատրյանների ընտանիքը հրապարակել է, որ այս կինը եղել է Տիգրան Խաչատրյանի կնոջ մանկության ընկերուհին և ժամանակին նույնիսկ բնակվել է նրանց տանը: Ընտանիքի պնդմամբ՝ Կարինեն կապեր է հաստատել անդրազգային հանցավոր խմբի հետ՝ իր ֆինանսական պարտքերի պատճառով:
Խարդախության նախկին զոհերի վկայություններ
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է, որ Կարինեն 2024 թվականի ընթացքում մի շարք անձանցից խոշոր գումարներ է վերցրել՝ խոստանալով վերադարձնել: Նրա զոհերից է 70-ամյա մի կին, որը կորցրել է իր խնայողությունները:
«Կառայի հետ ինձ ծանոթացրել է իմ ընկերուհին, որն ուսուցիչ է էլի։ Ընկերուհուս մոտ վստահություն էր ձեռք բերել, նա հաճախ էր գումար տալիս պարտքով, Կառան էր վերադարձնում էր։ Երբ էլի պետք եղավ, ընկերուհիս ինձ դիմեց, Կառայի հետ ծանոթացրեց։ Տպավորությունը վատը չէր, թե չէ գումար չէի տա», – պատմում է տուժածներից մեկը:
Մեկ այլ անձ պատմել է, որ Կարինեն բազմաթիվ մարդկանց է խնդրել իր անունով վարկեր վերցնել: «Մի սիրուն օր վեր կացավ ու Հայաստանից փախավ, բոլորիս փողեց այս վիճակի մեջ։ Գնացել եմ Քննչական կոմիտե, դիմել եմ, մերժեցին։ Ասեցին՝ դուք ձեր հոժար կամքով եք գնացել, կանգնել երաշխավոր», – հայտնել է նա:
Բանկային մեքենայություններ և գրավադրված գույք
Ըստ զոհերի ու «Դատալեքս»-ի տվյալների՝ Կարինեն օգտվել է բանկային աշխատակիցների հետ ունեցած կապերից վարկեր ձևակերպելու համար: Բանկերից մեկը դիմել է դատարան՝ Կարինեին սնանկ ճանաչելու պահանջով: Նրան տրամադրվել է շուրջ 240 հազար դոլարի վարկ, որից մոտ 180 հազարը չի մարվել: Գրավադրվել է Սայաթ-Նովա պողոտայում գտնվող բնակարանը:
Առավել ցնցող է այն փաստը, որ, ըստ վկայությունների, Կարինեն գրավադրել է նաև իր 83-ամյա մորաքրոջ բնակարանը, ով վարկերի վերաբերյալ տեղեկությունն իմանալուց հետո ծանր վիճակում հոսպիտալացվել և մահացել է:
Շորթման նոր փորձեր և սպառնալիքներ Խաչատրյանների ընտանիքին
Մարինա Խաչատրյանը հայտնել է, որ Կարինեն, հանդես գալով որպես «գաղտնի» վկա, փորձել է նաև իրեն մեղադրել իր մեքենայի հրկիզման մեջ: «Նա գտնվում էր սնանկ ճանաչվելու գործընթացի մեջ և նախապես ենթադրվում էր, որ տվյալ գույքերից զրկվելու էր։ Մեքենայի հրկիզման հետ կապված քրեական վարույթը զուգորդված է եղել շորթման դեպքին, և մտավախություն ունենք, որ տվյալ հրկիզումը արհեստածին է կամ կատարվել է այլ նպատակով», – նշել է ընտանիքի փաստաբանը:
Մարինա Խաչատրյանի խոսքով՝ եթե ճնշումները չդադարեն, ինքը ստիպված կլինի բացահայտել բոլոր ներգրավված անձանց, այդ թվում պաշտոնատար անձանց անունները մամուլի ասուլիսի ժամանակ՝ հայկական և ռուսական մամուլի ներկայացուցիչների ներկայությամբ:
Տիգրան Խաչատրյանի պաշտպանական խումբը կրկին կոչ է անում.
- Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին
- անհապաղ ակտիվացնել օպերատիվ-քննչական գործողությունները շորթման գործով,
- մանրամասն ուսումնասիրել երկու գաղտնի վկաների ցուցմունքների հիմնավորվածությունը և նրանց ֆինանսական կապերը,
- քննիչ գործուղել Մոսկվա և քննչական համագործակցություն հաստատել երկու քրեական գործերով՝ հանցավոր խմբին վնասազերծելու և ճշմարտության բացահայտման համար,
- ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահին՝ ընդունել և լսել Մարինա Խաչատրյանին ու իր փաստաբանին,
- ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ դիվանագիտական խողովակներով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը փոխանցել Ռուսաստանի Դաշնությունում քննվող Տիգրան Խաչատրյանի գործի հետ կապված հնարավոր մտահոգությունները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան միջոցով Մոսկվայում նախաձեռնել և կազմակերպել հանդիպում Տիգրան Խաչատրյանի հետ և լսել նրան,
- ապահովել ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանությունը՝ ներառյալ ընտանիքի անդամների անվտանգությունը:
- Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին
- ուսումնասիրել գործի բացահայտված հանգամանքները՝ կապված երկու գաղտնի վկաների ինքնության և դրդապատճառների հետ,
- տրամադրել Տիգրան Խաչատրյանին արդար դատաքննության հնարավորություն:
Տիգրան Խաչատրյանի պաշտպանական խմբի մասին
Պաշտպանական խումբը ձևավորվել է Տիգրան Խաչատրյանի ՌԴ–ում հարուցված թիվ 12402450016000096 և ՀՀ–ում հարուցված թիվ 15-0756-24 քրեական գործերի հանրայնացման, նրա իրավունքների պաշտպանության և արդարության վերականգնման նպատակով: Խմբի առաքելությունն է հասնել Տիգրան Խաչատրյանի վերջնական անմեղության հռչակմանը և գործով մեղավորների պատասխանատվության ենթարկմանը, ինչպես նաև՝ ՀՀ–ում կատարվող հանցագործության փաստով հարուցված թիվ 15-0756-24 քրեական գործը բացահայտելու համար: Պաշտպանական խմբի կազմում ներգրավված են Տիգրան Խաչատրյանի ընտանիքի անդամներ, մտերիմ ընկերներ, փաստաբաններ, իրավական և անվտանգության ոլորտի փորձագետներ, ինչպես նաև հասարակության ներկայացուցիչներ։
Տիգրան Խաչատրյանի պաշտպանական խումբ