«Նույնիսկ փաստագրված տվյալներ կան, թե ինչպես են կրակոցներն ուղիղ տների, տանիքների ուղղությամբ լինում։ Այսինքն, ասել, որ հասցեական չեն կրակոցները, մեղմ ասած՝ սուտ է։ Բայց երբ ՊՆ-ն է նման հայտարարություն տարածում, ուղղակի անընդունելի է, խայտառակություն է։ Ի վերջո, սահմանին ապրող մարդիկ ամենօրյա ռեժիմով զգում են ադրբեջանական ագրեսիան, զգում են կրակոցները։ Իմիջիայլոց, կամ թիրախային են կրակում, կամ, եթե օդ են կրակում, հո հենց այնպես օդ չե՞ն կրակում․ դա ևս տեռորի նշանակություն ունի, կոնկրետ թիրախավորման նշանակություն ունի։ Այսինքն, մարդկանց վախի մթնոլորտում պահելու նշանակություն ունի»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ արձագանքելով ՀՀ պաշտպանության փոխնախարարի պնդումներին, թե Սյունիքում կրակոցներն անհասցե են, կուտակումներ էլ չկան։
Փոխնախարարի նման հայտարարություններն ընդդիմադիր պատգամավորի համար առնվազն տարակուսելի են։
Ընդդիմադիր պատգամավորի համար ակնհայտ է՝ Ադրբեջանը որեւէ կերպ տրամադրված չէ Հայաստանի հետ խաղաղության գնալ, չնայած ՀՀ իշխանության հայտարարություններին։
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասով էլ, որի լուծարման պահանջը դնում է Իլհամ Ալիեւը, իսկ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո այն լուծարել, Աննա Գրիգորյանը հիշեցնում է՝ այդ ձեւաչափը ոչ Ալիեւն է ստեղծել, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը, այդ ձեւաչափի խնդիրը ԼՂՀ հակամարտության կարգավորումն էր։ Այն, որ ՀՀ իշխանությունը հայտարարում է ԼՂՀ խնդրի լուծմամբ պայմանավորված այդ ձեւաչափի լուծարման մասին, նրա կարծիքով, զուտ ադրբեջանական խոսույթի սպասարկում է։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների՝ Ուկրաինայում պրոքսի-պատերազմով պայմանավորված խնդիրներին, Աննա Գրիգորյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ այժմ այդ պետությունների միջեւ բանակցություններ են ընթանում, ինչը կարող է հանգեցնել ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հարաբերությունների կարգավորման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի վերագործարկման։
Ընդդիմադիր պատգամավորը կարեւոր է համարում այդ ձեւաչափի վերագործարկումը, քանի որ այդ հարթությունում պետք է սպասարկվեն արցախցիների անվտանգ վերադարձի, նրանց գույքային իրավունքի հարցերը, հայ ռազմագերիների եւ շատ այլ հարցեր։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ