Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքոյանը կարևորել է բուժառուների իրավունքների պաշտպանությանը վերաբերող Օվիեդոյի կոնվենցիայի ընդունումը. «Մեր օրենսդրությանը հակասող դրույթներ հիմնականում չկան»

Ապրիլ 14,2025 14:49

«Կենսաբանության եւ բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության մասին» (Օվիեդոյի կոնվենցիա) կոնվենցիան ստորագրման համար բացվել է 1997 թվականի ապրիլի 4-ին, ուժի մեջ է մտել 1999 թվականի դեկտեմբերի 1-ին: Հայաստանի Հանրապետությունն այն ստորագրել է 2024 թվականի մայիսի 16-ին: Կոնվենցիայի նպատակը եւ կարգավորման առարկան կենսաբանության ու բժշկության նվաճումների կիրառման ոլորտում մարդու արժանապատվության եւ ինքնության պաշտպանությունն է, առանց խտրականության, յուրաքանչյուրի անձնական անձեռնմխելիության ու այլ իրավունքների եւ հիմնարար ազատությունների երաշխավորումը: Սա առողջապահության ոլորտում միակ կոնվենցիան է, որն անդրադառնում է մարդու իրավունքներին: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում: Քննարկվել է «Կենսաբանության եւ բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացնելու հարցը:

Փոխնախարարի խոսքով կոնվենցիայի պայմանագրային բնույթը պարտավորեցնում է այն վավերացրած պետություններին ընդունել օրենսդրություն կամ համապատասխանեցնել գործող ներպետական օրենսդրությունը կոնվնցիայի հիմնարար սկզբունքներին:

Օվիեդոյի կոնվենցիայի կարգավորումները շրջանակային բնույթի են եւ սահմանում են կենսաբժշկության ոլորտում մարդու արժանապատվության ու իրավունքների, ազատությունների պաշտպանության հիմնարար ուղենշային սկզբունքները, որոնց վրա խարսխվելով՝ շարունակաբար միջազգային իրավակարգավորման են ենթարկվում կենսաբժշկության ոլորտում մարդու արժանապատվությանը, իրավունքներին, ազատություններին առնչվող առավել զգայուն խոցելիություն ունեցող հարաբերությունները:

«Կարեւոր է արձանագրել, որ կոնվենցիան սահմանում է կենսաբանության եւ բժշկության նվաճումների կիրառման ոլորտում իրավունքների պաշտպանությունը երաշխավորող նվազագույն պահանջները, որոնք պետք է ապահովեն կոնվենցիայի անդամ պետությունների կողմից»,- նշել է փոխնախարարը: Կոնվենցիայով սահմանվում են այնպիսի հարցերի կարգավորումներ, ինչպիսիք են՝ պացիենտի իրազեկված համաձայնությունը ցանկացած բժշկական միջամտության համար, բժշկական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը, ֆինանսական շահի արգելքն օրգանների կամ հյուսվածքների փոխպատվաստման ընթացքում եւ պացիենտների իրավունքներին վերաբերող մի շարք այլ դրույթներ:

Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել կոնվենցիայի ընդունումից հետո նախատեսվող օրենսդրական փոփոխությունների շրջանակին:

Հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը կարեւորել է կոնվենցիայի ընդունումը, նշել, որ մեր օրենսդրությանը հակասող դրույթներ հիմնականում չկան: Ռուստամ Բաքոյանը տեղեկացրել է, որ կոնվենցիան առանձին դրույթներով քննարկվել է, տարբեր ձեւաչափերով աշխատանքային քննարկումներ են կազմակերպվել:

Օրենքի նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930