Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն այսօր հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց Գլխավոր դատախազությանը՝ արցախցիների դեմ ատելություն քարոզելու դեպքերի վերաբերյալ։ Արցախցիները դատախազությունից պահանջում են նաեւ բացատրություն տալ Արցախում կոռուպցիոն երեւույթների վերաբերյալ հաղորդումների հիմքով իրականացվող քրեական վարույթների ընթացքի մասին:
Արցախցի Տաթեւիկ Խաչատրյանը դատախազության շենքի մոտ ասաց, որ արդեն տեւական ժամանակ է՝ ատելության խոսքի եւ առերեւույթ թշնամանքի հետ կապված բազմաթիվ ահազանգեր են եղել, հանցագործության մասին բազմաթիվ հաղորդումներ են տրվել։ Բայց դատախազությունը ոչ մի հստակ գործողություն չի իրականացրել, չի դատապարտել եւ օրենքի սահմաններում չի պատժել ատելության խոսք տարածողներին։ Ընդհակառակը, այնպես է արել, որ ատելության այդ ալիքն ավելի ահագնանա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Այս փուլում որոշ շրջանակներ արցախցիներին հորդորում են պահանջել իրենցից թալանածը հետ բերել եւ այդ գումարներով լուծել արցախցիների սոցիալական խնդիրները։ Ի պատասխան արցախցիներն ասում են՝ թալանը պետք է հետ բերեն ՀՀ իշխանությունները։
Տաթեւիկ Խաչատրյանի խոսքով՝ երբ արցախցիները ներկայացնում են իրենք պահանջներն այս իշխանությանը, մարդկանց ասում են՝ գնացեք, ձեր թալանչիներից պահանջեք։ «Խնդրում ենք, ցույց տվեք այդ թալանչիներին եւ պատժեք, թալանը վերադարձրեք։ Ես չգիտեմ՝ ի՞նչ է փոխվել, որ հասարակ քաղաքացուն ուղարկում են ինչ-որ թալանչիներ բռնելու, նրանցից ինչ-որ փողեր վերցնելու։ Եթե սա ձեր նշած ժողովրդավարության բաստիոնն է, ապա գնացեք ձեր կողմից նշված թալանչիների հետեւից, եթե, իհարկե, դուք այդ թալանի մաս չեք»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանի խոսքով՝ թալանչիների մասին խոսում են այն մարդիկ, ովքեր շարունակում են այդ թալանն իրականացնել այսօր։ «Թալանել եք իմ երկիրը, ծախել եք իմ երկիրը, Արցախը ծախել եք, այ դա թալան է, դրա պատասխանը տվեք։ Մենք բոլորս այստեղ հավաքվել ենք, ասում ենք՝ ձեր ձեռքի տակ են բոլոր այդ հնարավորությունները, բացահայտեք, ներկայացրեք ժողովրդին այդ թալանը, նրանց անունները։ Պետք չէ այդ թալանի խոսքի տակ էլի մարդկանց մեջ մտցնել տարանջատում։ Ասում եք՝ գնացեք թալանչիներից փողը վերցրեք, բա իշխանությունը դուք եք 7 տարի, էդ թալանչիներին խի՞ չեք բերել կանգնեցրել ժողովրդի առաջ ու ասել՝ թալանչին սա է։ Սա կասկածանքի տեղիք է տալիս, որ դուք էլ եք մասնակից այդ թալանին, որ դուք էլ եք մասնակից այդ պրոցեսներին, դա ձեզ ձեռք է տալիս, որ ձեր աթոռին նստելու համար միշտ խոսեք դրա մասին։ Պետական մակարդակով ղեկավար ես, մատ ես թափ տալիս թալանչիների վրա՝ պատի տակ շարելու եմ, գետնին փռելու եմ։ Դե արա էլի, ո՞վ է քեզ խանգարում»,- ասաց Անաստաս Իսրայելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանն էլ ասաց․ «Երբ տիկին Շուշանը կամ արտաշատցի Աշոտը ինչ-որ վատ արարք են անում, դա չի պրոյեկտվում ամբողջ արտաշատցիների կամ աբովյանցիների վրա։ Իսկ այսօր, եթե մեկ արցախցի մի վատ արարք է անում, ամբողջը պրոյեկտում են 150 հազար մարդու վրա»։ Նա նշեց, որ հենց իշխանության ներկայացուցիչներն են արցախցիների նկատմամբ ատելության խոսք տարածում այսօր։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ