Լրահոս
Օրվա լրահոսը

«Որտեղ դիմում ենք՝ մեզ ասում են՝ մի հոգուց է կախված, մի հոգի է որոշողը»․ ՓՄՁ ներկայացուցիչները, Իրավաբանների եւ հաշվապահների ասոցիացիայի ներկայացուցիչները ցույց են անում կառավարության մոտ

Ապրիլ 14,2025 12:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
04:54
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Առաջին եռամսյակի արդյունքներով հարկային բեռը 60-70 տոկոսով ավելացել է․ այսօր կառավարության շենքի մոտ ցույցի դուրս եկած տնտեսվարողներն էին դժգոհում՝ կառավարության իրականացրած հարկային փոփոխություններից, ինչի արդյունքում հարկային բեռը մեծանում է՝ նեղ վիճակի մեջ դնելով փոքր եւ միջին ձեռնարկություններին։ Օրենքի փոփոխությունը վերաբերվում է շրջանառության հարկին․ այդ համակարգում գործող ձեռնարկատերերը 2025-ի հունվարից պետք է կրկնակի դրույքաչափով վճարեն։

Այսօր կառավարության շենքի մոտ էին նաեւ Հաշվապահների եւ իրավաբանների ասոցիացիաների ներկայացուցիչները․ նրանց պահանջն էլ նույնն է՝ կասեցնել կամ գոնե մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը հետաձգել վերջերս խորհրդարանում ընդունված օրենքի փոփոխությունները։

2300-ից ավելի նույնականացված ստորագրություններով պահանջագիրը ցուցարարներն այսօր փոխանցեցին ՀՀ կառավարություն։ Ցուցարարները սպառնում են՝ մինչ օրս չքաղաքականացվող իրենց պահանջները վերածել քաղաքական ցույցերի, քանի որ կառավարությունից խաբվել են։ Իրենց նախորդ ցույցից եւ էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպումից հետո իրենց խնդիրը լուծում չի ստացել։

Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի ղեկավար Հերմինե Թովմասյանը, լրագրողների հետ զրույցում մանրամասնեց․ «Ասոցիացիայի անդամ հաշվապահները հայտարարագրում են եկամուտները եւ հարկման ռեժիմի այս փոփոխությունը հանգեցնելու է գների բարձրացման»։ Ըստ նրա, հարկային այս փոփոխություններով նպաստավոր պայմաններ են ստեղծվում ստվերային գործունեություն ծավալող հաշվապահների համար, քանի որ նրանք ինչպես չեն հայտարարագրել եկամուտները, շարունակելու են չհայտարարագրել, մի մասն էլ ամբողջական ստվեր է գնալու․ «Բացի դա, տարվա կեսից հարկման ռեժիմի փոփոխությունը խնդիրներ է առաջացնելու՝ հաշվառման առումով․ հաշիվները ըստ տեսակարար կշռի պետք է բաշխվեն, ինչը տարակարծությունների տեղիք է տալու։ Հաշվապահական ծառայությունների թանկացումը մեծ բեռ է լինելու հատկապես փոքր եւ միջին բիզնեսի համար»։

Մանրամասները՝ տեսանյութում

Փետրվարի 27-ին կայացած նիստում կառավարությունը հայտարարեց «ժամանակավոր հետքայլի» մասին․ 2025-ի առաջին կեսին 5 տոկոսից ավելի վճարվելիք հարկը կվերադարձնեն բիզնեսին: «Շրջանառության հարկ վճարողները կկարողանան ցածր հարկային բեռի միջավայրում իրացնել նախկինում առանց փաստաթղթերի ձեռք բերված ապրանքները, և շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա փաստաթղթերով հիմնավորված ապրանքային մնացորդի մասով հարկից լրացուցիչ նվազեցում կատարելու հնարավորություն ստանան»,-կառավարության նիստի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Կառավարության աջակցման ծրագրերից ՓՄՁ-ների մոտ 90 տոկոսը չի օգտվում, բարդ գույքագրման եւ այլ խնդիրներ կան․ այսօր լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ՓՄՁ ասոցիացիայի ղեկավար Հակոբ Ավագյանը՝ հավելելով, որ այն խնդիրները որ կային, հիմնարար լուծում չեն ստացել, կառավարության առաջարկը երկու եռամսյակի համար լուծում էր եւ միայն առեւտրով զբաղվողների մասով։ Բայց ԱԺ-ում ընդունված վերջին հարկային փոփոխություններով վատթարացրեց հաշվապահների եւ իրավաբանների վիճակը։

«Խնդիրն այն է, որ երկխոսություն չկա։ Կա մենախոսություն․ այն կողմից ասում են, որպես բարձրագույն ճշմարտություն՝ առանց իջնելու եւ իրական հատվածի հետ քննարկելու»,- ասաց Հակոբ Ավագյանը՝ հավելելով, որ կառավարության գործունեությունը տնտեսության պլանավորումը հակասություններով է տանում, քանի որ էկոնոմիկան հակասում է ֆիննախին, դրանք միասին հակասում են տարածքային կառավարմանը, նաեւ՝ սոցապ զարգացման խնդիր ունենք՝ աղքատության կրճատման։

«Ես հասկանում եմ, որ քաղաքական խոստումները այնքան բարձր են, որ հարկերն էլ են բարձրացվում, բայց էսպես չի լուծվում, սա լրիվ հակառակ էֆեկտն է ունենում»,-կարծում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

«Կառավարությունից ակնկալիքներ չունենք եւ միակ ճանապարհը մնում է վարչապետի հրաժարականը պահանջելը։ Եթե մեր կառավարությունը 7 տարի մնացել է նույն դասարանում, աբսուրդ է, որ չենք հեռացրել։ Ցանկացած դպրոցում, եթե աշակերտը երեք տարի մնում է նույն դասարանում, նրան դպրոցից հեռացնում են»,- դժգոհում են ցուցարարները։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Սուրմալու տոնավաճառից տնտեսվարող Իրինա Ասատրյանն էլ հայտարարում է՝ կասեցնում է գործունեությունը եւ պատրաստվում է հացադուլ հայտարարել, քանի որ համոզված է՝ ոչ մի գերատեսչության ղեկավար, ոչ մի բան չի անում հարցը լուծելու համար։ Ասում է՝ 18 տարի տարբեր խնդիրներ եղել են, բայց դրանք ինչ-որ կերպ լուծումներ են ստացել, հիմա՝ շիլաշփոթ է, հասկանալի չէ շատ բան, թե ինչպես պիտի անել։

«Որտեղ դիմում ենք՝ մեզ ասում են՝ մի հոգուց է կախված ամեն ինչը, մի հոգի է որոշողը․ պարոն Փաշինյան, դիմում եմ ձեզ։ Մի հոգին ամեն ինչից չի կարող հասկանալ, բա ինչի՞ համար են ձեր կողքի նախարարները, ինչի՞ են աշխատավարձ ստանում։ Ասում են՝ մի քաղաքականացրեք․ դուք եք տանում՝ ձեր տգետ որոշումներով»։

Մանրամասները՝ տեսանյութերում

Ցուցարարները սպառնում են այլեւս քաղաքական ակցիաներ իրականացնել։

2300 ստորագրություններով պահանջագիր-դիմումը ցուցարարները փոխանցեցին կառավարություն։ 7-10 օրվա ընթացքում կառավարությունից ակնկալում են դրական պատասխաններ՝ իրենց պահանջների բավարարմամբ, այլապես, կքննարկեն կառավարության շենքի մոտ նստացույց անելու հարցը։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930