Անաստաս Միկոյան 64 հասցեի 6 շենքերից բաղկացած համալիրի բնակիչները փակել էին Եղվարդի խճուղին։ Մինչ բողոքի ցույցը՝ նրանք գրությամբ տեղեկացրել էին, որ իրենց ձայնն են բարձրացնում ապօրինությունների, անարդարությունների, կառուցապատող – բանկ – քաղաքապետարան – դատարան հանցավոր սխեմաների, կոռուպցիայի, ամենաթողության եւ պետության՝ սեփական քաղաքացիների հանդեպ անտարբերության վերաբերյալ: Եղվարդի խճուղի էին ժամանել մեծ թվով ոստիկաններ:
Տեղում էր նաեւ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը: Նա ասաց, որ բոլորի նման կառուցապատողից տուժած քաղաքացի է, սակայն փողոց չի փակի եւ այլ միջոցներով կպայքարի. «Ես այսքան ժամանակ չեմ խառնվել, որովհետև կարող է մտածեին, ասեին՝ ինքը որպես պատգամավոր իր անձնական շահերն է ուզում լուծել: Հիմա ինձ զանգել են, ասել են՝ կարող եք երեքշաբթի օրը գաք փոխանցման ակտը ստորագրեք, ասել եմ՝ մի հատ փոխանցման ակտի թուղթը ուղարկեք՝ տեսնեմ: Փոխանցման ակտի թուղթը ուղարկել են, ինչը բոլորիս մոտ կա, տեսել եմ՝ մեջը հիմար պայմաններ են գրած ու իրենց ասել եմ՝ ձեր կառուցողին, տնօրենին, սեփականատիրոջը փոխանցեք, որ այս փոխանցման ակտը ոչ միայն ես չեմ ստորագրելու, այլև բնակիչներից որևէ մեկը դա չի ստորագրելու, որովհետև չի կարելի այդ միջոցով մարդկանց պայմաններ թելադրել:
Ոչ այս շենքի հետ ենք համաձայն, էդ որ գրել են «անկախ տեսանելիությունից», քիչ է մնում՝ գան մեր մեջքին էլ շենք սարքեն, ոչ այդ առանձնացված բանի հետ եմ համաձայն, ոչ էլ իրենք իրենց ասածները արել են: Ինձ ինչ մակետ ցույց են տվել առնելու ժամանակ, դա էլ պիտի անեն: Հիմա իրենք պետք է իրենց հավաքեն և անեն այն, ինչ խոստացել են, իսկ դրա համար պիտի կառավարության կողմից էլ ճնշում լինի»:
Կարդացեք նաև
Փոքրիկ վեճ ծագեց ճանապարհը փակած քաղաքացիների եւ աշխատանքի շտապող բժշկուհու միջեւ: Վերջինս խնդրում էր, որ բժիշկների առաջ ճանապարհը չփակեն, իսկ քաղաքացին ասում էր՝ եթե քո տունը ձեռքիցդ վերցնեն, ի՞նչ կլինի:
Ի վերջո, բժշկուհի նյարդերը տեղի տվեցին. «Հիվանդը վատ է, խնդրում եմ ձեզ մարդկայնորեն, միայն ինձ թողեք անցնեմ»: Բժշկուհուն թողեցին անցնի, ու որոշվեց, որեւէ այլ անձի չեն թողնելու:
Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակիչները պահանջում են նախագծային փաստաթղթերով հաստատված եւ իրենց գնման իրավունքներով սահմանված 3.37055 հա հողամասի նկատմամբ իրենց ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի ապահովում, այս հողամասից 0.4 հա մակերեսով հողամասի առանձնացման մասով իրավական գնահատական և գործարքի չեղարկում, բացառապես ՀՀ օրենսդրության պահանջներին եւ գնման պայմանագրերի կետերին համապատասխան սեփականության իրավունքի փոխանցում, 3-րդ անձանց իրավունքներից ազատ գույքի փոխանցում գնորդներին, գնման պայմանագրերով ձեռք բերված անշարժ գույքի համար գնորդների կողմից որևէ լրացուցիչ գումարներ վճարելու բացառման երաշխավորում գրավառու Ամիօբանկ ՓԲԸ-ի կողմից, անօրինական ճանապարհով կառուցապատող – նոտար հանցավոր գործողությունների արդյունքում կանխիկ եղանակով գնման իրավունք ձեռք բերած գնորդների համար արդարացի լուծում՝ առանց լրացուցիչ գումարներ պահանջելու սեփականության իրավունքի փոխանցում:
Նրանք ի թիվս այլնի, պահանջում են նաեւ շահագործման թույլտվության հետ կապված կիսատ աշխատանքների իրականացման և շահագործման թույլտվության տրամադրման հստակ երաշխիքներ՝ գնորդների համար առանց լրացուցիչ ֆինանսական բեռի առաջացման, հստակ և անաչառ հետաքննություն և իրավական գնահատական կատարված ապօրինությունների վերաբերյալ և օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների ձեռնարկում՝ ապօրինությունները կատարած անձանց նկատմամբ, հաստատված նախագծի` ապագայում որևէ էական փոփոխության բացառում, իրենց օրինակի հիման վրա այնպիսի իրավական և գերատեսչական ակտերի սահմանում, որոնց շնորհիվ կբացառվի համանման խնդիրների առաջացումը Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիների համար։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ