Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը նույն ապագան է պատկերացնում Հայաստանի Հանրապետության համար, ինչ արեց Արցախում. մենք պետք է տապալենք այդ ծրագիրը»

Ապրիլ 14,2025 13:30

«Առավոտի» զրուցակիցն է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, պատմաբան Գրիգորի Այվազյանը։

– Պարոն Այվազյան, Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանություն ցուցաբերել, ինքն է խախտում հարդադարը, բայց հայկական կողմին է մեղադրում, պահանջներ ու սպառնալիքներ է հնչեցում Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին։ Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում։

– Ադրբեջանը միայն սա չի անում, այլ նաեւ փորձում է ներհայաստանյան իրավիճակը լարել, ներքաղաքական լարվածություն, ներհայկական ատելություն տարածել Հայաստանում։ Մենք տեսնում ենք դրա բազմաթիվ դրսեւորումները՝ կլինեն դրանք սահմանին լարվածություն ստեղծելով հայ ժողովրդի հոգեբանության վրա ազդելը, թե այլ գործողություններ։ Օրինակ՝ օրերս ադրբեջանական ֆինանսավորմամբ Վատիկանում տեղի է ունեցել ընդգծված հակահայկական սադրանք՝ կապված այսպես կոչված՝ «աղվանական ժառանգության» հետ. Արցախի ժամանակավոր զավթված տարածքների հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայանցնում են իբրեւ թե «աղվանա-ադրբեջանական»։ Ըստ էության, Ադրբեջանը հետապնդում է հետեւյալ նպատակները՝ ապակայունացնել իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում, օգտվելով նաեւ տարածաշրջանային հնարավոր սրացումներից եւ անկայունությունից, նոր ռազմական ագրեսիա իրականացնել ՀՀ նկատմամբ՝ տիրանալով իրենց համար բաղձալի, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքին»։ Այդ ուղղությամբ իրենք ջանք ու եռանդ չեն խնայում, այդ ուղղությամբ իրենք աշխատում են։ Վերջերս Բաքվում կայացած միջոցառման ժամանակ Ադրբեջանի նախագահի շուրթերով կրկին հնչեցվել են այն իրագործելու պահանջներ՝ այսպես կոչված՝ «խաղաղության համաձայնագիրը» կնքելու համար։ Այնպես որ, իրավիճակը, ցավոք սրտի, կարելի է համարել բավականաչափ ոչ կայուն։

– Զուգահեռ Ալիեւը նաեւ հայտարարեց, թե «Հայաստանը փակում է իրենց մուտքը Նախիջեւան», եւ որ իրենք մտադիր են ճանապարհ կառուցել Իրանի տարածքով, որպեսզի կապ հաստատեն Նախիջեւանի հետ։ Այս հայտարարությունը միջազգային հանրությանը մոլորեցնելու համա՞ր է։

– Իրականում դա իրենց նպատակներից ուշադրությունը շեղելու փորձ է։ Ադրբեջանը բոլորովին մտադրություն չունի, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքին» այլընտրանք փնտրել։ Իրենք հավակնություններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների նկատմամբ եւ իրենց տարածքային նկրտումներն անգամ չեն թաքցնում։ Այդ երկրի բարձրագուն ղեկավարության շուրթերով, այսպես կոչված, «արեւմտյան Ադրբեջան» խոսույթի ներքո տարածքային պահանջներ են ներկայացվում ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերի եւ Արարատյան դաշտավայրի որոշ մասի նկատմամբ՝ ՀՀ-ին թողնելով ընդամենը Մոսկվայի ու Կարսի ապօրինի պայմանագրերով ամրագրված տարածքներից ավելի քիչ տարածք։

Այսինքն՝ եթե 1921 թվականի Կարսի ու Մոսկվայի անօրինական պայմանագրերով ՀՀ տարածքը մոտ 30 հազար քկմ էր, ապա Բաթումի ու Ալեքսանդրապոլի անօրինական պայմանագրերով հայկական տարածքը նշվում էր մոտավորապես 10 հազար քկմ։ Այսինքն՝ անգամ Մոսկվայի ու Կարսի ապօրինի պայմանագրերով սահմանված տարածքները նրանք չեն ճանաչում որպես Հայաստանի տարածք եւ փորձում են վերակենդանացնել Ալեքսանդրապոլի 1920 թվականի պայմանագիրը եւ Բաթումի 1918 թվականի անօրինական պայմանագրով գծված սահմանները։

Այնպես որ, այդ խոսակցությունները, թե իբր Ադրբեջանը դիտարկում է Իրանի հյուսիսային հատվածով այլընտրանքային ճանապարհ կառուցել, հերթական լկտի սուտն է։ Մենք գիտենք, որ Ադրբեջանը խորապես ներգրավված է հակաիրանյան կոալիցիայի եւ հնարավոր ռազմական գործողությունների մեջ։ Ադրբեջանը հերթական անգամ ուշադրություն է շեղում իրենց կողմից նախապատրաստվող հնարավոր ռազմական լուծման տարբերակից։ Ցավոք սրտի, ադրբեջանական ֆաշիստական ռեժիմն իր գոյության երկարակեցության միակ ճանապարհը տեսնում է Հայաստանի Հանրապետությանն աշխարհի բոլոր մեղքերում մեղավոր նշանակելու եւ սեփական բազմազգ ժողովրդի ուշադրությունն առկա խնդիրներից շղելու մեջ։ Մենք պետք է զգոնությունը չկորցնենք եւ չտրվենք ադրբեջանական սադրանքներին։

– Ի՞նչ պետք է անել, մենք տեսնում ենք, որ պետական մակարդակով հակազդեցություն չկա, ավելին, ՀՀ իշխանությունները գնում են Ադրբեջանի պահանջների կատարման ճանապարհով՝ հիմնավորելով, թե իրենց նպատակը խաղաղության հասնելն է։ Արցախցիներն են փորձում համախմբվել, իրենց իրավունքների հարցերը բարձրաձայնել, բայց իշխանության մակարդակով արցախցիների նկատմամբ ատելություն է տարածվում, նրանց մեղադրում են Հայաստանը կազմաքանդելու փորձերի մեջ։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։

– Անշուշտ, պետք է նախաձեռնողական քաղաքականություն իրականացնել՝ կլինի դա արտաքին քաղաքականության ոլորտում, թե քարոզչության ու պաշտպանական ոլորտում։ Ադրբեջանը չի զլանում անընդհատ օրակարգ բերել, այսպես կոչված, «արեւմտյան Ադրբեջան» խոսույթը՝ նկատի ունենալով ՀՀ ամբողջ տարածք ադրբեջանցի թուրքերի վերադարձի հարցը։ Իրականության մեջ դրանով հող է նախապատրաստում հնարավոր տարածքային զավթումների պարագայում հանրաքվե կազմակերպելու եւ ՀՀ որոշ տարածքներ Ադրբեջանի տարածքին կցելու համար։ Ինչ վերաբերում  է հակազդեցության հիմնական լծակին, դա համակողմանի աշխատանք է։ Առաջին հերթին Արցախից բռնի տեղահանվածների անվտանգ վերադարձի իրավունքը պաշտպանելն է, ադրբեջանահայ փախստականների հիմնահարցը եւս անընդհատ օրակարգի մեջ պետք է պահել, քանի որ այդ խնդիրներն ադրբեջանական քարոզչության ու արտաքին քաղաքականության աքիլլսեյան գարշապարն են հանդիսանում։ Եվ մենք իրավունք չունենք չօգտվել այդպիսի խաղաքարտերից։

Մեզ համար ամեն ինչ դեռ կորած չէ, Ադրբեջանը նույնպես կայուն իրավիճակում չի գտնվում։ Այնպես որ, եթե ճիշտ ջանքեր գործադրենք, մենք հնարավորություն ունենք եւ մեր շահերը պաշտպանել, եւ մեր դիրքերն ամրապնդել։ Բայց դրա համար մենք պետք է ոչ թե երկրի ներսում թշնամիներ փնտրենք, այլ հստակ գիտակցենք՝ քանի դեռ գոյություն ունի նացիստական ադրբեջանական ռեժիմը, մեր տարածաշրջանը եւ ՀՀ-ն մասնավորապես խաղաղություն երբեք չի տեսնի։ Սին պատրանքներով ապրելը ոչ միայն լուրջ չէ, այլ նաեւ վտանգավոր է։ Պետք է մենք ինքներս առերեսվենք այն իրականության հետ, որ գործող ադրբեջանական ռեժիմի հետեւողական ագրեսիվ քաղաքականության պարագայում մեր տարածաշրջանը հազիվ թե խաղաղ ժամանակներ տեսնի։ Մենք պետք է ըստ պատշաճի պատրաստվենք մարտահրավերներին։

Կարծում եմ՝ ՀՀ ազգային շահերից է բխում նաեւ Արցախի Հանրապետության հարցը ՀՀ արտաքին օրակարգի մեջ՝ որպես առաջնահերթություն պահելը։ Դա ոչ միայն հումանիտար հիմնախնդիր է, այլ նաեւ կիրառական քաղաքական նշանակություն ունի՝ ՀՀ ազգային եւ պետական, պաշտպանության շահերից եւ ՀՀ բնակչության անվտանգությունից ելնելով։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմը նույն ապագան է պատկերացնում Հայաստանի Հանրապետության համար, ինչ արեց Արցախում։ Այն է՝ թյուրքական աշխարհի ներսում ՀՀ-ն դիտարկվում է որպես կիսով չափ ադրբեջանա-թուրքական տանդեմից կախված մի միավորում, որը պետք է ամբողջական շրջափակման մեջ ընկնի։ Եվ իրենք դիտարկում են, որ ՀՀ բնակչությունը ՀՀ տարածքում պետք է արժանանա Արցախի բնակչության ճակատագրին։ Եթե մենք չենք ցանկանում ադրբեջանական հրեշավոր քաղաքականությանը նպաստել, ապա ջանք ու եռանդ չպետք է խնայենք, որպեսզի այդ ծրագիրը տապալվի։ Դա կախված է մեզանից, մենք պետք է իրականության մեջ գիտակցենք, որ վտանգն իրական է, եւ Ադրբեջանի համար հարմար ռազմաքաղաքական իրավիճակի ստեղծման դեպքում սահմանային լարվածությունը կարող է վերածվել ռազմական գործողությունների։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.04.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930