Ֆիրդուսիի իրավազրկված բնակիչը դիմել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին
Դիմում եմ Ձեզ՝ տեղեկացնելու ՀՀ պետական մարմինների (քաղաքապետարանի եւ կադաստրի կոմիտեի) կողմից մորս՝ քաղ. Վարյա Սաֆարյանի (հասցեի սեփականատիրոջ) սեփականության իրավունքի խախտման մասին, որը տեղի է ունեցել 2007 թ.-ին Երեւանի քաղաքապետարանի հանձնառությամբ։
Խնդրի նկարագրությունը
2007թ.-ին ՀՀ կառավարությունը հ.108-Ն որոշմամբ Ֆիրդուսի 33 թաղամասը ճանաչել է հանրային գերակա շահ, որի կատարման համար սահմանված 7 տարվա ժամկետն ավարտվել է, եւ այդ ընթացքում թաղամասում կառուցապատում չի իրականացվել։
Կարդացեք նաև
Թաղամասում 2007թ.-ին իրականացվել է թաղամասի բնակիչների սեփականության իրավունքների վերականգնման գործընթացը՝ համաձայն Եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածի պահանջի։
Նշված գործընթացում հասցեիս ցանկապատված (չգրանցված) 59 քմ եւ 244.44 քմ տարածքների նկատմամբ քաղ. Վ. Սաֆարյանի սեփականության իրավունքը վերականգնելու հարցը մերժվել է քաղաքապետարանի կեղծիքներով կազմված գրություններով, որով իրավազրկել են քաղ. Վ. Սաֆարյանին։ Կատարվածի համար որեւէ պաշտոնատար անձ պատասխանատվության չի ենթարկվել։ Գրություններում նշված է կեղծիք հանդիսացող գույքաթերթի մասին տեղեկատվություն, որով թույլ է տրվել քրեորեն պատժելի արարք՝ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի։
Կատարվածի համար որեւէ պաշտոնատար անձ չի կրել պատասխանատվություն։
Կատարվածի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված բողոքներս թողնվել են անհետեւանք։
Հայտնում եմ, որ հասցեիս կադաստրային գործի հիմք է հանդիսանում 1928թ. գույքաթերթը, իսկ հասցեիս կադաստրային գործի 1954թ. «Անկետա»-ում նշված է. «սեփականության փաստաթղթեր-գույքաթերթ – հատակագիծ»։
Քաղ. Վ. Սաֆարյանին հասցեագրված կադաստրի կոմիտեի նախագահի 16.06.2017 թ. գրությամբ նշված է. «20.02.1928 թ. տրված գույքաթերթում բացակայում է հողամասի հատակագիծը, մակերեսը, գծային չափերը եւ չի կարող հիմք հանդիսանալ Ձեր անվամբ կատարված վերոգրյալ պետական գրանցումները փոխելու կամ հողամասի տվյալներում ուղղումներ կատարելու համար»։ Սույն պատասխանով թույլ չի տրվել բացահայտել կեղծիքներով կատարված հանցագործությունը, որով կրճատվել է քաղ. Վ. Սաֆարյանի տնատիրության զբաղեցրած տարածքը՝ 59 քմ եւ 244.44 քմ չափով։
Երեւանի քաղաքային խորհրդի 16.05.1937թ. հ.10 արձանագրությամբ եւ սահմանակից հասցեներիս հատակագծերով հաստատված է, որ հասցեիս տնատիրության հողամասի սահմանների փոփոխություն տեղի չի ունեցել։
Վերը նշված փաստերի առկայությունը թույլ է տալիս լուծելու հասցեիս ցանկապատված եւ չգրանցված 59 քմ եւ 244.44 քմ տարածքների պետական գրանցման հարցը (որի համար հիմք է հանդիսանում 1928 թ. գույքաթերթը)` որպես պետության կոնվենցիոն պարտավորություն։
Հայտնում եմ, որ անհետեւանք է թողնվել վարչապետ պրն. Ն. Փաշինյանին հասցեագրված բողոքներս եւ «Առավոտ» օրաթերթով կատարված հրապարակումներս։
Անտեսվել է քաղաքապետարանում Վարչապետի աշխատակազմի Հ.14/14.13/2597-2020 հանձնարարականը, համաձայն որի՝ քաղաքապետարանում պետք է կատարվեր քննարկում չգրանցված տարածքներիս հարցերով։
Թաղամասում «գերակա շահի» անվան տակ 2023 թ.-ին ծավալվել են շինարարական աշխատանքներ, որի հետ կապված քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետի որոշմամբ գողացել է հասցեիս 59 քմ ցանկապատված չգրանցված տարածքս, որի մասին «Առավոտ» օրաթերթով հայտնել եմ վարչապետին՝ կանխելու համար ապօրինությունը։
ՀՀ ՄԻՊ-ը, գլխավոր դատախազը, Երեւանի քաղաքապետը համատեղ լծված պաշտպանում են իշխանական կոռուպցիոն շահերը։
Կոռուպցիոն շահերի պաշտպանության համար անտեսվում է հասցեիս վերաբերյալ ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի գործով կայացված 21.01.2016 թ. վճռի կատարումը։
Կատարվածը թաղամասի կեղծ «գերակա շահի» չարաշահո՞ւմ է, թե՞ արդարադատության մերժում։
Վարչապետ Փաշինյանը արդարության մասին խոստումներով 2018 թ.-ին խոստանում էր մենակ չթողնել բնակիչներին։ Խաբեց պրն. Փաշինյանը։
Հասցեիս հետ կատարվածը չունի արդարացում։ Հասցեիս հետ կատարվածը ցինիզմի դրսեւորում է։
Պահանջում եմ ստեղծել հատուկ հանձնաժողով՝ քաղ. Վ. Սաֆարյանի կրած նյութական եւ բարոյական վնասների հատուցման համար եւ կիրառել պատժամիջոցներ, եթե ի շահ իշխանական կոռուպցիոն շահերի թույլ տրված խախտումները շարունակվեն։
Խնդրում եմ քայլեր ձեռնարկել սույն «Բողոքով» եւ նախորդ 13.02.2025թ. դիմումով:
Անահիտ ՍԱՖԱՐՅԱՆ
ՀՀ/ԱՄՆ քաղաքացի
Հասցե՝ Հայաստան, Երեւան,
Ֆիրդուսի 33 թաղամաս, Հանրապետության նրբ. 8ա
«Առավոտ» օրաթերթ
12.04.2025