Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին նախարարի գրավի չափն ավելի քիչ է

Ապրիլ 14,2025 12:30

2020 թվականի նոյեմբերի 26-ից ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ի պաշտոնե պատասխանատու լինելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության խնդիրների ու գործառույթների, այդ թվում՝ մրցակցային պայմանների բարելավման, գործարար միջավայրի բարելավման եւ ձեռնարկատիրության խթանման, կայուն տնտեսական զարգացման ու տնտեսական մրցակցության բարձրացման, ներդրումային բարենպաստ միջավայրի ապահովման, հանրային ներդրումների արդյունավետության բարձրացման համար, իրավասու լինելով կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով, ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ իրեն ենթակա պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իր իշխանական եւ ծառայողական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունը ծառայեցրել է ի վնաս պետական եւ ծառայողական շահերի, կատարել է այնպիսի արարք, որը չի բխել իր լիազորություններից եւ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել կազմակերպության իրավունքներին եւ օրինական շահերին, ինչպես նաեւ պետության օրինական շահերին:

Նրա հետ մեղադրյալի աթոռին եւս մեկը կա՝ Աշոտ Հովհաննիսյանը, ով հանդիսանալով «Սիներջի ինթերնեշնըլ սիսթեմզ» բաժնետիրական ընկերության մասնաճյուղի տնօրենների խորհրդի նախագահ, ըստ մեղադրանքի, «ցանկանալով ապահովել նշված ընկերության անխոչընդոտ հաղթանակը», ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար 2022 թվականի հոկտեմբերին հայտարարված «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման ծառայությունների ձեռքբերման» գնման գործընթացում, ընկերության աշխատակիցների հետ դրդել եւ օժանդակել է պաշտոնատար անձանց՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, նախարարի տեղակալ Անի Իսպիրյանին (Ալեն Սիմոնյանի եղբոր կինը), ով հանդիսացել է նաեւ նշված ծառայության ձեռքբերման նպատակով ստեղծված գնահատող հանձնաժողովի նախագահը, նույն հանձնաժողովի անդամներ` Նախարարության իրավաբանական վարչության խորհրդական Աշոտ Սողոմոնյանին նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, անցնել իրենց ծառայողական լիազորությունները, ինչպես նաեւ իրենց լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել ի վնաս պետական եւ ծառայողական շահերի՝ այն ծառայեցնելով իր օգտին ապօրինի գործողություններ կատարելուն, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել «Հարմոնի» տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կրթության գարգացման հիմնադրամի իրավունքներին եւ օրինական շահերին, ինչպես նաեւ պետության օրինական շահերին:

Գործը հակակոռուպցիոն դատարանում (դատավոր՝ Մերի Մոսինյան) է 2024 թվականի հուլիսի 17-ից: Հանրային մեղադրողն է ՀՀ գլխավոր դատախազության սահմանադրական կարգի, պետական եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Գեւորգ Սարգսյանը:

Նախկին նախարարի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը, իսկ Հովհաննիսյանի նկատմամբ՝ 8 միլիոն գրավը:

Այս տարվա անդրանիկ նիստը՝ հունվարի 23-ին չի կայացել հանրային մեղադրողի վատառողջ լինելու պատճառով, միայն փետրվարին 3 նիստ է կայացել՝ փետրվարի 4-ին, 8-ին, 27-ին, մարտին՝ 5:

Ապրիլի 4-ին եւ 10-ին դարձյալ նիստերը կայացել են:

Ապրիլի 10-ին Հակակոռուպցիոն դատարանը որոշել է փոխել էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի խափանման միջոց բացակայելու արգելքը։ Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 18-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.04.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930