Լրահոս
Օրվա լրահոսը

«Անաստաս Միկոյան. Իլյիչից մինչեւ Իլյիչ»  փաստագրական դրաման հասանելի է հայերեն

Ապրիլ 14,2025 12:00

Գրքի շնորհանդեսի առիթով Ստաս Նամինը Երեւան կժամանի

Հայերեն է հրատարակվել Ստաս Նամինի եւ Անդրեյ Ռուբանովի  «Անաստաս Միկոյան. Իլյիչից մինչեւ Իլյիչ»  փաստագրական դրաման: Կոմպոզիտոր, գեղանկարիչ, ռեժիսոր Ստաս Նամինն այն նվիրել է պապին՝ խորհրդային պետական ու քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանին: Այս գիրքը մի քանի անգամ հրատարակվել է Մոսկվայում, հայերեն թարգմանությունն իրականացրել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը։ Գրքի երեւանյան շնորհանդեսը նախատեսվում է անցկացնել ապրիլի 30-ին: Այդ առիթով երեւան կժամանի նաեւ Ստաս Նամինը:

Քարտեզագետ, լուսանկարիչ եւ նկարիչ, բազմաթիվ արժեքավոր գիրք-ալբոմների հեղինակ, Նահապետ հրատարակչության հիմնադիր Սեն Հովհաննիսյանը, որ կազմել եւ հրատարակել է այս գիրք-ալբոմը, առաջաբանում գրել է. «Անաստաս Միկոյանը աշխարհ էր եկել որպես եզակի պետական գործիչ, հանճարեղ դիվանագետ, կազմակերպիչ, մտածող իր բազմազանությամբ եւ ամբողջականությամբ, որի անվան հետ է կապված մի ամբողջ գերպետության՝ ԽՍՀՄ-ի դարաշրջանի մեծագույն մասը, որտեղ ունեցավ իր բացառիկ տեղը եւ դիրքը: Նա այն պետական քաղաքական գործիչներից էր, ում գործունեության եւ հետաքրքրությունների ոլորտը միանգամից անհնար է թվել եւ ներկայացնել: Այդ ամենը ամփոփվել է  Ս. Նամինի եւ Ա. Ռուբանովի «Անաստաս Միկոյան. Իլյիչից մինչեւ Իլյիչ» կենսագրության փաստագրական վերականգնումը գրքում»:

Սեն Հովհաննիսյանի ձեւակերպմամբ, Նամինի եւ Ռուբանովի գիրքը մեծ ներդրում է ԽՍՀՄ-ի դիվանագիտության պատմության մեջ. «Հայաստանի դիվանագետների համար, Ա. Միկոյանի բանակցություններ վարելու արվեստը համաշխարհային քաղաքական զարգացումների ենթատեքստում մեծագույն արժեք է։ Միայն այն փաստը, որ կարողացավ Միկոյանը լուծել Կարիբյան ճգնաժամի խնդիրը 1960-ական թվականների սկզբին Խորհրդային Միության եւ ԱՄՆ-ի միջեւ, դա համաշխարհային նվաճում էր: Միկոյանը կարողացավ գտնել քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական առճակատումը կանխելու խաղաղ լուծումը, ճգնաժամ, որը կարող էր հանգեցնել գլոբալ միջուկային պատերազմի։

Անաստաս Հովհաննեսի Միկոյանի մասին լավագույնս է բնութագրել ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը (1988-1990 թվականներին եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, 1990 թվականի փետրվար-հուլիսին եղել է ՀՀ ԳԽ փոխնախագահ) «Հաշվետու եմ …» գրքում. «…մեր պատմագիրների պարտքն է, քանի դեռ դա չի դարձել անվերականգնելի անցյալ, հստակություն մտցնել «Միկոյան» ֆենոմենի հարցում…»:

Պատրաստեց

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել է Սեն Հովհաննիսյանը:

«Առավոտ» օրաթերթ
12.04.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930