Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյան․ Ասել, որ ստացվեց առաջընթաց գրանցել, այս հարցում համոզել միմյանց փոխել դիրքորոշումներ, կլինի մեծ չափազանցություն․ ՍիվիլՆեթ

Ապրիլ 13,2025 16:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 11-13-ին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել ՍիվիլՆեթի թղթակից Արշալույս Մղդեսյանին, խոսել Թուրքիայի և Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ շփումների և այլ հարցերի մասին։ Նախարարի հետ հարցուպատասխանը՝ ստորև։

– Մինչև Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպումը՝ Դուք հանդիպեցիք Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին: Սա երկու նախարարների առաջին հանդիպումն էր խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո: Քննարկե՞լ եք արդյոք պայմանագրի ստորագրման հարցը:

– Իսկապես, սա առաջին հանդիպումն էր մեր հայտարարությունից հետո, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է: Հասկանալիորեն մենք քննարկել ենք այդ հարցը: Մեծ հաշվով, երկու երկրների դիրքորոշումները հանրային են: Այստեղ գաղտնիք և նորություն չկա: Մեր մոտեցումն այն է, որ չկա և չի կարող լինել այնպիսի պայմանագիր, որը կհասցեագրի բոլոր հնարավոր հացերը: Խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի ստորագրումը, վավերացումն ու ուժի մեջ մտնելը հարաբերությունների ընդհանուր կարգավորման ու կառուցման միայն սկիզբն է լինելու: Մանավանդ, որ այդ պայմանագրում մենք ունենք կետ, համաձայն որի՝ պետք է ստեղծվի երկկողմ հանձնաժողով պայմնագրի իրականացումը մշտադիտարկելու, խնդիրները մեկնաբանելու, լուծումներ գտնելու համար։ Իսկ խնդիրներ, վստահաբար, կծագեն: Որոշակի շրջան կպահանջվի համատեղ աշխատելու, որպեսզի բոլոր լուծումները գտնվեն: Ուստի մեր մոտեցումը սա է` անմիջապես ձեռնամուխ լինել ստորագրմանն ու վավերացմանը, և հետո ընթացքում փորձել լուծել մնացած հարցերը:

Հայտնի է, որ Ադրբեջանն իր դիրքորոշումն ունի այս հարցում: Նրանք, մասնավորապես, երկու նախապայման են նշել` ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի սահմանադրության փոփոխություն: Մինսկի խմբի լուծարման հետ կապված մեր դիրքորոշումը պարզ է: Մենք կարծում ենք, որ այն պահին, երբ հակամարտությունը դադարի գոյություն ունենալ նաև փաստաթղթով, իսկ դա կարող է լինել պայմանագրի ստորագրմամբ, այդ պահից սկսած կոնֆլիկտի համար ստեղծված Մինսկի խումբն այլևս կարիք չի ունենա շարունակել իր գոյությունը: Մենք պատրաստ ենք միաժամանակ այդ երկու գործողությունն իրականացնել: Այն է` ստորագրել պայմանագիրն ու միասին հանդես գալ նախաձեռնությամբ՝ դադարեցնելու Մինսկի խմբի գործունեությունը` դիմելով ԵԱՀԿ մյուս գործընկերներին, քարտուղարությանը և անդամ երկրներին:

Սահմանադրության հարցով ևս մենք մեր դիրքորոշումը բազմիցս նշել ենք: Նախ, մենք համոզված ենք, որ մեր Սահմանադրության մեջ չկա այդպիսի խնդիր [տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ – խմբ.], ավելին` Ադրբեջանի սահմանադրության մեջ կա խնդիր: Այն է` հղում իրենց անկախության ակտին, որը պարունակում է տարածքային հավակնություն Հայաստանի նկատմամբ: Բացի այդ, պետք է նշել, որ հարցը լուծվում է բուն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ: Պայմանագրով ճանաչում ենք միմայնց տարածքային ամբողջականությունն այն սահմաններով, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին:

Վավերացման գործընթացում մենք դիմելու ենք մեր Սահմանադրական դատարանին, և եթե Սահմանադրական դատարանը գտնի, որ այս պայմանագիրը համապատասխանում է Սահմանադրությանը, կստացվի, որ հարցը լուծված է: Եթե տեսականորեն Սահմանադրական դատարանը այլ բան գտնի, դա կլինի այլ իրավիճակ, կնստենք, կհասկանանք` ինչպես շարունակել:

Իհարկե, ես չեմ կարող որոշել Սահմանադրական դատարանի փոխարեն, բայց ես կարող եմ ենթադրել, որ Սահմանադրական դատարանի որոշումը կլինի դրական՝ ելնելով նրա այն որոշումից, որը կայացվեց նախորդ տարվա սեպտեմբերին համանաման փաստաթղթի քննարկման ժամանակ: Այն ժամանակ Սահմանադրական դատարանը դրական եզրակացություն տվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգին, որն ըստ էության ուներ նման բովանդակություն: Այնտեղ ևս նշվում է, որ սահմանզատում պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, իսկ այդ հռչակագիրն ասում է այն, ինչ ես քիչ առաջ ասացի պայմանագրի համատեքստում: Այն է` երկու երկրների տարածքային ամբողջականությունը ճանաչվում է այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին: Ելնելով սրանից՝ կարծում եմ, որ այս անգամ ևս Սահմանադրական դատարանի որոշումը պետք է որ դրական լինի: Կրկնում եմ, եթե լինի այլ դիրքորոշում ու եզրակացություն, կլինի այլ իրավիճակ:

Սա է հիմնականը: Ասել, որ ստացվեց առաջընթաց գրանցել, այս հարցում համոզել միմյանց փոխել դիրքորոշումներ, կլինի մեծ չափազանցություն: Բայց կարծում եմ, որ խոսակցությունը պետք է շարունակել: Բանակցությունները պետք է շարունակվեն այնքան, մինչև դրական լուծումներ գտնվեն: Բանակցությունների դադարումը չի կարող որևէ դրական ազդեցություն ունենալ ընդհանուր կարգավորման գործընթացի, էլ չասած` Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վրա:

– Այսինքն` դեռ չկա՞ քիչ թե շատ հստակ պատկերացում, թե երբ կարող է ստորագրվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագիրը:

– Մենք պատրաստ ենք դա անել ամենամոտ ապագայում: Այդպիսի պատրաստակամություն Ադրբեջանից չի հնչում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930