Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդիրը դեսպանատները չեն, խնդիրը Հայաստանի իշխանության մեջ է, որովհետեւ 070 կոդի հարցը առաջ են քաշել հենց ՀՀ իշխանությունները»․ ինչո՞ւ արցախցի երեխաներին վիզա չեն տրամադրել

Ապրիլ 13,2025 14:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունգարիայում մայիսի 1-3-ն ացկացվելու է Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը, որին պետք է մասնակցեին նաեւ Արցախի «Վերադարձ» կիոկուշին կարատեի ֆեդերացիայի սաները, սակայն Հայաստանում Լիտվայի դեսպանատունը վիզա չի տրամադրել «070» կոդով անձնագրեր ունեցող արցախցի երեխաներին։ Այս մասին ահազանգում է Արցախի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր Արմեն Պետրոսյանը։

«Առավոտի» հետ զրույցում Արմեն Պետրոսյանն ասաց․ «Մեզ Լիտվայի դեսպանատնից պարզաբանել են, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված ինչ-որ փաստաթուղթ կա, որի հիման վրա 070 կոդով անձնագրով անձինք չեն կարող մեկնել ու մասնակցել։ Ես հասկացա, որ խնդիրը դեսպանատների մեջ չէ, խնդիրը հենց Հայաստանի իշխանության մեջ է, որովհետեւ, ըստ դեսպանատան, 070 կոդի հարցը առաջ են քաշել հենց Հայաստանի իշխանությունները։ Մինչեւ այդ այդ խնդիրը չկար, մենք՝ սկսած 2007 թվականից, ամեն տարի մասնակցել ենք տարբեր տեսակի առաջնությունների»։

Արմեն Պետրոսյանն ասաց, որ նույն երեխան, որը «070» կոդով անձնագրով նախկինում կարողացել է մեկնել Եվրոպա, մասնակցել մրցումներին ու մրցանակով հետ է եկել, այսօր նրան ասում են՝ դու չես կարող ճամփորդել, պետք է ՀՀ քաղաքացիություն ընդունես։ «Հիմա հարց է առաջանում՝ այն ժամանակ ո՞նց էր ստացվում գնալը, հիմա չի ստացվում։ Կամ ինչո՞ւ են Հայաստանի իշխանություններն այդքան շահագրգռված, որ արցախցիներն ընդունեն Հայաստանի քաղաքացիություն։ Արցախցի ծնողները մտածում են, որ այս քայլերով Հայաստանի իշխանություններն ուզում են մեզ կտրել Արցախից, դրա համար 070 կոդի գործոնն սկսել են օգտագործել»,- հավելեց նա։

Արցախի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի սաները, Պետրոսյանի խոսքով, պարբերաբար մասնակցում են Հայաստանում կազմակերպվող տարբեր մրցույթների՝ ունենալով նաեւ հաջողություններ։ Հաջողություններ գրանցած մարզիկներն ընդգրկվում են Հայաստանի հավաքական թիմերի մեջ, որպեսզի հետագայում միջազգային տարբեր առաջնությունների եւս մասնակցեն։ «Բայց ստացվում է, որ մենք մեր երեխաներին կոտրում ենք՝ երեխան ուրախանում է, որ ինքը գնալու է Եվրոպայի առաջնությանը մասնակցելու, միգուցե մրցանակային տեղ զբաղեցնի, բայց մենք իրեն կոտրում ենք, ասում ենք՝ դու չես գնում, եւ այդ երեխան սպորտից դուրս է գալիս։ Այդ երեխան իրեն համարում է երկրորդ կարգի մարդ, բայց ես հակառակը, իմ երեխաներին քարոզում եմ՝ դուք ոչ թե երկրորդ կարգի մարդիկ եք, դուք մարդկային ռասայի բարձրագույն տեսակն եք, որովհետեւ դուք արցախցի եք։ Սրանից տուժում է նաեւ Հայաստանի մարզաշխարհը, որովհետեւ կորցնում է պոտենցիալ չեմպիոնի։ Այն, որ արցախցի երեխաները կարողանում են միջազգային  հարթակներում դրսեւորվել, դա փաստ է։ Մեր ֆեդերացիան այն ֆեդերացիան է, որն ունի աշխարհի քառակի չեմպիոն։ Այսինքն՝ նման արհեստական խոչընդոտները վնասում են մեր երեխաների մարզական կարիերային»,- հավելեց նա։

Արմեն Պետրոսյանն ասաց, որ այս հարցով ինքը դիմել է արտգործնախարարություն, իրեն պատասխանել են, որ միայն Ֆրանսիայի դեսպանատունն է վիզաներ տրամադրում «070» անձնագրով անձանց։ «Ես ասացի՝ իրենք անգամ այդ կոդերի մասին տեղյակ էլ չէին, այդ կոդերը դուք եք մտցրել շրջանառության մեջ։ Այդ ո՞նց է ստացվում, որ մենք տարիներ շարունակ Իսպանիայում, Պորտուգալիայում, Բուլղարիայում, Գերմանիայում եւ այլ եվրոպական երկրներում մասնակցել ենք մրցումների, եւ ոչ ոք մեր առաջ նման խնդիր չի դրել։ Մի՞թե չի կարելի պետության մակարդակով այդ հարցը լուծել, որ գոնե մարզական եւ մշակութային ծրագրերում ընդգրկվող Արցախից տեղահանված երեխաների անձնագրի կոդը խոչընդոտ չդառնա»,- նշեց նա։ Պետրոսյանն ասաց, որ այս հարցով ինքը պարբերաբար պահանջներ է ներկայացնելու կառավարությանը, ոչ թե խնդրելու է, որովհետեւ այս իշխանության պատճառով են արցախցիները բռնի տեղահանվել։

Ապրիլի 27-ին տեղի է ունենալու Կիոկուշին կարատեի Հայաստանի առաջնությունը, որին արցախցի երեխաները եւս մասնակցելու են՝ իրենց թիկունքին կրելով 070 կոդը՝ ցույց տալու բոլորին, որ անկախ ամեն ինչից իրենք չեն կոտրվում, շարունակում են մարզումները։ «Իրենց հագուստի թիկունքում փակցվելու է 070 կոդը, իրենք այդ թվով էլ մասնակցելու են առաջնությանը։ Դա նաեւ ակցիա է, որ մենք կմասնակցենք, Հայաստանում չեմպիոն կդառնանք, թող մեզ չտանեն Եվրոպա։ Բայց ես որեւէ երեխայի չեմ ստիպելու, որ ինչ-որ մեկի փառասիրությունը հագեցնելու համար իրենք գնան ու ՀՀ քաղաքացիություն ընդունեն։ Առանց քաղաքացիություն ընդունելու էլ մենք ՀՀ քաղաքացի ենք։ Այդ ո՞նց է, 30 տարի այդ հարցով խնդիր չենք ունեցել, հիմա ասում եք՝ ձեր կոդը խնդիր է։ Ես վստահ եմ, որ խնդիրը ոչ թե տվյալ երկրների մեջ է, այլ հենց Հայաստանի իշխանությունների մեջ է»,- ընդգծեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարները՝ Արմեն Պետրոսյանի Ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930