Լրահոս
Օրվա լրահոսը

Թղթե տնակ՝ ճոճվող նավակում․ «Հայացք Երևանից»

Ապրիլ 13,2025 10:40

ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանի համար, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Նա իշխանազրկվեց, իսկ ավելի ճիշտ՝ մանդատը վայր դրեց ավելի վաղ, քան կանխատեսել կամ բերանից թռցրել էր գինովցած վիճակում՝ Գյումրիում: Լրագրողների հետ լեզվակռվի ընթացքում Գաբրիելյանն ասել էր. «2026-ին իշխանությունը փոխվելու ա, խի՞ եմ ես մանդատս վայր դնում»: Ըստ ամենայնի, Փաշինյանը նրան հենց այս խոսքերի համար չներեց, եւ նախօրեին նա ներողություն խնդրեց հայհոյանքի համար ու հայտարարեց մանդատը վայր դնելու մասին:

Իհարկե, դժվար է միանշանակ ասել՝ նա սեփական կամքո՞վ է դա անում, թե՞, այնուամենայնիվ, Փաշինյանից ստացած գիշերային SMS-ի պահանջով: Չէ՞ որ նա ՔՊ-ում միակ օդիոզ դեմքը չէ, որը տեսախցիկների առջեւ սկանդալի մեջ էր հայտնվել ու պատգամավորին ոչ հարիր վարքագիծ դրսեւորել: Իշխող քաղաքական ուժի շարքերում այդպիսիք շատ են՝ Անդրանիկ Քոչարյանից մինչեւ Քրիստինե Պողոսյան, Ալեն Սիմոնյան ու Հակոբ Արշակյան… այս ցանկն ամբողջական չէ, բայց չներվեց սոսկ Գաբրիելյանի արարքը, որովհետեւ հանդգնել էր կասկածի տակ դնել Փաշինյանի վերարտադրվելու հնարավորությունը:

Մի կողմ թողնենք միջադեպն ու Վիլեն Գաբրիելյանին, կենտրոնանանք 2026-ի ու ՔՊ-ի՝ եթե ոչ իսպառ մաշված, ապա մաշվելուն մոտ հեղինակությանն ու ռեսուրսի խնդրին: Այդ ուժն ու նրա առաջնորդն անձամբ այլեւս սպառված են, եւ հերթական անգամ ՏԻՄ ընտրությունների արդյունքներն են դա արձանագրում: Այդ փաստը, վստահաբար, ՔՊ-ում էլ են գիտակցում, գիտակցում է նաեւ Փաշինյանը: Իսկ վերլուծաբաններն արդեն կանխատեսում են, որ ՔՊ-ն 2026-ին չի կարողանալու վերարտադրվել: Նախ ֆիքսենք, որ «Նիկոլ» եւ «ՔՊ» երեւույթները նույնական չեն: Պայմանական 2026 թվականին ՔՊ-ն ու Նիկոլը տարբեր ելքեր կարող են ունենալ:

ՔՊ ասված մարդկանց մեծ մասը 2018-ին list.am-ով հավաքագրված մարդիկ էին՝ որոշակի սկզբունքներից ելնելով. չէին ընդունում մեր 30 տարվա արցախյան պայքարը, կեղծ պացիֆիզմով էին վարակված՝ Ժիրայր Լիպարիտյանի, պայմանականորեն ասած, քաղաքական դպրոցի հետեւորդներ, ուղղակի ու անուղղակի արտասահմանյան պրոֆիլային ծառայությունների ազդեցության գործակալներ, հայկական հատուկ ծառայությունների գործակալներ, սոցիալական ռեւանշով տոգորված գործազուրկ երիտասարդներ՝ լյումպեն զանգված, նախկին իշխանությունից վտարված անձինք, բախտախնդիր լրագրողներ, հանրային ակտիվիստներ:

Սա էր ՔՊ-ական ասվածի հիմնական սոցիալական բազան: Նման զանգվածը չի կարող պետականություն ու պետական ինստիտուտներ կերտել, եւ նրանք լքելու են քաղաքականության թատերաբեմը: Մեծ հաշվով՝ դրանք խոպանչիներ են, բախտի պահը որսացողներ: Նրանք լքելու են քաղաքական թատերաբեմը, եւ իրենք դա լավ են հասկանում: Թե հետագայում նրանցից ով կպատժվի, ով կկարողանա խուսափել պատժից, արդեն անհատական հարց է: «Նիկոլ» երեւույթն այդ պատժից չի խուսափի՝ դա արդեն առանձին խոսակցություն է: Ինչ վերաբերում է վերջերս շատ օգտագործվող «ռեսուրս» հասկացությանը, ապա դա կարելի է դասել արհեստածին եզրույթների շարքը:

Իրականում հանրությունը վատ է պատկերացնում ՔՊ-ական պատգամավորների ամենօրյա հույզերն ու վախերը: Իբրեւ պատգամավորներ՝ նրանք պատասխանատվություն են կրում վերջին 7 տարիների ճակատագրական դժբախտությունների համար եւ ամեն օր այդ մասին են մտածում: Ու որքան մոտենում է 2026 թվականը՝ այնքան վախերն ու խուճապն ավելի են ուժեղանում: ՔՊ-ական գինովցած պատգամավորի խոսքերն ուղղակի այդ հույզերն են արտահայտել: Նրա փոխարեն նման խոսքեր կարող էր ասել ցանկացած ՔՊ-ական պատգամավոր: Նման թիմը չի կարող լինել մարտունակ, չի կարող պայքարել վաղվա օրվա համար, դա թիմ չէ, դա թղթե տնակ է՝ ճոճվող նավակում:

Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930