Լրահոս
Օրվա լրահոսը

Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի քառակի չեմպիոն

Ապրիլ 12,2025 22:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սլովակիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը կարիերայում չորրորդ անգամ արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում 3։1 հաշվով վստահ առավելության հասնելով վրացի Ռամազ Զոյձեի նկատմամբ։

Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ ժամանակից շուտ 9:0 հաշվով առավելության էր հասել աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն, լեհ Մատեուշ Բենրատեկի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Ամոյանը 7:2 հաշվով հաղթել էր մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյին, իսկ կիսաեզրափակչում 5։1 հաշվով ուժեղ էր գտնվել Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանից:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը դարձել է ԵԱ-ի արծաթե մեդալակիր՝ եզրափակչում համառ պայքարում զիջելով Թուրքիայի ներկայացուցիչ Կերեմ Քամալին։ Կարեն Ասլանյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 30 վայրկյանում 8:0 հաշվով առավելության էր հասել Լեհաստանի ներկայացուցիչ Մայրբեկ Սալիմովի նկատմամբ: Կիսաեզրափակչում արդեն հայ ըմբիշը դարձյալ ժամանակից շուտ 8։0 հաշվով հաղթել էր ուկրաինացի Անդրեյ Սեմենչուկին։

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը պարտվել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում։ Վճռորոշ գոտեմարտում Խաչատրյանը 1։3 հաշվով զիջել է վրացի Վախթանգ Լոլուային։

Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար։ 97 կգ քաշայինների կիսաեզրափակչում Ալեքսանյանը համառ պայքարում 1։2 հաշվով ցավալի պարտություն է կրել աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, բուլղարացի Կիրիլ Միլովից։ Ալեքսանյանը պայքաը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 5:1 հաշվով առավելության էր հասել էստոնացի Ռիչարդ Կարելսոնի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 5:2 հաշվով հաղթել էր վրացի Նիկոլոս Կախելաշվիլիին, որը ներկայացրել է Իտալիան:

ՀՀ ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930