«Երբ լսում ենք նախարար Միրզոյանին, իհարկե, նրա հայտարարությունները բոլորը լավն են, նախարար Միրզոյանը լավ հայտարարություններ է անում, բայց կան ավելի կարևոր հարցեր»,-Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակում անցկացված «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի դիտարկումներին։
Ադրբեջանի ԱԳ նախարարը թվարկեց «Հարավային գազային միջանցք» (SGC) նախագիծը, որի նպատակն է Կասպից ծովից Եվրոպա տեղափոխել բնական գազը՝ շրջանցելով Ռուսաստանը, Իրանի հետ համագործակցության փաստաթղթի ստորագրումը, որը նպաստելու է Հյուսիս-Հարավ միջանցքի արագ ավարտին ու ասաց․ «Ադրբեջանն արդեն 12 երկրի է մատակարարում գազ, որից 10-ը եվրոպական երկրներ են։ Հայաստանն իր վարած քաղաքականության պատճառով դուրս է մնացել այս բոլոր նախագծերից, քանի որ մեր երկրի տարածքներն օկուպացրած երկիրը չէր կարող այս նախագծերում ներառվել։ Հիմա հակամարտությունն ավարտվել է, մենք հույս ունենք, որ գործընթացն ավարտին կհասցվի պատշաճ ձևով և կունենա իրավական արդյունք և ձևակերպում»։
Կրկին հղում կատարելով Արարատ Միրզոյանի հայտարարություններին՝ Ջեյհուն Բայրամովն ասաց․ «Նախարար Միրզոյանն իրականում լավ հայտարարություններ է անում։ Նա հղում կատարեց ՀՀ ՍԴ-ի վերջին որոշմանը, իր հայտարարություններում մի քանի անգամ հղում կատարեց մի քանի 100 տարի առաջվան։ Ես հարյուրամյակներին հղում չեմ անի։ Ես մի քանի հղում կանեմ 2020-ի նոյեմբերին։ Նախարար Միրզոյանը չի նշում, որ երբ մենք խոսում ենք ՀՀ Սահմանադրության մեջ տարածքային պահանջի կարևորության մասին, սա հիպոթետիկ բան չէ։ Այս նարատիվների հիման վրա 2020-ի նոյեմբերից հետո ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կան բազում միջազգային վեճեր միջազգային ատյաններում, ինչով հարցականի տակ է դրվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նախարար Միրզոյանը նշեց վերջին առաջարկների մասին՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին։ Մի քանի փաստ եմ ուզում նշել։ Մեր միջև հաղորդակցությունների բացումը Ադրբեջանի առաջարկով է ներառվել 2020-ի նոյեմբերի եռակողմ հայտարարության մեջ։
Կարդացեք նաև
Այնտեղ կա ընդհանուր դրույթ երկու երկրների միջև հաղորդակցությունների ապաշրջափակման մասին և կա հատուկ հղում Ադրբեջանի արևմտյան սահմաններից անխափան մուտքի մասին դեպի Նախիջևանի ինքնավար հանրապետություն։ Ադրբեջանում երկրի երկու մասեր բաժանված են իրարից։ Պատճառը Հայաստանի 40 կմ տարածքն է։ Այդ երկաթուղային ճանապարհը գոյություն ուներ ԽՍՀՄ-ի ժամանակ, դա Ադրբեջանի երկաթուղային համակարգի մի մաս էր, քանի որ այն շատ կարճ հատված էր։ Բանակցությունների ժամանակ 2021-ի հունվարին, 2023-ին մենք բազում առաջարկներ ենք արել այս իրավիճակը լուծելու համար։ Մենք համաձայնել ենք բաժանել մայրուղու հատվածը երկաթուղուց, բայց մենք ամեն անգամ ՀՀ-ի կողմից տեսնում ենք առաջարկներ, որը մեր տեսանկյունից կայունությունն է կասկածի տակ դնում։ Մենք չենք ուզում հայտնվել մի իրավիճակում, երբ մենք պայմանավորվենք մի բանի շուրջ և մեկ-երկու տարուց ՀՀ-ում լինեն իրավական կամ իշխանության փոփոխություններ, և մենք նույն իրավիճակում հայտնվենք, ինչ հակամարտության սկզբում, երբ Նախիջևանը դարձավ այս իրավիճակի պատանդ։ Սա մեզ համար կարևոր է։ Պետք է լինեն բոլոր երաշխավորությունները, որ այս իրավիճակը կախված չի լինի ՀՀ-ում քաղաքական փոփոխություններից»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ