Ապրիլի 12-ին Թուրքիայում անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Ինչպես հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների դաշնակցային փոխգործակցության և ռազմավարական գործընկերության ամրապնդմանն ուղղված գործնական քայլերը, համատեղ միջոցառումների ժամանակացույցը, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը Մոսկվայում անցկացվելիք Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսություններին։
Նախարարները կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական թեմաների շուրջ։ Ընդգծվել է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում համագործակցությունը շարունակելու կարևորությունը, ինչպես նաև «Կասպյան հնգյակի» աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը։
Ռուսական կողմը հաստատել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի ստորագրմանը նպաստելու պատրաստակամությունը։ Ընդգծվել է 2020-2022 թթ. Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրագործման անհրաժեշտությունը։