«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի»՝ այսօր կազմակերպած քննարկմանը իրավաբան սահմանադրագետ, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր տնօրեն Գոհար Մելոյանը նշեց, որ առաջին անգամ չէ՝ արցախցիների մտահոգությունները կիսում է. «Բայց այսօրվա դրությամբ մենք առերեսվել ենք մի իրավիճակի, երբ արցախցի մեր քույրերն ու եղբայրները առավել խոցելի վիճակում են թե հոգեւոր հարթության մեջ, թե առավել եւս այսօրվա սոցիալ-տնտեսական վիճակներում: Դա մեր համընդհանուր ողբերգությունն ու խայտառակությունն է, որ մենք պետության մակարդակով չենք կարողանում այդ սոցիալական երաշխիքներին ապավեն լինել:
Ես առաջարկ ունեմ հենց իրավական հարթության շրջանակում: Ի սկզբանե, երբ այդ ողբերգական պատմական դրվագը տեղի ունեցավ, Արցախը բռնի զավթվեց եւ մեր հայրենակիցները բռնի տեղահանվեցին Արցախից եւ հայտնվեցին Հայաստանում, մենք ունեինք իրավական մոտեցման խնդիր: Ու առաջին հերթին նման իրավիճակի չհանգրվանելու ապավենը պետական միասնական մոտեցումների առկայությունն էր, որը մենք՝ քաղաքացիներս, պարտավոր էինք թելադրել օրվա քաղաքական իշխանությանը: Սակայն իշխանությունը գնաց իրեն հարիր ճանապարհով եւ մարդկանց երկակի ընտրությունների առջեւ դրեց: Դա կառավարության հայտնի խայտառակ որոշումն էր: Ես այդ ժամանակ հնարավորություն ունեցել էի արցախցիներին հանդիպելու: Առաջարկում էի միասնական մոտեցում որդեգրել:
Այստեղ մենք երկրորդ խնդրին ենք առերեսվում: Ինչքան էլ լավ առաջարկներ ենք ներկայացնում, մարդիկ ունենում են սոցիալական խնդիրներ: Ու դա մարդուն այդ պահի դրությամբ հրահրում է թեկուզ ոչ իր իրավունքներից բխող որոշման ուղիով գնալ: Այդ իրավիճակում պետք է հասկանանք. ինչքան էլ ավելի վեհ, հեռանկարային գաղափարներ կան, որով առաջ գնալը հետագայում այդ մարդու, նրա երեխաների շահերի տեսանկյունից ավելի նպաստավոր կլինի, մարդը օրհասական առօրյա հացի խնդրի հետ է առերեսվում:
Իմ առաջարկը հետեւյալն է, որ մենք պետք է գիտակցենք որպես ձեր նախաձեռնած շարժման հիմքեր, որ օրվա իշխանությունը չի կարող մատ թափ տալ մեր ազգի վրա: Մենք բոլորս հայ ենք, մենք այս երկրում ապրող քաղաքացիներ ու անձինք ենք: Ու նաեւ պետք է գիտակցենք, որ մենք ենք պատվիրակել այս անձանց, անկախ նրանից, թե ով է իրենց ընտրել, իրականացնելու իշխանություն: Իրենք լիազորված ժամանակավոր մարմիններ են. օղակ են, որոնք ունեն պետական լծակներ:
Կարդացեք նաև
Իրենք 2021 թվականին գալով իշխանության, կրկին վերընտրվելով՝ ունեն կառավարության 2021/2026 թվականների գործողությունների ծրագիր: Կառավարության ծրագիրը պայմանագիր է քաղաքացու եւ իշխանության միջեւ, ինչը նաեւ իշխանության գործողությունների ծրագիր է, որի խոստմամբ ինքը սահմանափակված է: Ինքը ծրագրում ամպագոռգոռ դրույթ ունի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին նվիրված, դրույթներ ունի, որ պարտավորվում է առաջնորդվել արցախցու իրավունքներով ու շահերով, պարտավորվում է ապահովել Արցախի կարգավիճակի վերջնական լուծումը: Ու դա պատկերացնում է Մինսկի համախմբի նախագահության ղեկավարմամբ: Այս բոլոր խոստումները կառավարությունը ոչ միայն կյանքի չի կոչել, այլեւ ձախողել է: Բավական չի՝ ձախողեց Արցախի հիմնահարցի խնդիրը, այլեւ հիմա մենք կանգնել ենք մեզ համար նվաստացուցիչ իրավիճակի առջեւ, որ այսօրվա կառավարությունը, ըստ էության, շանտաժի տարրերով հրաժարվում է արցախցիների սոցիալական ապահովման պարտավորվածությունից:
Մենք այստեղ չպետք է «նվաստի» կարգավիճակով հանդես գանք: Ու սա միայն արցախցու հարցը չէ: Սա բոլորիս հարցն է: Մեր սահմանադրությունը կառավարության ծրագրի չհաստատումը Ազգային ժողովի լուծարման հիմք է նախատեսում՝ դրանով կարեւորելով կառավարության ծրագիրը պետության հիմնահարցերում: Մենք այսօր հասել ենք մի հանգրվանի, որ կառավարությունը այդ կարեւոր փաստաթուղթը կյանքի չի կոչել ու ձախողել է: Իրենք արդեն ունեն խնդիր քաղաքացու հետ փոխհարաբերություններում, ըստ էության, խախտել են քաղաքացու հետ պայմանագիրը:
Մենք որպես քաղաքացիական հասարակություն պետք է մեկտեղվենք, այս խնդիրը բոլորինս դարձրած՝ պահանջատեր լինենք: Իրենք պարտավոր են առնվազն մեր գերիների վերադարձը դարձնել պետության առաջնահերթություններից մեկը: Իսկ մենք տեսնում ենք, որ անգամ Ռուբեն Վարդանյանի փաստաբանը, որը հմուտ մասնագետ է այդ բնագավառում, ուղղակիորեն ասում է, որ նախադեպը չի տեսել, որ պետությունը այս աստիճանի չի համագործակցում գերու վերադարձի հարցերով: Մենք ունենք նաեւ մի իրավիճակ, որը եւս ձախողման համապարփակ նկարագրություններից է, թե ինչպես կարող է մի իշխանություն «խաղաղության պայմանագիր» երաշխավորել բնակչության համար, երբ մյուս կողմի հետ բանակցային պրոցեսում անգամ գերիների վերադարձ չի կարողանում ապահովել:
Այս հարցերը պետք է ունենան կարճաժամկետ եւ երկարաժամկետ գործողությունների տեսքով ռազմավարական մոտեցումներ: Եվ կրկին ընդգծում եմ. այս իրավիճակում դուք պահանջատիրոջ դիրքերից պետք է հանդես գաք, մենք էլ աջակցենք ձեզ, որովհետեւ ձեզ խոսք է տրվել այն, ինչ պետք է լիներ, ու ձախողել են»,-ասաց սահմանադրագետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ