«Մեր տեսլականը մենք բազմիցս ներկայացրել ենք։ Միակ փաստաթուղթը, որով կարող են պաշտպանվել ԼՂ ժողովրդի, արցախահայության շահերը, նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է»,- Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ Ազատության հրապարակում հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։
Հիշեցմանը՝ արցախցիները վերադարձի հարց են բարձրացնում, բայց այսօրվա ՀՀ իշխանություններն ասում են, որ իրենց օրակարգում Արցախի հետ կապված հարց չկա և հարցին՝ սա նոր մոտեցո՞ւմ է, թե՝ երբ հատուկ հանձնարարություններով դեսպան էիք, այդ ժամանակ ձևավորված էր այդ մոտեցումը, Էդմոն Մարուքյանը պատասխանեց․ «Այդ մոտեցումը ձևավորվել է Արցախի էթնիկ զտումից հետո։ Գրանադայի հայտարարության մեջ ՀՀ-ն հասել էր նրան, որ այնտեղ կետ կար, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի վերադառնալու։ Պետք է ԼՂ արժանապատիվ վերադարձ ապահովվի իրենց տները։ Այդ մոտեցումները մի քանի ամիս մնացել են, հետո արդեն Ադրբեջանը պահանջում էր, որ ՀՀ-ն Արցախի հիմնախնդիր չբարձրացնի, Արցախի վերաբերյալ որևէ հարց չբարձրացնի, և ՀՀ-ն չի բարձրացնում։ Ակնկալիքն այն է եղել, որ նրանք էլ հայելային ձևով չեն բարձրացնում Արևմտյան Ադրբեջանի խոսույթը։ Ինչպես տեսնում եք, Չմիավորման կազմակերպության պառլամենտական ցանցում բանաձև էր ընդունվել, որ Արևմտյան Ադրբեջանի ժողովուրդն արժանապատիվ վերադարձի իրավունք ունի։ Ադրբեջանն իր թեզերը շարունակում է առաջ մղել, ՀՀ-ն ինքն իր շահերը պաշտպանելուց հրաժարվում է։ Արցախահայության խնդիրը մեր շահերը պաշտպանելու մասին է, ՀՀ-ի շահերը պաշտպանելու մասին է։ Միակ ճանապարհը նոյեմբերի 9-ի փաստաթղթին վերադառնալն է, այդ ձևաչափով նստել բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ Ադրբեջանը շարունակում է պահանջել, որ ՀՀ-ն պարտք ունի տալու, մինչդեռ ՀՀ-ն Ադրբեջանի պարտքերից չի խոսում։ Հետևաբար մնալու ենք միակ պարտք ունեցողը, որովհետև դու չես ասում, որ դիմացինդ անելիք ունի, չի անում, և հետևաբար կամ դրա դիմաց այդ փաստաթուղթը պիտի հռչակվի առոչինչ, կամ դրա դիմաց Արցախի ժողովուրդը պետք է գնա ԼՂ։ Դե, կարող են՝ թող ապահովեն, թող ռուսական զորքերը մտնեն ԼՂ տարածք, թող Լաչինի միջանցքը բացվի և սկսի՝ որպես միջանցք գործել։ Եթե չեն կարողանում ապահովել, ուրեմն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պետք է եռակողմ ֆորմատում հռչակվի առոչինչ, որը չի արվում»։
Հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում Արցախ վերադարձը, Էդմոն Մարուքյանը պատասխանեց․ «Նոյեմբերի 9-ի փաստաթղթով»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ