«Հայ հասարակությունը ՀՀ կառավարությունից ամեն օր լսում է խաղաղության օրակարգի մասին հավաստիացումներ, թշնամության էջի փակման մասին հավաստիացումներ, միևնույն ժամանակ նա լսում է սպառնալիքներ ուժի կիրառման մասին, տարածքային ամբողջականության չճանաչման մասին հայտարարություններ Ադրբեջանի կողմից։ Այդ սպառնալիքն օդում կախված է»,- Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակում անցկացված «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա հավաստիացրեց՝ ՀՀ-ում ամենաբարձր մակարդակով խոսվում է խաղաղության օրակարգի մասին, խոսվում է նաև խորհրդարանական մակարդակում․ «Հայ հասարակությունը զգում է վտանգ։ Նա անվտանգության առումով խոցելի է․ տնտեսապես խոցելի է փակ սահմանների պատճառով։ ՀՀ կառավարությունից հնչում են խաղաղության օրակարգի մասին հավաստիացումներ, սահմանների բացման, թշնամության էջի փակման մասին պատրաստակամություն։ Բայց մենք բոլորս գիտենք՝ վերքերը դեռ թարմ են։ Մեզ համար, մեր ադրբեջանցի, մեր վրացի գործընկերների համար կա ընտրություն՝ սպասել ևս մի քանի հարյուր տարի՞, թե՝ սկսել գործընթացն այժմ՝ աղյուս առ աղյուս կառուցել խաղաղություն տարածաշրջանում, հաստատել էներգետիկ համագործակցություն, տարանցիկ նախագծերի շուրջ համագործակցել»։
Ի պատասխան հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղված հարցին՝ Արարատ Միրզոյանը նշեց․ «Մենք առաջարկել ենք ադրբեջանցի գործընկերներին հաղորդակցություն, որի համաձայն իրենք հասանելիություն են ունենում մեր երկաթուղային համակարգ, մենք՝ իրենց։ Հարավային Հայաստանում կա 45 կիլոմետր, որն ամենակարճ ճանապարհն է Ադրբեջանի երկու հատվածները կապելու համար։ Կարող ենք սկաներներ տեղադրել, որոնք կարող են հսկողություն իրականացնել և այլն։ Սակայն դրական պատասխան չենք ստացել»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ