ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի ֆեյսբուքյան գրառումը
Ապրիլի 11-ին այցելել եմ Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոց և դասախոսությամբ հանդես եկել բարձր դասարանների աշակերտների համար։
Այցն իրականացվել է ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկման և մարդու իրավունքների կրթության գործառույթների համատեքստում։
Շեշտել եմ դպրոցականների հետ այս ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝ որպես մարդու իրավունքների կրթության ամրապնդման արդյունավետ միջոց։
«Կրթությունն ինձ համար մարդու իրավունքների պաշտպանության, համերաշխ և հանդուրժող միջավայրի ձևավորման համատեքստում ունի առաջնային կարևորություն։ Այսօրվա քաղաքակիրթ աշխարհում անհնար է պատկերացնել մարդու իրավունքների պաշտպանության համակարգը առանց կրթական պատշաճ միջավայրի»։
Կարդացեք նաև
Աշակերտներին ներկայացրել եմ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ուղղությունները, լիազորությունների շրջանակը, խոսել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ Անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանին կից երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը։
Հանդիպումը կրել է հարց ու պատասխանի ձևաչափ՝ ընդգրկելով մի շարք կարևոր թեմաներ, այդ թվում՝ իրավահավասարություն, խտրականության բացառում, կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն։
Քննարկվել են նաև բուլինգի, դրա բացասական հետևանքների ու կանխարգելման միջոցների հետ կապված հարցեր։
Ամփոփելով խոսքս՝ կարևորել եմ յուրաքանչյուրիս ջանքերի համատեղումը սեփական միջավայրում որևէ դրական փոփոխության իրականացնելու, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրները հաղթահարելու նպատակով:
Այցի ավարտին շրջել եմ դպրոցում՝ տեղում ծանոթանալով ուսումնական հաստատության պայմաններին, դպրոցական առօրյային և զրույցներ եմ ունեցել դպրոցի տնօրինության և անձնակազմի, ինչպես նաև աշակերտների հետ։