Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք էլ ունենք Ադրբեջանի Սահմանադրության հետ կապված պահանջ․ եկեք բառախաղով չզբաղվենք»․ Միրզոյան-Բայրամով բանավեճ՝ Անթալիայում

Ապրիլ 12,2025 15:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Անթալիայում ընթացող դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում անցկացվող «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով քննարկման ժամանակ բանավեճ ծավալվեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Արարատ Միրզոյանը հայտարարեց․ «Պաշտոնապես ասում եմ՝ ՀՀ Սահմանադրությունը հանրային փաստաթուղթ է․ կարող եք ստուգել։ ՀՀ Սահմանադրությունում ոչինչ մի բան չկա, որտեղ ասվում է, որ Ղարաբաղը Հայաստան է։ Հակառակը, մենք ունենք մտահոգություններ Ադրբեջանի Սահմանադրության հետ կապված։ Բայց ինչո՞ւ դա շարունակաբար չենք բարձրացնում, որովհետև հենց այդ նույն խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում կա կետ, որի համաձայն՝ ոչ մի կողմը չի կարող հղում կատարել մյուս երկրի ներքին օրենսդրությանը՝ դրանով փորձելով արդարացնել համաձայնագրի ստորագրման ձախողումը»։

Ջեյհուն Բայրամովն արձագանքեց․ «Նախարար Միրզոյանն ասում է, որ ՀՀ-ի Սահմանադրության մեջ հղում չկա Ադրբեջանի տարածքին, բայց ես ուզում եմ ասել՝ եկեք բառախաղ չանենք։ ՀՀ Սահմանադրության մեջ հղում է կատարվում Անկախության հռչակագրին, որտեղ կա հղում Ադրբեջանի դե ֆակտո և դե յուրե տարածքի՝ Հայաստանի հետ վերամիավորման մասին։ Մի շարք նորմատիվ ակտեր և որոշումներ են սրա վրա հիմնված՝ տանելով նույն նարատիվը։ Իրականության մեջ խաղաղության պայմանագիրը բազմաթիվ հարցերի է անդրադառնում, բայց կապ չունի՝ ինչ ես ներառում խաղաղության համաձայնագրում, խաղաղության համաձայնագիրը՝ որպես միջազգային պարտավորություն գերակշռություն կունենա ներպետական օրենսդրության վրա, բայց ոչ Սահմանադրության վրա, կամ այլ ակտի վրա, որը հանրաքվեով է ընդունված։ Եթե մենք միայն խաղաղության համաձայնագրի վրա կենտրոնանանք առանց Սահմանադրության հարցի լուծման, սա նշանակում է, որ առաջին իսկ օրվանից խաղաղության համաձայնագիրը կլինի զրոյական,կլինի հակասության մեջ երկրի թիվ մեկ օրենսդրական փաստաթղթի հետ»։

Արարատ Միրզոյանի՝ Ադրբեջանի Սահմանադրության հետ կապված հայկական կողմի մտահոգությունների առիթով էլ ասաց․ «Դա իրականությանը չի համապատասխանում։ Ադրբեջանի սահմանադրությունը չի պարունակում որևէ աշխարհագրական անուն կամ տարածք ներկայիս Հայաստանի Հանրապետության, և կարծում եմ՝ հայկական կողմը դրանից տեղյակ է, հակառակ դեպքում նրանք անպայման այս հարցը կբարձրացնեին։ Մենք չենք կարող միջազգային համաձայնագրերի կողմ դառնալ, եթե դա պիտի հակասի երկրի Սահմանադրությանը։ Չեմ հավատում, որ մեր հայ գործընկերները անկեղծորեն հավատում են, որ Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջ Հայաստանի հետ կապված և միևնույն ժամանակ նրանք երբեք սա չեն բարձրացրել նախկինում։ Սա տարօրինակ է, քանի որ եթե դու կարծում ես, որ նման խնդիր կա, ուրեմն դու ձևացնում ես, թե խաղաղության համաձայնագիր ես ստորագրում։ Ոչ մի միջազգային համաձայնագիր չի կարող լուծել այն խնդիրը, որը կա Սահմանադրության հետ կապված»։ Ջեյհուն Բայրամովը նշեց՝ Հայաստանի Սահմանադրության հետ կապված հարցը Ադրբեջանի տեսակետից նոր նախապայման չէ, մենք երկու տարվա ընթացքում սա բարձրացնում ենք։

Արարատ Միրզոյանն ի պատասխան ասաց՝ միայն մեկ մարմին գոյություն ունի, որ կարող է ՀՀ Սահմանադրության հետ կապված որոշում կայացնել․ ՀՀ ՍԴ-ն է ու նշեց․ «Իրավական առումով, իհարկե, մեր Սահմանադրության նախաբանում կա հղում Անկախության հռչակագրին, բայց իրավական առումով Անկախության հռչակագրի միայն այն կետերն ունեն իրավական կարևորություն և իմպերատիվ են, որոնք մեջբերված են ՀՀ Սահմանադրության մեջ։ Այն նախադասությունը, որի մասին մեր ադրբեջանական գործընկերները մտահոգություն ունեն, ՀՀ Սահմանադրության մեջ մեջբերված չէ։ Ուղղակի ընդհանուր հղում է կատարվում Անկախության հռչակագրին։ Իրավական տեսանկյունից միայն մեկ մարմին ունի ՀՀ Սահմանադրությանը միջամտելու իրավունք, և դա ՀՀ ՍԴ-ն է։ Նախորդ սեպտեմբեր ՀՀ ՍԴ-ն տվեց եզրահանգում Սահմանազատման հանձնաժողովի հետ կապված, որտեղ նշված է, որ սահմանազատումը տեղի է ունենում Ալմաթիի հռչակագրի հիման վրա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930